Ալեկոծվում են իմ սրտի վերա.
Ո՜հ, ի՜նչ դառն վիճակ, ի՛նչ տխուր ժամեր,
Անիծյա՛լ լինիր, մարդի՛կ անզգա։
65
Ո՞ւր որդիական արտասուք ու սեր,
Ո՞ւր ցավակցության դառն հառաչանքներ.
Մի՞թե ձեր խեղճ մոր գերության շղթան
Զգալի չէ ձեզ, որդի՛ք չարության։
Ա՜խ, եթե, Հայ ազգ, մի օր կամ մի ժամ
70
Աստված պարգևեր քեզ միտք խելարի,
Դու կտեսնեիր, որքա՜ն անզգամ
Մարդիկ կան քո մեջ անկյա՛նք, անհոգի՛։
Դու կտեսնեիր, որ քո չորս կողմում
Օձեր են բնակվում, դահի՛ճք կորստյան,
75
Որ անխիղճ որդիքդ արյունդ են ծծում,
Մահ քեզ խնդրելով, անբախտ Հայաստան։
Նյութապաշտությունն մահու կապանքով
Խեղդել է դոցա ծանըր լծի տակ.
Ձեռներն ու ոտներ պինդ կաշկանդելով՝
80
Վարում է անգյուտ կորստի հատակ։
Ոսկի ու արծաթ, արծաթ ու ոսկի՝
Ահա մտածմունք քո ընտրյալների.
Սոքա են նոցա էության կենդրոն,
Կյանքի նպատակ, Աստված ու Կրոն։
85
Ո՜վ ազատություն, սուրբ աքսորական,
Զոհելու եմ քեզ իմ անձս հավիտյան։
Թո՛ղ ստրկացած դարերով մարդիկ
Դնեն իմ վերա նզովքի կնիք։
Թո՛ղ սրե չար լեզուն անզոր թշնամին,
90
Թափելով վերաս թունավոր սլաքներ.
Ես պիտի խնդրեմ, ա՛զգ իմ, լալագին,
Ոտնակոխ՛ եղած քո իրավունքներ։
Ոչ ոք չէ՛ կարող հոգուս նպատակ
Ճնշել, խորտակել բռնության զենքով.
95
Ոչ սո՛ւր, ոչ արյո՛ւն, ոչ բա՛նտ, ոչ կայծա՛կ,
Ոչ նո՛ւյնիսկ գեհեն մշտավառ բոցով։