Այս էջը հաստատված է

շինողներ անհամեմատ կարող արվեստագետներ եղած են։ Քարաշատ երկրի մը մեջ ապրելով, անօրինակ ճարպիկությամբ զարգացուցեր են քարահատության արվեստը։ Իբրև անխոնջ ճանապարհորդներ և անդադար տեղափոխվողներ, շատ հեռու տարեր են իրենց մեթոդները։ 9-րդ և 10-րդ դարերուն բյուզանդական արվեստի վերածնության վրա ոչ նվազ նշանավոր տեղ բռնելու կոչված էր Հայաստանի արվեստը»։

Այս ընդհանուր տեսությունեն հետո, հեղինակը սկսած է կարծիքներ հայտնել իրեն ծանոթ 7-րդ դարու քանի մը հայկական հիշատակարաններու վրա։

«Արդ, 7-րդ դարեն սկսյալ հայերը մեծ գործունեությամբ աշխատած կերևին, այս թվականներեն շատ մը հիշատակարաններ պահված են՝ հետնագույն նորոգություններով բավական այլայլված, սակայն անոնց մեջ հին հատակագծերը բավականին որոշ են և հնարավորություն կուտան ճարտարապետական ոճերու քննադատություն»։

Էջմիածնի մասին խոսելով, շատ հետաքրքրական կգտնե անոր հատակաձևը՝ ճիշտ տեղեկություններ ունի 5-րդ դարուն կանգնված և 7-րդ դարուն նորոգված ըլլալուն վրա, սակայն, ինչպես կերևի, համոզված է, որ 7-րդ դարուն հիմն ի վեր նորոգված է 5-րդ դարու հատակագծին վրա: Ստրչիգովսկիի համակարծիք ըլլալ կթվի հատակագծին լուսավորչավանդ ձև ըլլալուն:

Հռիփսիմեի վանքին համար կըսե, թե՝ սա կներկայացնե կաթուղիկեին բոլորովին նման հատակագիծ մը. ինձ անհասկանալի եղավ, թե ինչո՞վ այդքան նմանություն գտած է հեղինակը Էջմիածնի և Հռիփսիմեի եկեղեցիներուն մեջ: Հռիփսիմեի տասնևվեց երեսանի գմբեթի վրա կտեսնե Գրիգոր Նյուսացու նկարագրած հռչակավոր ութանկյունի եկեղեցվո ոճը, սակայն կոնաձև ծածքին համար կարծիք կհայտնե, թե շատ հին ժամանակներե հետև ասիական ճարտարապետության հատուկ ոճ է:

Գայանեի վանքն ալ նորոգեր է Փիլիպպոս կաթողիկոս 1652 թվականին՝ ըստ արձանագրության. սակայն Առաքել Դավրիժեցին այս եկեղեցվո վիճակն ալ կնկարագրե նախքան Փիլիպպոս կաթողիկոսի նկարագրությունը և ի՞նչ մասեր նորոգված ըլլալը: Չորս պատերը և մեջի սյուները կանգուն են եղած, փլած է եղեր տանիքը և գմբեթը, արտաքին պատերուն վրա մասնակի նորոգություններ միայն եղած են, որոնց շնորհիվ այսօր տակավին մեծ մասամբ կմնան 7-րդ դարու պատերն իրենց բնորոշ արհեստագործությամբ և ժամանակին հատուկ զարդաքանդակներով, պատուհաններով և պսակներով: Ահավասիկ Առաքել վարդապետի վկայությունը Գայանեի վանքի 17-րդ դարու վիճակին և նորոգություններու մասին.

«Եւ յետ ամենայն շինուածոցն Էջմիածնի, զոր սուրբ հայրապետն Փիլիպպոս արար, այնուհետև ձեռն ի գործ էարկ զի և զտաճարս սրբուհի կուսանացն Գայիանեայ և Հռիփսիմեայ նորոգեսցէ...: Բայց սրբոյն Գայիանեայ կուսի տաճարն առաւել աւերեալ էր, զի տանիքն բովանդակ իջեալ էր, միայն շուրջանակի որմունք և չորեքին սիւնք կային կանգուն. գլուխն ի բաց և յատակք որմոցն աստ և անդ ծակոտեալ և խրամատեալ, որոց արար նորոգման սկիզբն կաթուղիկոսն տէր Փիլիպպոս, մեծաիղձ կարօտիւ և ջանիւ և բազում գանձս ծախելով նորոգեաց գեղեցկաշէն ի հիմանց մինչև ցգագաթն գմբէթին»: (Առաքել վարդ., էջ 326):

Այժմյան շենքը դիտելով ալ շատ պարզ կտեսնվի, որ Գայանեի վանքին վրա նորագույն է միայն գմբեթը և արևմտյան կողմին կից շինված սյունազարդ գավիթը: Այս գավիթն ալ 1988 թվականին շիներ է Եղիազար կաթողիկոսը:

Համեմատաբար ավելի հետաքրքված է հեղինակը Զվարթնոց եկեղեցիով, գրքին մեջ դրած է թերի հատակագիծ մը, հավանականաբար Ստրչիգովսկիի մեկ աշխատութենեն արտատպված: Նկարագրական տեղեկություններ բավարար են, բայց տրամագծին երկայնությունը սխալմամբ 39 մետր գրված է. ուղիղ չափը պետք է ըլլա 35,75 մետր: Արևելյան կողմին կպած քառակուսի բաժանումը մատուռ է համարած, որ մատուռ չէ, այլ պարզապես սրբազան անոթներու և այլ եկեղեցական իրերու հատուկ պահարան, չգիտեմ թե ի՞նք եզրակացուցեր է, թե՞ մեկ ուրիշին կարծիքով ղեկավարվեր է: Գալով իր մասնավոր տեսության, հետևյալ կարծիքը կհայտնե.

«Հիմնարկության թվականը կարելի է ճշդիվ որոշել: Այս եկեղեցին կանգնվեցավ Ներսես Գ կաթողիկոսի ձեռքով, որ գահակալեց 640-են 666, որուն փակագիր արձանագրությունները կան եկեղեցվո խոյակներուն վրա: Որովհետև, ըստ Սեբեոսի, այս Ներսեսը ի մանկութենե սնած էր հունական երկիրներու մեջ, սորված էր նաև բյուզանդացվոց լեզուն ու գրականությունը: Իրաց այս վիճակին մեջ, ամենայն հավանականությամբ, հույն վարպետներ գործածեց այս հիշատակարանին շինության ժամանակ: Սյուները կկրեն իրենց վրա կողովաձև խոյակներ հոնիական խոյողներով զուտ բյուզանդական: Բայց մյուս կողմանե հատակագիծը մաքուր արևելյան է և կկապվի ասիական և սյուրիական բազմաթիվ եկեղեցիներու հետ: Այս հատկությամբ և իր մեջ երևցող ազդեցություններու խառնուրդով, շենքը շատ հետաքրքրական է: Ստրչիգովսկիի կարծիքով, հայոց Լուսավորչի վկայաբանությունը արտաքո կարգի կարևորություն ունի արևելյան քրիստոնեից պատմության համար, հետևաբար նաև Արևմուտքի համար:
Անոր ներկայացուցած օրինակը հաճախ կրկնված կերևի, օրինակի համար Saint Laurent de Milan շատ մոտ նմանություն ցույց կուտա»։

Ստուգիվ Ներսեսի ստացած հունական կրթությունը և դեպի քաղկեդոնականություն ունեցած հակումը չէին կարող չազդել անոր ճաշակին վրա: Զվարթնոցի մեջ հայ ճարտարապետության զարգացման ընդհանուր ուղղութենեն շեղող օտար ոճերու խառնուրդներ շատ