Այս էջը հաստատված է

է, ժառանգություն մնացել է մասամբ պարսիկներեն, բայց առավելապես ուրարտացիներեն։ Այս վերջիններիս շինությանց մնացորդները, որ դեռ գոյություն ունին մեր օրերուն, շինված են տաշված և կոկված բազալտ քարերով (բացառությամբ ամրոցների պատերի): Այս օրվան մեր թանգարաններում պահվող բոլոր բևեռաձև արձանագրություններ ՝հղկված բազալտի վրա փորագրված լինելե զատ՝ կան նաև շինությանց կարևոր մնացորդներ, որոնք ցույց են տալիս, թե մասնավոր շենքեր ևս շինվում էին բազալտի մեծածավալ հղկված քարերով։ Այս մնացորդները կարելի է տեսնել Արմավիրում, Արտաշատի տեղում, Դվինում, նույնիսկ Անիում, ուր նախաքրիստոնեական ժամանակի շինված բերդերը տաշված որձաքարով են շինված։ Անշուշտ, այս երևույթը պետք է համարել Հայաստանի նախապես գոյություն ունեցող բազմաթիվ կիկլոպյան շինությանց շարունակությունը և նրանց զարգացումը։ Դիրաքլարի եկեղեցին, որը, անկասկած, մի հեթանոսական դիցապաշտության տաճար է եղած սկզբում, աստիճաններով և պատերի ստորին մասերով, շինված է տաշված կարծր որձաքարերով։ Շիրվանջուղի և Տեկորի տաճարներն ևս ունին տակավին իրենց վրա այս տեսակ շինանյութեր, թեև մասամբ ծածկված են հետագա նորոգություններով։

Հունա-հռոմեական արվեստի Հայաստանի վրա նեցած ներգործությունը երևում է այս առաջին վերածնության մեջ, սակայն մասնավոր բնույթ ունի։ Հայ ճարտարապետությունը տեղի տալով հռոմեականի մի քանի մոտիվներին, երբեք չէ փոխած իր շինարարության ավանդական կերպերը և գլխավորապես պահած է նախկին արևելյան տարազը:

Հունա-հռոմեական ոճի մոտիվներ երևում են Էջմիածնի տաճարի պսակների մեջ պատշաճեցուցված պճղակներով (modilion). բացի Էջմիածնից, գրեթե մեծ մասամբ 5-րդ դարուն կանգնված շենքերի պսակների մեջ գոյություն ունին պճղակներ, և այս պսակի ձևն այնքան հաճելի և օգտակար է երևացել հայ ճարտարապետներին, որ պճղակների ձևն ու հռոմեական պսակի խիստ առաջակարկառումը մասամբ բարեփոխելով շարունակեր են մինչև 7-րդ դարու վերջը, հակառակ 7-րդ դարուն մի նոր վերածնություն ստեղծվելուն և պսակների զանազանատեսակ ձևեր արդեն իրագործվել սկսելուն։ Բացի պճղակավոր պսակներից, հռոմեականի ազդեցությամբ միայն 5-րդ դարու շենքերի ճակատին գոյություն ունին tympan-ներով fronton-ներ, ինչպես Տեկորում, Շիրվանջուղում։ Հետագա դարերում կանգնված շենքերի արտաքին ճակատների ֆրոնտոնների տակ այլևս գոյություն չունի tympan-ը կազմող և առանձնացնող հորիզոնական պսակը։ Այս առաջին վերածնության հատուկ է հռոմեական որմնասյուների (colonne engagé) և բացօթյա սյունասրահների [portique] փոխառությունը։ Ինչպես երևում է, 6-րդ դարուն մի փոխանցման շրջան է սկսվում, մի նոր վերածնության նախօրյակն է լինում. այս շրջանում միայն portique-ն է պահված և ուրիշ մի քանի մանրամասնություններ։

Վերջապես, հայ ճարտարապետության առաջին վերածնության ընդհանրապես հատկանիշներն են՝ արտաքին ճակատների արտակարգ պարզություն, պատուհանների լայնություն և լայնության կրկինից ավելի բարձրության կամարակապ լայն դռներ, պայտաձև աղեղներ և կամարներ, պատերի հաստություն 95 սանտիմետրից մինչև 105 սանտիմետր, երեսի քարերը բարակ, իսկ միջի բետոնն ավելի հաստ, քան երեսի քարերը։ Հայկական ստեղծագործություն են համարվում ընդհանրապես պայտաձև աղեղներն ու կամարները, թեև մի ժամանակ համարվեց արաբական ստեղծագործություն, մինչև 1839 թվականին ֆրանսացի ճարտարապետ Ch. Tenier-ի Հայաստան գալը: Tenier երբ տեսավ Տեկորի պայտաձև աղեղները և ծանոթացավ շենքի շինության թվականին, իր երկհատոր Description de l’Arménie անուն մեծ աշխատության մեջ առաջին անգամ հայտարարեց, որ այս ոճը հայկական է, և նմանը ոչ Արևելքում և ոչ Արևմուտքում գտնվում են նույն թվականներում։ 11-12-րդ դարերումն է, որ Սպանիայում շինեցին արաբական ոճով ապարանքներ՝ պայտաձև աղեղներով։

Նախաքրիստոնեական դարերեն թեև մեզ հասած շենքեր չունենք, սակայն պատմական տվյալներ չեն պակսեր, որ նույն դարերում Հայաստանում գոյություն ունեին կուլտուրական հաստատություններ և բազմաթիվ հասարակական շինություններ։ Ի միջի այլոց թատրոնը, որուն գոյությունն անհայտ է քրիստոնեական շրջանում, քաջալերվում էր նախաքրիստոնեական թվականներին, նույնիսկ թագավորներ մասնակցում էին թատրոնական գրականության, Հունաստանից բերվում էին որակյալ դերասաններ՝ թատրոնի զարգացման նպաստելու համար։

Ամենայն հավանականությամբ՝ այդ շրջանի թագավորների հելլենասիրությունն էր մղում տվողը գեղարվեստի զարգացման, որ այն ժամանակ Հունաստանում բազմակողմանի կերպով ծաղկում էր հունական դիցապաշտությունը, որ գիտությանց և արվեստից աստվածացումն էր, այս ժամանակ մուտ գտավ Հայաստանում. բերվեցին հունական աստվածների արձաններ, կանգնեցին նրանց համար մեհյաններ և տեղական պաշտամունքների համեմատ հատկացրին նրանց վերագրումներ ըստ հայկական ավանդությունների։ Թերևս հունական աստվածների Հայաստան բերվելուն հետ նաև՝ հունական տաճարաշինությունը և որոշ մեհենական ոճեր, ինչպես վերև թվեցի մասամբ, մտան Հայաստան և տևեցին մի քանի դար, մինչև նոր վերածնություն՝ 7-րդ դար։ Դժվար է հավատալ, որ ավելի հին ժամանակ Հայաստանում, բացի արևելյան ընդհանուր տիպից, ճարտարապետական ուրիշ ոճերի խառնուրդ գոյություն ունենար. Քսենոֆոնի ճանապարհորդության մեջ առհասարակ շեշտվում է հայոց պարսկասիրությունը և, մեկ խոսքով, Պարսկաստանի քաղաքակրթության ընդհանուր ազդեցությունը։

Այս առաջին վերածնության շրջանում, հավանորեն քրիստոնեական առաջին դարուն պետք է վերագրել հունա-հռոմեական ոճով շինված Գառնիի մեջ Տրդատա թախտ կամ (ըստ Մ. Խորենացիի) Խոսրովիդխտո հովանոց անվանվածը։ Սակայն, ինչպես կտեսնենք, այդ գեղեցիկ ոճը խիստ բացառիկ երևույթ