Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/199

Այս էջը սրբագրված է

40 Քո նավը ջարդվեց, և ալիք ծովի
Իսկույն լռեցան, այլ չե՛ն կատաղում:
Ահա՛ նենգավոր նախանձի ոգին,
Մի դժոխային ծիծաղ երեսին,
Նայում է վերադ, և փլատակներ
45 Տխուր պատկերով հառաջ են գալի.
Հրո՛վ ու սրո՛վ ածել է ավեր,
Եվ ոչինչ չկա, որ նորից շարժվի,
Եվ Հայի կյանքի մեծամեծ շինված,
Որպես անապա՛տ անշքեղացած։

V


50 Սևարյուն հետքով ամենայն մի քար
Նշանակված է. տատասկով, փշով
Ծածկած պալատներ, ապարանք, տաճար...
Անգամ շները կատաղի հաչով
Չեն խանգարելու նինջ քո ծանրագին.
55 Մնա՞ց քո մեջ գեշ, որ լափլիզեին։
Ո՜հ, թե ձեր սիրտը խիստ տաղտկացած է
Մեծ աշխարհային գործավոր կյանքից,
Եկե՛ք Հայաստան, նա ձեզ կսփոփե,
Թեպետև ձեր մեջ մի ծանրը թախիծ
60 Պիտո է եռա, թեև, ո՛վ օտար,
Պիտ գոչես. «Ո՛վ ազգ, դու ինչպե՞ս ընկար»։

VI


Դու տեսանո՞ւմ ես քո տխուր վիճակ,
Դառն արտասուքի արժանի զավակ.
Դառն արտասո՛ւքի... չարագույժ
65 Անգղ գիշատիչ քո ջուխտակ աչեր
Սրածայր ճանկով շուտով կփորեն
Եվ տարածելով հաղթական թևեր՝
Հիշատակիդ հետքն անգամ կտանեն։