Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/9

Այս էջը սրբագրված է

Զազգն ընչոք տեղոք քանդել ու գերել,
Դեմ չորս հովերուն տըվել ու ցրվել:
Ավա՜ղ քեզ, ավա՜ղ, Հայոց աշխարհիկ,
Տուն երկնանման, փըլած տաղվարիկ...

Բանաստեղծը, սակայն, լավատեսորեն է տրամադրված իր հայրենիքի ապագայի նկատմամբ։ Իր երգը, որ սկսել էր գարնան նկարագրությամբ, ավարտում է այն հաստատ հավատով, որ մի օր բացվելու է Հայաստանի գարունը.

Ամպն ու փոթորիկ շուտով վերանա,
Նոր արև, գարուն, ծառն ու այգի գա:
Արմատք հին՝ նոր հյուղ, հին ճյուղք՝ նոր ծաղիկ
Ընծայեն բնության, Հայոց աշխարհիկ...
Որք խելոք սիրով կան զինչ աղբըրիկք,
Տեսնեն քո գարունդ, Հայո՜ց աշխարհիկ...

Եվ այդ ժամանակ ծեր Նահապետն էլ հանգիստ շիրիմ կմտնի՝ հայոց աշխարհի վերակենդանության ավետաբեր լուրը նախնիներին հաղորդելու: Այս հավատով էլ ավարտվում է բանաստեղծությունը։

Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման նկատմամբ Ալիշանի դիրքորոշումը պարզաբանելու տեսակետից խիստ ուշագրավ է «Մասիսու սարերն» բանաստեղծությունը, որը, ինչպես վերը նշվեց, գրված է 1849 թ. մարտին, այն օրերին, երբ իտալացի հայրենասերները Վենետիկի փողոցներում հերոսական մարտեր էին մղում ավստրիական լուծը թոթափելու համար։

Բանաստեղծությունը կառուցված է Փոքր և Ավագ Մասիսների միջև տեղի ունեցող երկախոսության վրա: Փոքր Մասիսը տարակուսանք է հայտնում հայ ժողովրդի քաղաքական ինքնուրույնությունը վերականգնելու նկատմամբ.

Թե՛ փառք, թե՛ պարծանք անցել են, գնացել,
Քո բարձր գըլխեդ ի վայր են սահել...
Շատ փառք ունէանք, հիմիկ ի՜նչ ունինք,
Ավա՜ղ, լուկ ամոթ, միայն նախատինք...
Գան, գընան, դառնան ալիք գետերան,
Չի դառնար որդվոց՝ պարծանք հայրերուն:

Նա Ժամանակակից հայերի սրտերը մեռած, սառած է համարում. նա կարծում է, թե հայոց արևն անցել է և «մեզ արևմուտքի լուսիկն է մնացել»: Ավագ Մասիսը փարատում է Փոքրի տարակուսանքը, այնպիսի սառն կրծքեր կան, որ ունեն «սիրտ հրավառ». քարից կայծ է դուրս գալիս, իսկ կայծից՝ կայծակ. արևը մտած է, սակայն նա նոր լույսով կծագի առավոտյան. ամպն էլ կփարատվի, մրրիկն էլ կդադարի, Հայաստանի ճրագն էլ, որ մարած է թվում, կրկին կվառվի, որովհետև՝ «իսկի անփոփոխ չէ