Այս էջը հաստատված է

որին փառասիրությունը և թաքուն ձգտումները թռիչք տվին բնիկ հայ հողին վրա, հայրենիքի ծոցին մեջ ծնող ու զարգացող արվեստագետի մը հանճարին: Ինչպես առանց Հուստինիանոսի Անթեմիուս և Իզիտոր գոյություն չէին ունենար, հետևաբար բյուզանդական արվեստն ալ այսօրվան անունն ու հռչակը չէր վայելեր, այնպես ալ Հայաստանը առանց Ներսեսի պիտի զրկվեր ճարտարապետական սքանչելիքե մը, որն որ շատ իրավամբ ս. Սոֆիայի բարձակից պիտի ըլլա արվեստից պատմության մեջ:

Ոչ նվազ հանդգնություն, համարձակություն և արվեստագիտական նուրբ հաշիվներ կբովանդակե Զվարթնոցի շենքը, որպիսին էր ս. Սոփիան: Քսան և հինգ մետրե ավելի տրամագիծ ունեցող միջին հարկ մը ունեցեր է, որն որ կատարյալ վստահությամբ ճարտարապետը հանձներ է ութը սյուներու և կամ զանոնք միացնող աղեղներու տարողության, որոնց տրամագիծ ու թանձրությունը 60-80 սանտիմետրեն ավելի չեն:

Մովսես Կաղանկատվացիի պատմելով՝ Կոստանդիանոս կայսեր ծախքով շինվեցավ այս եկեղեցին և ինքն ալ հրավիրվեցավ օծման հանդեսին ներկա գտնվելու: Կայսրը այնքան հափշտակվեցավ այս շենքով, որ անմիջապես հրամայեց շինողներուն հետևիլ իրեն մինչև Կոստանդնուպոլիս՝ այնտեղ ալ նմանը կանգնելու համար:

Բյուզանդացի հպարտ կայսրը Հուստինիանոսին ս. Սոփիայով ստեղծած փառքը նսեմացնելու միջոցը գտած էր հանակնկալս. պետք էր ինքն ալ հաղթեր իր նախորդին, ինչպես նախորդը Սողոմոնին: Այդ հաղթության կոթողը պետք էր ըլլար Զվարթնոցի օրինակը՝ բնականաբար ավելի մեծ ու ավելի շքեղ, քան իր նախատիպը:

Անտարակույս, կայսեր ծանոթ չէր իր բովանդակ երկրին մեջ այդքան գեղարվեստական ներդաշնակությամբ և անօրինակ հանճարով գլուխ հանված շենք մը, գուցե նախ վստահ ալ չէր իր օրով Բյուզանդիոնի մեջ նույն ծրագիրը իրագործելու կարող ճարտարապետի մը գոյության, այդ պատճառով ալ ստիպվեցավ իր բաղձանքի իրագործումը հուսալ Զվարթնոցի ճարտարապետեն։

Բայց դժբախտաբար մահվան մանգաղը չորացուց ոչ միայն կայսեր սրտին բաղձանքը, այլև ապագա հայությունը կորսնցուց Բյուզանդիոնի մեջ հյուսվելիք նախանձելի փառաց պսակ մը։

«Սա (Ներսես Գ) իր հայրագիր նորին Կոստանդնի և գանձիւք նորա շինեաց զբազմապայծաո փարախն բանաւոր հօտից ի քաղաքադաշտի ի սուրբն Գրիգոր և ի նաւակատիս կոչեաց զթագաւորն Հոռոմոց որ յաւերժ հիացեալ ընդ շինուածն ետ հրաման շինողացն գնալ զկնի իւր զի զնոյնաձևն յարմարեսցէ ի պալատանն։ Եւ ոչ ժամանեալ գնալ ի տուն իւր ի ճանապարհին վախճանէր։ (Մովսէս Կաղանկատուացւոյ Պատմութիւն Աղուանից, Մոսկվա,յ 1860, երես 255)։

Ի՞նչ փաստ կարող ենք գտնել, որ Զվարթնոցի ճարտարապետը միևնույն ծրագիրը չէր կարող երկու անգամեն ալ ավելի մեծ շինել, եթե բավարար քանակությամբ ոսկի ու արծաթ գտնվեր Ներսեսի գանձարանին մեջ։ Բայց այս եղածն ալ բավական փաստ է հավատալու, որ Զվարթնոցի ճարտարապետը Հայաստանի մեջ պակաս մրցակից չէր բյուզանդական ճարտարապետ Անթեմիուսի և Իզիտորի։

Երրորդ անգամ ըլլալով ս. Սոփիայի գմբեթը կործանեցավ 989 թվականին մեծ երկրաշարժի մը ժամանակ։ Բյուզանդիոնի մեջ ոչ մեկ ճարտարապետ չհամարձակեցավ այդ վիթխարի գործին մոտենալ, և ահա Շիրակի փոքրիկ թագավորության մեջ ծնած ու զարգացած համեստ ճարտարապետ մը, համարձակ կմոտենա այդ մեծ ու պատասխանատու գործին և այնպիսի կատարելությամբ կվերականգնե այն ահավոր գմբեթը, որ մինչև այսօր նման օրինակ տասնյակ երկրաշարժներու անսասան կուրծք տվեր է։

«Եւ զկնի սակաւ աւուրց շարժեցաւ աշխարհն Յունաց ահաւոր դղրդմամբ, մինչև կործանել զբազում քաղաքաց և գիւղից և գաւառաց ևս առաւել ի Թրակացւոց և Բիւզանդացւոց աշխարհին հանդերձ ծովովն, որի մէջ նոցա ծածանեալ ծփէր սասանմամբ մինչև ի նոյն ինքն ի թագաւորական քաղաքին Կոստանդնուպոլսի մեծաշուք և բազմապայծառ զարդ հրաշատեսիլ սեանց և պատկերաց եկեղեցեաց մեծամեծար կործանեալ փլուզանիւր. և նոյն ինքն Սոփիայն, որ կաթողիկէն է՝ հերձանայր պատառմամբ վերուստ ի վար։ Վասն որոյ բազում ջան եղև արհեստաւոր ճարտարացն Յունաց առ ի վերստին նորոգել: Այլ անդ դիպեալ ճարտարապետին Հայոց Տրդատայ քարագործ ի տայ զօրինակ շինուածոյն, իմաստուն հանճարով պատրաստեալ զկաղապարս կազմածոյն և սկզբնաւորեալ զշինելն, որ և գեղեցկապէս շինեցաւ պայծառ քան զառաջինն»։ (Ստեփաննոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, երես 250-251):

Արդ՝ միթե Տրդատ չգերազանցեց Անթեմիուսն ու Իզիտորը ս. Սոփիայի գմբեթին տալով մշտնջենական անսասանություն և պայծառություն քան զառաջինն: Որ միևնույն ժամանակ հայ ճարտարապետն իր հայրենի երկրի արվեստի դրոշմը դրավ անոր վրա, անուղղակի կերպով կխոստովանին մեզ ժամանակակից քննող մեծ արվեստագետներե ոմանք։ Կհավաստեն, թե գմբեթի կիսագունդի տակ իբրև խարիսխ դրված ցածլիկ թմբուկը վերանորոգության ժամանակ ավելցած մաս է. նախկին գմբեթները չունեին այդ թմբուկը, և արդեն գրեթե մինչև 8-րդ դարու վերջն ալ անծանոթ էր այդ ոճը Բյուզանդիոնին, անոր ալ արմատը պետք է Հայաստանի մեջ փնտռել։

Ս. Սոփիայի շինության մեջ, ինչ որ այսօր արվեստագիտական աշխարհը կզարմացնե, գմբեթի ահավոր զանգվածն է՝ 31 մետր[1] տրամագծով, որ ահեղատեսիլ հանգչած է չորս աղեղներու վրա։ Այս արտասովոր մեծությամբ գմբեթը pendentif-ներու օժանդակությամբ չորս աղեղներե կազմված քառակուսի խարիսխի մը վրա հանգչեցնելը ոչ միայն կատարյալ գիտակցություն,

  1. Զանազան հեղինակներու տված չափերը համանման չեն ս. Սոփիայի գմբեթի տրամագծի նկատմամբ. 31-են մինչև 35 մետր տրամագիծ ցույց տվողներ կան, չգիտեմ, թե ո՞րն է ճիշտ: