Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/24

Այս էջը սրբագրված է

ԻՄ ՎԻՃԱԿԸ
(Նվեր վեցերորդ դասատան աշակերտներին)



Չորս պատի մեջ փակված եմ ես
       Ամբողջ տարին, պարոններ,
Գլուխս ծռած, լռիկ և հեզ
       Անկած եմ այստեղ անտեր:
5 Անկած եմ ես անհայր, անմայր, անծանոթ,
       Աստվա՜ծ, ծագի՜ր ինձ նոր, պայծառ առավոտ։
Քեզ ի՞նչ անեմ, ա՜հ, իմ բախտիկ,
       Ընչո՞ւ համար վճռեցիր
Ինձ այսպիսի դառն վիճակիկ,
       10 Կյանք և օրեր տրտմալիր։
Անկած եմ ես անհայր, անմայր, անծանոթ,
       Աստվա՜ծ, ծագի՜ր ինձ նոր, պայծառ առավոտ:
Ահա՛ Զատիկ, բոլորեքյանք
       Ձեռն-ձեռն բռնած, անխափան,
15 «Եկե՛ք, եղբա՛րք, եկե՛ք գնանք»,—
       Ասեն միմյանց և գնան։
Ահա՛ Ծնունդ, Բարեկենդան,
       Ողջ ընկերներս զարգացած,
Վազում են տուն, վարդանման,
       20 Ուրախ, շքեղ, զվարթացած։
Անկած եմ ես անհայր, անմայր, անծանոթ,
       Աստվա՜ծ, ծագի՜ր ինձ նոր, պայծառ առավոտ: