Այս էջը հաստատված է

այլև մեծ հանդգնություն կպահանջեր։ Մնացյալ մասերը ամենն ալ մատչելի և իրագործելի են, ամեն դասակարգի բանիմաց ճարտարապետներու կողմանե և չեն պահանջեր արտակարգ հանճար։ Աղեղներու և կամարներու ծանրությունները շատ դյուրատար էին անհամեմատ թանձրությամբ շինված պատերուն և հսկա մույթերուն համար, իսկ պատերու և մույթերու ապահովության պատասխանատու էր անոնց ներքև հաստատուն երկիրը։

Ս. Սոփիայի ահավոր գմբեթին վերաշինությունը, Տրդատ նախորդ ճարտարապետներեն ավելի գերազանց կատարելությամբ գլուխ բերելեն հետո, այլևս ի՞նչ կասկած կմնա, որ անիկա Հայաստանի մեջ ալ կարող էր նույնօրինակ հսկա ծրագիրներ ի կատար ածել, եթե Սմբատներու և Գագիկներու գանձարաններուն մեջ բյուզանդական հարստություն գտնվեր։ Շիրակի փոքրիկ թագավորներու և թագուհիներու համար ինչ օգուտ ուներ գիտնալ, թե Տրդատ մեծագործություններ արտադրելու համար ստեղծված հազվագյուտ հանճար էր, երբ միջոցներ կպակսեին այդ հանճարին իրականություն տալու, բնականաբար Տրդատի անունն ալ անհետ ու անհիշատակ պիտի կորսվեր, եթե դիպվածով չկործանվեր ս. Սոփիայի գմբեթը և անոր վերաշինությամբ չանմահանար հայ արվեստագործությունը հանձին Տրդատ ճարտարապետի։

Իսկ եթե այս ցանկալի տեղեկությունը մեզի հասցնող միակ պատմագիր Ստեփաննոս Ասողիկ ալ մոռնար այս փաստը արձանագրելու, անտարակույս, բոլոր աշխարհ միահամուռ բյուզանդական կայսրության թագին վրա գոհար մը ևս պիտի ավելցնեին անհայտ Տրդատի հայտնի մեծագործությունով։

Հայաստանի ժողովուրդը միշտ ճնշված, հալածված և հազար տեսակ քաղաքական արկածներով դժբախտացած, սակայն այդ դրության մեջ երբեք չէ կորած անոր հոգեկան արիությունը, վսեմին ու գեղեցկին ծայրահեղ սերը, չէ թուլացած անոր ստեղծագործող ու անընդհատ շինող հատկությունը։ Այսօրվան գիտական աշխարհի ուշադրությունը գրավող Զվարթնոցի երեք հսկա օրինակներ միանգամայն կանգներ են երեք դարաշրջաններու մեջ, արդյոք ինչեր ալ կորսվեցան առանց մեզի հայտնի ըլլալու։

Վասպուրականի մեջ տակավին կանգուն է Արծրունի Գագիկ թագավորի շինած եկեղեցին, որ բյուզանդական ոճեն շատ հեռու, հարազատ քույրն է 10-11-րդ դարերուն Շիրակի և շրջակայից մեջ ծաղկող հայ արվեստին:

Թովմա Արծրունի միակն է հայ պատմագրությանց շարքին մեջ, որ ոչ միայն Աղթամարի եկեղեցվո շինության մանրամասնությունը կուտա, այլև Գագիկ Արծրունիի շատ մը շինարարական նշանավոր գործերուն, որոնց մեջ թագավորը ինքն ալ գործնական մասնակցություն ունեցած էր, լարը ձեռքին չափելով ու դասավորելով։

Գագիկ Արծրունիի գործերեն ամենեն ուշագրավը, որու մասին Թովմա Արծրունիի մտքեն անգամ չէր կրնար անցնիլ, թե ապագա սերունդին համար անհունապես մեծ նշանակություն պիտի ունենար, քան եկեղեցիներն ու պալատները, Վանա ծովին մեջ Աղթամար կղզիի առջև շինած նավահանգիստն (port) էր:

Փոթորկի ժամանակ նավերը պաշտպանվելու համար հինգ ձիարշավ երկայնությամբ ծովը լեցնել և պարսպապատ լիճ մը կազմել, մեր հոռետես քննադատներու հայացքով հին հայերու ինչ խելքի գործն էր, այն ալ փոքրիկ նահանգի մը թագավոր Գագիկ Արծրունիի համար։ Բայց իրողությունն այն է, որ բացի Թովմա Արծրունիի նկարագրութենեն, այսօր շատ մը հետաքրքիր ճանապարհորդներու ալ հայտնի եղած են նավահանգստի հսկա պարիսպներու մնացորդները, որոնք մնացել են 3-4 մետր խորությամբ ջրի մեջ, Վանա ծովի մակերևույթին հետզհետե բարձրանալովը։

Ցանկալի է, որ ընթերցողը ինքը կարդա Թովմա Արծրունիի նկարագրությունը և համեմատե, թե ի՞նչ տարբերություն կա 10-րդ դարու և մեր 20-րդ դարու գաղափարներու, նպատակներու և շինելակերպերու մեջ։

«...որ քաջակորով գիտութեամբ նայեցեալ [Գագկայ] ի տեղւոյն [Աղթամար կղզւոյն] զբօսանս և ծանուցեալ զնա ապաստան լինել աշխարհի ի հինից թշնամեաց՝ ձեռնարկէ հիմն արկանել զնա ահեղ իմն և զարմանալի հիացմամբ հրաման տուեալ բազում արուեստաւորաց և անթիւ մարդկան զհատեալ վէմս ծանունս և դժուարակիրս հոսել ընկենուլ յատակս ծովուն անհնարին խորութեանն. և ժամանակաւ ինչ այսպէս ջան յանձին կալեալ մեծի արքային՝ և յանկարծակի եկն եկաց կանգնեց ալ քարայատակն ամբարտակ կանգունս հինգ ի վերայ բարձրացեալ մկանաց ծովուն, որ մտացն աչօք իբրև ի ցամաքի շարայարեալ տողադրէ զհաստակառոյցն վիմաց կարգս. յորոյ վերայ լար եդեալ ձգէ զպարիսպն շուրջանակի իբր ձի արշաւանօք հինգ. և պարիսպն է հրաշակերտ, ահեղակերպ, բարձրաբերձ լայնանիստ բրգամբք և բարձրացեալ աշտարակօք զարդարեալ, անկիւնաւոր խորանանման տախտակաձև յինքեան ունելով գահոյք զբօսանաց, յորում հանդերձ որդւովք և ազատակոյտ զօրօք միշտ ուրախանայր արքայ: Իսկ և զգլուխս պարսպին ածեալ ի կիրճս դժուարամածս քարանձին՝ ի համբոյրս միմեանց մերձեցուցանէ. ի շրթունս խորայատակ հիմանց ծովուն դնէ դրունս ահաւորատեսս, հաստահեղոյսս, բևեռապինդս. որով և զմասն ինչ ծովուն ի կղզին կոյս հատանելով հրաշալիս իմն ներգործեաց, բազում նաւաց յօրինեալ խաղաղ և անքոյթ նաւահանգիստ, բարձրագոյն հրաշակերտեաց քան զԱղեքսանդրին ի Մակեդովն քաղաքի, և որպէս ինձ թուի՝ զանցոյց զարմանալեօք զՇամիրամեան փորուածոյ սենեկօքն և զամբարտակաւ գետոյն որ առ ստորոտով լերինն Վարագայ. զի նորայն գոնեա ի վերայ ցամաքի, իսկ սա ի մէջ խորոց ծովուս արուեստակեալ՝ հարստահարէ զամենայն միտս և զգործս իմաստնոցն առ ի բան զինքն եղելոց»։ (Պատմութիւն տանն Արծրունեաց ի Թովմա վարդապետէ Արծրունւոյ. Ս. Պետերբուրգ, 1887, երես 293-94)։

Բարեբախտաբար պատմագիրը չէ մոռացել նաև հիշատակելու, թե՝

«Ճարտարապետ արուեստին էր Մանուէլն, զոր ի