Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/361

Այս էջը սրբագրված է

կեր, 1947, էջ 226—227)։ Այդ անախրոնիզմը հիմա էլ դժվար է բացատրել։

Ժամանակի հետադեմ մտավորականության ներկայացուցիչներից ոմանց պոեմը համարել են պարսավանք ազգի հասցեին, նաև՝ իրավամբ գտել են նրանում Միք. Նալբանդյանի առաջավոր գաղափարների ազդեցությունը, մի հանգամանք, որ հիմք է տվել ժամանակակիցներին «Լևոնի վիշտը» համարել «Նալբանդյանի վիշտը» և հյուսել են մի ավանդություն, թե Նալբանդյանը բանտում կարդալով պոեմը, բացականչել է՝ «Լևոնի վիշտը իմ վիշտն է»։ «...Նալբանդյանը ակամա պրկված լինելով յուր սիրած գրական-հրապարակախոսական ասպարեզից՝ հեռո՜ւ, օտար մի վայրումդ կարդալով «Լևոնի վիշտը» հառաչանքով ասաց՝ «Լևոնի վիշտը»—իմ վիշտս է...», — գրել է Ալ. Ծատուրյանը (տե՛ս «Սմբատ Շահազիզյանի երեսնամյա հոբելյանը», Մ., 1894, էջ 6)։

Ս. Շահազիզի հակառակորդները միայն գաղափարական պայքարով չեն բավարարվում, նրանք դիմում են նաև ստոր մատնության՝ լրտեսադիր ուղարկելով ցարական կառավարության ներքին գործոց մինիստր Վալուևին։ «Այս օրերս լույս տեսավ Մոսկվայում՝ գաղտնի՝ հայերեն լեզվով մի գրքույկ, որի վրա ուզում եմ հրավիրել Ձերդ բարձր գերազանցության ուշադրությունը, — ասված է լրտեսագրում։ — Այդ գրքույկի խորագիրն է «Լևոնի վիշտը» ժամանակակից վեպք, շարադրություն Ս. Շահազիզյանի, տպարան Լազարյան ճեմարանի (Մամոնտով)։

Այս գրքույկի մասին գովասանական կարծիք հայտնեց Ս. Նազարյանցն իր «Հյուսիսափայլ» ամսագրի մեջ, № 12։ Հայ ժամանակակից լրագրության գաղտնիքներին ծանոթ մարդուն հայտնի է, թե ինչ նշանակություն ունի «Հյուսիսափայլի» գովասանական կարծիքը։ Այդ ամսագրի հետևորդները քաղաքական հանցավոր, Պետրոպավլովսկ բերդում նստած Նալբանդովի հետևորդներն են։ «Լևոնի վիշտը» գրքույկը կամ, ըստ ուրիշների, միևնույն է, թե «Նալբանդովի վիշտը», պարունակում է իր մեջ շատ բան, որ չպետք է թույլատրված լիներ տպագրության գրաքննչության կողմից։ Նա պարունակում է իր մեջ. 1. հակակառավարչական արտահայտություններ, որոնց մեջ օրինակ բերված լինելով իտալացիները, Գարիբալդին և լեհացիները, խորհուրդ է տրվում հայերին՝ ջանք գործ դնել, ձեռք բերելու լիակատար ազատության ստրկությունից, քանի որ առանց այդպիսի առատության, հեղինակի ասելով, հայերը չպիտի կարողանան բարվոքել իրենց վիճակը. 2. պարունակում է իր մեջ արտահայտություններ կրոնի և եկեղեցու դավանության դեմ, արտահայտություններ, որոնց մեջ վարկաբեկվում են եկեղեցու ծեսերը, եպիսկոպոսները, քահանաները և մյուսները, և, վերջապես, Հիսուս Քրիստոսը ներկայացվում է Ռենանի ուսմունքի համապատասխան, և 3. պարունակում է իր մեջ հարձակումներ Ռուսաստանին անձնվեր և նալբանդովի կուսակցության չպատկանող անձանց վրա։ Ամեն իրի և պետք էր՝ 1. արգելքի տակ դնել հիշյալ գիրքը, իբրև վնասակար, գրված գաղտնի նպատակներով, 2. մի լավ