ընդարձակվելով և բարեփոխվելով այնպիսի մի ձև ստացավ, որ հետագա հռոմեական շրջանին կանգնվելիք պետական-հասարակական շինություն ba-silique-ների նախատիպը լինելու կոչված էր, բացի մի ծայրի կիսաբոլորակ abside-ից։
Հույներից հետո հռոմայեցիք նույնությամբ ընդունեցին հունական մեհյանների ձևը՝ խիստ քիչ բացառությամբ մեհենական բոլորակ հատակագծեր ևս ավելցնելով: Սակայն հռոմայեցիներ խիստ կարիք զգացին մի ուրիշ հասարակական մեծ շենքի, ուր երբեմն թագավորի նախագահությամբ և հաճախ դատավորների և իրավաբանների նախագահությամբ մեծամեծ հասարակական ժողովներ պիտի գումարեին քաղաքական, առևտրական և կուլտուրական ամենակարևոր հարցեր վճռելու համար:
Այս անհետաձգելի պահանջը գոհացնելու համար կանգնեցին basilique ըսված շենքերը, որոնք գրեթե նման էին հունա-հռոմեական մեհյանների, իրենց ներքին, միջին՝ լայն և կողմնակի՝ նեղ, երեք թևերի բաժանումներով։ Միայն մի ծայրին վրա ավելցված էր հատակից մեկ կամ երկու, աստիճան բարձր կիսաբոլորակ բաժինը (abside), որը հատուկ էր դատավորներին և մեծ իրավաբաններին (պատահում էր նաև, որ թագավորը կնախագահեր այս ժողովին) բայց հազվադեպ). շենքի մնացյալ մասին մեջ հավաքվում էր ժողովուրդը։
Քրիստոնեության 4-րդ դարուն, երբ նորադարձ քրիստոնյա ժողովուրդը նոր կրոնի համար եկեղեցիներ կանգնել էր պահանջում, պահանջն այնքան մեծ էր, որ ոչ պետական գանձարանը կարող էր բավականություն տալ և ոչ ժողովուրդը կարող էր իր միջոցներով լրացնել այդ պակասը։ Ուստի, Կոստանդիանոս կայսրը, այդ ժողովրդական պահանջին գոհացում տալու համար, առանց վարանելու, պետական basilique-ների հսկա շինությունները դրավ քրիստոնյաների տրամադրության տակ, որովհետև, թեև ինքը քրիստոնյա չէր, սակայն քրիստոնյաներ խիստ բազմացել էին կայսրության մեջ և քաղաքականության նժարը թեքվում էր քրիստոնեից կողմը։ Քրիտոնյաներ առանց ի նկատի ունենալու basilique-ների հեթանոսական ծագումը, լիովին ընդունեցին և հարմարեցրին իրենց քրիստոնեական ծիսակատարության սլահանջներին, որովհետև շենքը չէր, որ պիտի արտահայտեր կրոնը կամ կրոնական վարդապետությունը, այլ այնտեղ քարոզված հոգևոր օրենքները, ծիսակատարությունները և այս ծիսակատարությանց համար հարմար կահավորումը:
Այնուամենայնիվ զուտ կղերի դասը շատ գոհ չմնաց կայսերական այս պարգևեն, ուզեցին մի նոր ձև մշակել քրիստոնեական եկեղեցիների համար, սակայն մինչև 7-րդ դար անպտուղ անցավ նրանց ջանքը և ազատ թողին քրիստոնյա համայնքներին իրենց ուզածին պես դասավորել կրոնական տաճարների ներքին բաժանումները։ Այս իսկ պատճառով է, որ թե Արևմուտքում և թե Արևելքում առաջ եկան մեծամեծ այլազանություններ, հակառակ basilique-ի ուղղության։ Հայաստանը գրեթե չհամակերպվեց արևմտյան ձևերին և դեռ 5-րդ դարուց ստեղծեց իր համար ձևեր, որոնք աշխարհիկ լինելով հանդերձ, մեծամեծ նվաճումներ արին օտար հեռու և մոտ երկիրների մեջ։
Օտարերկրյա ճարտարապետությանց, նրանց ոճերի, շինելակերպերի և փոխանցումների մասին խոսքս վերջացնելե առաջ, կարևոր եմ համարում մի քանի խոսք ավելցնել զուտ կրոնական պաշտամունքի հատուկ՝ արևելյան ազգերի տաճարների և նրանց շինությանց ձևերի մասին, որոնք պետք պիտի գան առաջիկային համեմատական ուսումնասիրության համար, երբ կսկսենք խոսել հայոց ճարտարապետության մասին առանձնապես։
Ճարտարապետական արվեստի սկզբնական շրջանին, Եգիպտոսը տվեց աշխարհին, թեև նախապատմական շրջանի կիկլոպյան երևույթով, այնուամենայնիվ սրբատաշ քարերով և կրաշաղախով մածյալ պատերի կառուցման օրենքը, հնարավոր դեպքում միակտուր, իսկ առհասարակ մեկե ավելի կտորներե բաղկացած գեղեցկազարդ խոյակավոր սյուների կանգնման հնարավորությունները։ Եգիպտոսը սովորեցրեց մեզ շենքը պսակելու, օդի և լույսի համար պատուհաններու և նրանց գործածության ձևերը, որչափ որ կներեր նրանց ճարտարապետական հասունությունը. բացի քարի և կրի գործածության եղանակից, սովորեցրեց փայտի գործածության կերպն ու տեղերը՝ թե շենքերի վրա և թե ուրիշ զանազանակերպ պահանջների համար։
Ասորա-Քաղդեային պարտական ենք որմնաշինության համար թրծուն և անթուրծ աղյուսների գյուտը, որովհետև նրանք չունեին Եգիպտոսի նման համատարած քարահանքեր։ Իսկ փայտի պակասության պատճառով ստեղծեցին աղյուսներով կամարներ կապելու ոճը։ Կամարով ծածկեցին շենքի վրա, մինչդեռ եգիպտացիք փայտով էին ծածկում։ Ոչ միայն լայնարձակ տեղերի վրա հաստատուն կերպով կամարածածկ շինեցին, այլև տվին գմբեթաշինության նախնական օրինակներն իրենց շիրիմների թեև փոքր չափերով։
Ասորա-Քաղդեայի հետագա ժառանգ Պարսկաստանը, ճարտարապետական ասպարիզում անհավատալի կատարելության հասցուց աղյուսաշինության արհեստը, որուն միջոցավ ծածկեցին ընդարձակ միջավայրի վրա մեծ տրամագծով կամարներ, միանգամայն վստահ և ապահով հաստության և տարողության ուժին։ Գմբեթաշինության գեղեցիկ արվեստն այնքան զարգացավ Պարսկաստանի մեջ, որ ճարտարապետական արվեստին մեջ գերազանց կատարելություն ստեղծող հունա-հռոմեական արվեստը ևս նրա ներգործության կարիքն զգաց արևմտյան ճարտարապետության մի խոշոր բացը ծածկելու համար. նախաքրիստոնեական առաջին դարուն պարսկական ճարտարապետության ուղիղ ազդեցության ներքո կանգնվեց Հռոմի Պանթեոնը իր լայնածավալ գմբեթով։
Հունաստանին էր վերապահված ճարտարապետության մեջ ստեղծել ծայրահեղ գեղարվեստականություն, պարզություն, գծերի մաքրություն, անհրաժեշտ հարամասունքների շնորհալի դասավորություն, սյուների, խարիսխների, խոյակների ակնապարար համաչափություն և խորհրդավոր ու պիտանի քանդակազարդությանց