Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/13

Այս էջը սրբագրված է

Իրավացի էր Նալբանդյանը, երբ նշում էր, թե Ալիշանը «չափաբերական քերթվածոց մեջ ախոյան չունի»։ Ավելի քան կես դար հետո, Վ. Բրյուսովը «Հայաստանի պոեզիան» անթոլոգիայում գրում էր, թե «Ալիշանի բանաստեղծությունները տեխնիկայով հասել են բարձր կատարելության, և մինչև այսօր նրա երկերը, որպես անկեղծ և գողտրիկ ներշնչումներ, սիրված են ընթերցողների նշանակալից մասի կողմից»[1]:

Ինչպես ցույց է տվել Մ. Աբեղյանը, կարևոր է եղել Ալիշանի դերը նաև Հայ պոեզիայի մեջ տաղաչափական ձևերի զարգացման մարզում[2]:

Անկասկած, Ալիշանի գրական ժառանգության ստվարածավալ հատորների ժամանակակից ընթերցողը հեշտությամբ կնկատի վանական միջավայրի և կրոնական աշխարհայացքի դրոշմը նրա ինչպես հայագիտական, այնպես էլ գեղարվեստական երկերի վրա: Ալիշանը կանգնած էր իդեալիստական պատմահայեցողության դիրքերի վրա։ Բավական է ասել, որ հայ ժողովրդի պետական անկախության կորուստը նա լրջորեն համարում էր «աստվածային պատիժ» և հավատում էր, որ «աստծու կամքով» կործանված հայ պետականությունը նույն «աստծու կամքով» էլ կվերականգնվի։

Վճռականորեն մերժելով Ալիշանի աշխարհայացքի ռեակցիոն կողմերը՝ հայ ժողովուրդը ըստ արժանվույն գնահատում է ականավոր գիտնական- բանաստեղծի խոշոր ավանդը, որ թողել է նա մեր կուլտուրայի գանձարանում։

Ներկա գրքույկով ընթերցող հասարակության ուշադրությանն են ներկայացվում Ալիշանի աշխարհաբար բանաստեղծությունները, որոնք հայտնի են «Երգք Նահապետի» ընդհանուր խորագրով։ Այդ շարքից դուրս տրվում է երեք նմուշ հեղինակի գրաբար բանաստեղծություններից։ Տեքստը պատրաստված է «Նուագք»-ի երրորդ հատորի («Հայրունի») 1867 թվականի հրատարակության հիման վրա։ Աղավաղումներից խուսափելու նպատակով, անհրաժեշտ ենք համարել բանաստեղծութունների մեջ գրաբարով հոլովված և խոնարհված բառերից մի մասի ուղղագրությունը թողնել նույնությամբ և շարել շղագիր։

  1. «Поэзия Армении», Москва, 1916, էջ 66։
  2. Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տաղաչափություն, Երևան, 1933, էջեր 395—209։