Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/373

Այս էջը սրբագրված է

Մասիս

(Էջ 187)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 147), ապա մի քանի ժողովածուներում։ Թվագրված չէ։ Հավանաբար գրված է 1864-ին, ինչպես նախորդ և հաջորդ բանաստեղծությունները, թեպետ Եր. Շահազիզն ենթադրել է 1865-ի ստեղծագործություն (տե՛ս Սմբատ Շահազիզ, Երկեր, 1947, էջ 106)։

Բանաստեղծության երկրորդ հատվածում Ս. Շահազիզն ըստ աստվածաշնչակ լեգենդի՝ կրկնում է Նոյ նահապետի՝ Արարատի ստորոտում խաղողի վազ տնկելու, գինուց հարբելու և հոր հետ զավակների արած չար կատակների մասին վկայությունը (տե՛ս Գիրք Ծննդոց, Երևան, 1985, էջ 185-186):

44...Որպես այցելու խեղճ Արտավազդին:—Արտավազդի մասին Ս. Շահազիզը պատմում է ո՜չ թե իրական ճշգրիտ պատմությունը, այլ ըստ ազգային ավանդությունների, որոնք ընդգրկված են Մ. Խորենացու պատմության մեջ (տե՛ս «Հայոց պատմություն», գիրք II, գլ. ԿԱ)։

Ճշմարիտ կրոն

(էջ 190)

Առաջին անգամ տպագրվել է «Լևոնի վիշտը...» ժողովածուում (էջ 150) ապա՝ խորհրդային տարիների ժողովածուներում։

Ս. Շահազիզի կրոնական իմաստասիրական ոտանավորների մասին, որոնց թվին է պատկանում նաև «Ճշմարիտ կրոնը», Եր. Շահազիզը նկատել է. «Շահազիզյանի բնավորության գծերից մեկն էլ նրա մտազբաղ լինելու, իր մեջ կենտրոնանալու հատկությունն էր, որ պետք է առաջ եկած համարել նրա վարած կյանքի եղանակից, նրա մշտական մենակությունից նա ժամերով նստում էր մենակ, մտազբաղ, ման էր գալիս իր մտքերի հետ ընկած, ինքն իր հետ լռելյայն խոսելով, քննելով, կշռելով։ Երբեմն մինչև իսկ մարդու հետ նստած ժամանակ, երբ խոսակցության թելը կտրվում էր, նա մոռանալով խոսակցի գոյությունը, ընկնում էր կամ մեջ և սթափվելով արտասանում էր այս կամ այն խոսքը, կամ նախադասությունը, իբրև շարունակություն մտքում խոսածի կամ իբրև իր մտածողության եզրակացություն։ Այդպիսի դեպքերում նա հաճախ արտասանում էր Դեկարտի հայտնի խոսքը. «Cogito ergo sum», այսինքն՝ «Ես տածում եմ, ուրեմն՝ կամ, գոյություն ունեմ»։ Ահա՛ նրա այդպիսի՝ խոհերի արգասիքն ենք համարում նրա կրոնական իմաստասիրական ոտանավորները, որոնց թիվը շատ չէ—«Ճշմարիտ կրոն», «19-րդ դարի Կրոնասերը», «Կրոնավորի աղոթքը», «Առ հրաժարվածը», «Ինքնագիտակցություն»: