Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/4

Այս էջը սրբագրված է

տիզմի, որի սկիզբը դեռ 19-րդ դարի 20-ական թվականներին դրել էր Ալամդարյանն իր քնարերգությամբ։

Ալիշանը պոեզիան դարձրեց կյանքի կենդանի արձագանքը։ Այլ կերպ չի կարելի բացատրել այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացել են նրա լավագույն բանաստեղծությունները («Պլպուլն Ավարայրի», «Հայոց աշխարհիկ», «Հրազդան» և Նահապետի մյուս երգերը)։ Վերջիններիս հայրենասիրական-մարտական պաթոսը համահնչուն էր 40—50-ական թվականների՝ ազգային զարթոնքի դարաշրջանի ոգուն և ազգային ազատագրական ձգտումներին։ Ալիշանը հարթեց հայ պոեզիայի հետագա զարգացման ուղին, նրա հայրենասիրական քնարից ստեղծագործական ներշնչումներ ստացան ականավոր այնպիսի բանաստեղծներ, ինչպիսիք են Ռափայել Պատկանյանը և Մկրտիչ Պեշիկթաշլյանը։

Ղևոնդ (Քերյովբե) Ալիշանը ծնվել է 1820 թ. հուլիսի 18-ին Կոստանդնուպոլսում, դրամագետ-հնահավաք Պետրոս Մարգարի Ալիշանյանի ընտանիքում։ Տասներկու տարեկան հասակում (1832 թ,) նրան տալիս են Վենետիկի ս. Ղազար վանքի դպրոցը («Ընծայարան»), ուր չորս տարի ուսանելուց հետո փոխադրվում է «Բարձրագույն կրթարանը»: Այստեղ էլ նա սկսում է գրական իր առաջին փորձերը։

Դրանք վանքի չորս պատերի մեջ պարփակված, բայց դեռևս «դուրսի աշխարհի» տպավորություններն իր մեջ չմեռցրած պատանու զեղումներն էին՝ ներշնչված Ադրիատիկ ծովի և ս. Ղազար կղզու գեղեցիկ բնանկարներից։ Սակայն, Ալիշանի այս, ինչպես և հետագայում գրած բազմաթիւ գրաբար բանաստեղծությունները իրենց վրա կրում են կլասիցիզմի տիրական ազդեցությունը և, ըստ էության, քիչ են տարբերվում Մխիթարյան մի քանի հեղինակների ոտանավորներից։ 1841 թ, Ալիշանը նշանակվում է ուսուցիչ Վենետիկի Ռափայելյան վարժարանում։ Դասավանդմանը զուգընթաց՝ նա աշխատակցում է «Բազմավեպ» հանդեսին, որ լույս էր տեսնում 1843 թվականից։ 1848 թ. նա նշանակվում է հիշյալ վարժարանի տեսուչ: Աչիշանը Վենետիկում է լինում, երբ բռնկում է իտալական ապստամբությունը ավստրիական լծի դեմ, նա լսում է վարժարանի աոջևով անցնող հազարավոր իտալացի հայրենասերների ազատության ոգեշունչ երգերը, ականատես է լինում Վենետիկի փողոցներում մղվող մարտերին: Եվ այդ ամենը երիտասարդ բանաստեղծի վրա թողնում է ուժեղ տպավորություն։ Իտալական ժողովրդի ազատագրական պայքարի այդ օրերին Ալիշանը գրում է «Մասիսու սարերն», «Բա՜մ. փորոտան..» և մի քանի այլ մարտաշունչ-հայրենասիրական բանաստեղծություններ։

1850 —1853 թթ. զանազան առիթներով Ալիշանը լինում է Հռոմում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Վիեննայում, ուր ուսումնասիրում է հայկական գրչագիր մատյանները, նյութական ու հոգևոր կուլտուրայի հուշարձանները, նյութեր է հավաքում հայագիտական իր ուսումնասիրությունների համար։ Այս ճանապարհորդության ընթացքում նա բնագրից թարգմանում է Բայրոնի «Չայլդ Հարոլդ» պոեմի չորրորդ երգը և գրում է մի շարք բանաստեղծություններ: