Այս էջը հաստատված է

հարաբերությունները, որոնց մասին հաճախ լուռ են եղած մագաղաթյա պատմությունները:

Գիտնական արվեստագետների և պատմաբանների այս դժվարին գործը դյուրացնելու համար, հարկ եղավ նախ անջատ կերպով ի մի հավաքել յուրաքանչյուր ժողովրդի հիշատակարանները՝ գրքերի և հնագիտական թանգարանների մեջ. բավարար չափով նյութեր հավաքվելուց հետո է, որ կարողացան բաղդատական ուսումնասիրության ենթարկել և զանազանել բնիկ ոճն եկվորից և միևնույն ժամանակ որոշել եկվոր ոճերի իսկական գաղթավայրը: Այս եղանակով կատարված ուսումնասիրությամբ ոչ միայն անսխալ որոշեցին փոխառյալ ճարտարապետական ոճերի հայրենիքը, այլև հաստատեցին քաղաքական, կուլտուրական և տնտեսական հարաբերություններն եկվոր ոճերի հայրենիք եղող երկիրների հետ։ Եվ որպեսզի այս բոլոր ուսումնասիրություններն ընդհանուրին մատչելի դառնան, գրվեցին մեծամեծ հատորներ, կազմվեցին հոյակապ թանգարաններ և շարունակվում է դեռ միևնույն աշխատանքը։

Ճարտարապետական արվեստը, ինչպես քիչ առաջ նկատեցի, ամեն տեղ բաղկանում էր երկու գլխավոր մասերե. 1) ճարտարապետական գեղարվեստական ոճե, 2) շինարարական կերպերե. ճարտարապետական ոճի զարգացումը կախված էր տեղական ժողովրդի ճաշակեն և մտավոր զարգացումեն, իսկ շինարարականը՝ երկրի բնական հարստություններե, այսինքն շինարարության պատշաճ երկրին արտադրած շինանյութերեն։ Այս երկու պայմանների բավարար գոյությունը գլխավոր մղումը տվին ճարտարապետության զարգացման բարձրագույն աստիճանին, նաև փոխանցումների օճախը լինելով, կրթիչ դեր կատարեցին շրջապատող ազգերի կրթական մակարդակի բարձրացման գործում։

* * *

Նախաքրիստոնեական մոտավորապես 4-րդ դարուն ասորա-քաղդեական ճարտարապետության ավանդություններով վերածնված և ակնածելի բարձրության հասած պարսկական ոճի ազդեցությունը դեպի Փոքր Ասիա արդեն տարածված և բնիկ ոճի բնույթ ստացած էր, երբ բյուզանդական ոճի վերածնության պահանջն զգացվեց քրիստոնեական 4-րդ դարուն։ Տեղական ճարտարապետներ մեծ աշխատանք չգործադրեցին բյուզանդական ոճի վրա արդեն վաղուց ի վեր սկսել էին արևելյան ճարտարապետության տարրերը պատվաստվիլ: Ճարտարապետների գլխավոր արժանիքն այն եղավ, որ նոր քաղաքական կյանքի համար նորոգ ստեղծագործված ճարտարապետության հետ ներդաշնակ կերպով պատշաճեցուցին և պատվաստեցին թե հին հունա-հոոմեական և թե եգիպտական ու պարսկական արվեստների ընձեռած տարրերը, և առավելապես արևելյան ճարտարապետության ազդեցության տակ գերագույն կատարելության հասավ բյուզանդական ճարտարապետությունը, որուն գլուխ գործոցն եղավ և պիտի մնա միշտ միջնադարյան ճարտարապետական հրաշալիքհերեն մին՝ Այա-Սոֆիա եկեղեցին − այժմ տաճկական մզկիթ։

Այա-Սոֆիան ոչ միայն մինչև այն ժամանակ զանազան երկիրներուն գոյություն ունեցող ճարտարպետական ոճերեն մի նոր վերածնության գլուխգործոցն է, այլև նրա ոճին մեջ մեծ տեղ են բռնում զուտ արևելյան ճարտարապետական ոճերն ու շինելակերպը. նրա մեջ հազիվ նկատելի են հունա-հոոմեական ոճի ավանդական ստվերագծերը։

Բյուզանդական ոճը, նախորդ ճարտարապետությանց ընդհանուր ուղղությունից իր կերպով և կառուցվածքի եղանակներով շեղվելուց զատ, միանգամայն հեռացավ նաև քրիստոնեից համար նախօրոք ընդունելի եղած basilique-ի հատակագծային ձևից։ Basilique եկեղեցիի հատակագծային հատկանիշը հազիվ նկատելի է Այա-Սոֆիայի մեջ. ինչպես իր ճարտարապետական ոճով, նույնպես հատակագծի ձևով դարձավ արևելյան մի շինություն, որի նախատիպերն ավելի հեշտ կարելի է գտնել Արևելքի հասարակական և անհատական շենքերի մեջ։

Տաճարների հարմար հատակագծային ձևեր գտնելու համար, թե քրիստոնեության սկիզբին և թե նախաքրիստոնեական շրջանին, հունաց մեջ գործ դրված ջանքերի և լուրջ մտահոգությանց մասին խիստ հետաքրքրական տեղեկություններ են տալիս ներկա ժամանակի ուսումնասիրությունները։

Ի հնումն, երբ հույները միապետական կառավարություն ունեին, համոզված էին նաև, որ աստվածները բնակվում են բարձր լեռների կատարներին վրա, թագավորներն էին այն ժամանակ աստվածների օրինակատարներ երկրի վրա, ուստի այս հանգամանքին են վերագրում թագավորության ժամանակ հունական երկիրներում մեհյանների խիստ հազվագյուտ լինելը, կրոնական հանդեսներ և տոնակատարություններ կատարում էին սրբազան կամ նվիրական տեղերի վրա, բացօթյա։ Հունաց միապետական կառավարության ժամանակ թագավորներ հատուկ ունկնդրության սրահներ ունեին, ուր դիմում էր ժողովուրդը՝ թագավորին անձամբ ներկայացնելու համար իր խնդիրը կամ գանգատը։ Այս ունկնդրության սրահներն ընդհանրապես կբաղկանային մի բացօթյա սյունասրահե և սյունասրահին հաջորդող երկար քառակուսի մի սրահե։ Երբեմն սրահի հետևում գտնվում էին մի կամ երկու սենյակներ՝ ունկնդրության սրահի պետքերին հատուկ. թագավորի գահը դրված էր միշտ սրահի խորը։

Հունաստանի կառավարությունը, երբ աստվածապետական-ռամկավարականի փոխվեց, այն ժամանակ հույները մտածեցին, փոխանակ թագավորական ունկնդրության սրահների, ունենալ մեհյաններ, ուր թագավորական գահի տեղը բռնեն աստվածային կերպավորյալ անդրիներ։ Երկար որոնումներից հետո, չկարողացան ավելի հարմար ձև գտնել մեհյանի համար, քան թագավորական ունկնդրության սրահները, ուստի այս աշխարհիկ շենքը նույնությամբ ընդունվեց իբրև աստվածների մեհյան, այնուհետև հույները շարունակ իրենց մեհյանները կանգնեցին նույն ավանդական ձևով միայն ավելի ընդարձակված և պատշաճավոր տեղերի վրա և խորհրդավոր բարձրաքանդակներով զարդարված։ Այս մեհենական ձևը դարերի ընթացքում