Այս էջը հաստատված է

Ժողովածուի երկրորդ մասում տեղավորել ենք հեղինակի ընդհանուր բնույթ կրող աշխատությունները, որտեղ նա բացատրում է հայկական քրիստոնեական ճարտարապետության ծագումը, կապը հարևան ժողովուրդների շինարվեստի հետ, կրած ազդեցությունները և զարգացման ընթացքն ու ձևերը, գործածված շինանյութերը, ինչպես և տարբեր տիպի կառուցվածքների մանրամասների պատմական ընթացքը:

Երրորդ մասում զետեղել ենք հեղինակի այն մոնոգրաֆիաներն ու մանր հետազոտությունները, որոնք վերաբերում են առանձին ճարտարապետական հուշարձանների։ Առաջին ուսումնասիրությունը` «Տեկորի տաճարը»— հեղինակն առանձին գրքով լույս է ընծայել դեռևս 1911 թվականին։ Ճիշտ է, Թորամանյանն իր ծրագրած «Նյութեր հայ ճարտարապետության պատմության» ընդհանուր ուսումնասիրության համար ձեռնարկել էր Տեկորի տաճարի մասին գրել մի ավելի համառոտ աշխատություն, բայց այդ աշխատությունը մնացել է անավարտ և սևագիր վիճակում, ուստի այստեղ տեղավորեցինք հրատարակված ընդարձակ վարիանտը։ Այս մասում տեղավորեցինք հեղինակի «Բագարանի ս. Թեոդորոսը» հոդվածը, արտատպելով «Ախուրյան»-ի 1908 թ. 59 և 60 համարներից։ Այդ նույն հոդվածին միացրինք հեղինակի մի ձեռագիր աշխատությունը, որը հատկապես նվիրված է Բագարանի` 7-րդ դարում կառուցված ս. Թեոդորոս եկեղեցուն։

Ուսումնասիրությունների այս շարքում կենտրոնական տեղ են գրավում Զվարթնոցին վերաբերող անավարտ ուսումնասիրության մասերը, որոնք հեղինակը գրել է իր կյանքի վերջին տարիներին։ Նա մտադիր էր այս ուսումնասիրություններն ամբողջացնելուց հետո հրատարակել իբրև մի առանձին աշխատություն, որի ծրագիրը գտանք նրա ձեռագրերի մեջ։ Նա ավարտել է այդ ուսումնասիրությունների մեծագույն մասը, ինչպես` Հայաստանը 5-7-րդ դարերի ընթացքում (պատմական տեսություն), ճարտարապետության դրությունն այդ ժամանակամիջոցում` կապված Զվարթնոցի կառուցման հետ, Զվարթնոցը կառուցող Ներսես կաթողիկոսի կյանքն ու գործունեությունը, Զվարթնոցի հիմնարկման և ավարտման թվականները։ Բաց են մնում մի քանի մասեր, որոնցից ամենակարևորը Զվարթնոցի կազմության նկարագիրն է։ Այդ բացը լրացրինք «Զվարթնոցի տաճարը» հոդվածով, որը 1905 թվականին լույս է տեսել «Մուրճ» ամսագրում և որի մեջ նա հիմնավորում է տաճարի իր վերակազմությունը։ Բացի այդ, Զվարթնոցին վերաբերող հիմնական հարցերի շուրջը եղած ուսումնասիրություններն ամբողջացնելու նպատակով, Զվարթնոցին նվիրված բաժնի վերջում տեղավորեցինք վարպետների նշաններին վերաբերող սևագիր մի աշխատությունը, որին միացրինք Գիտության և Արվեստի ինստիտուտի «Տեղեկագրում» 1928 թվին լույս տեսած «Զվարթնոցի վարպետների նշանները» հոդվածը։ Զվարթնոցին վերաբերող աշխատությունների մեջ տեղ են գտել մի քանի սխալներ, որոնք, սակայն, մենք իրավունք չհամարեցինք ուղղել։ Դրանցից մեկը, օրինակ` Դրասխանակերտցու «Կացուցանէր ի նմա [Զվարթնոցում] ամբոխութիւնս երդ ու մարդոց ըստ պայմանի քաղաքականաց» դարձվածքի մեկնությունն է։ Թորամանյանը մի տեղում այդ դարձվածքը բացատրում է` «Պարզապես կնշանակե քաղաքի նման շենցնել», և մի ուրիշ տեղում` «այսինքն նոր քաղաքը», որ երկու դեպքում էլ սխալ է։

Այնուհետև, երրորդ մասում ենք զետեղել Անիում Գագիկ Բագրատունու կառուցած եռահարկ բոլորակ տաճարի պեղումներին և վերակազմությանը վերաբերող ուսումնասիրությունը, որի մի մասը, հատկապես Գագկաշեն տաճարի վերակազմությունը, քաղել ենք Թորամանյանի` Ն. Յա. Մառին ուղղված մի ձեռագիր նամակից, իսկ սկզբի մասն արտատպել ենք 1908 թվականի «Հուշարար»-ից։

Վերոհիշյալ նամակի հետ Թորամանյանը Մառին ներկայացրել է մի քանի չափագրություններ և լուսանկարներ, որոնք հնարավոր չեղավ վերականգնել, մանավանդ