Այս էջը հաստատված է

է և կարևոր մի արժանիք որմնահյուս վարպետի համար։ Որմնահյուսության այս եղանակը շատ երկար դարեր տևեր է Հայաստանում, ինչպես հետո պիտի տեսնենք, մինչև 11-12-րդ դարեր շարունակվեր է այսօրինակ որմնահյուսությունը, որուն առավելություններն անվիճելի են այն միակ պատճառով, որ մինչև մեր օրերն անվնաս մնացել են, կուրծք տալով ամեն տեսակ բնական պատահարների։

Եղվարդի մեջ շինված 5-րդ դարու մեծ կաթուղիկեն, որուն վերևի մասերը փլած են, մնացել են որոշ բարձրությամբ պատերը. շինվածակերպով խիստ նման է Երերույքին, սակայն գեղարվեստական ոճն արտահայտող երեք կիսաքանդ դռների վրա եղած քանդակներից երևում է, որ անխառն տեղական ոճով են քանդակված և ոչ մի կապ չունեն գրեթե օտարերկրյա ոճերի հետ։ Նույն բանը կարելի է ասել Դվինի կաթուղիկեի մասին, ինչ որ ասացինք Եղվարդին construction-ի տեսակետով. երկուքին հատակագիծը միանգամայն basilique-ի հետևողություն է, սակայն Դվինում ջանքեր եղել են basilique ձևից հեռացնելով՝ 5-րդ դարու վերջին Վահան Մամիկոնյանի շինած կաթուղիկեի ձևին մոտեցնելու՝ ավելցնելով հյուսիսային և հարավային կողմերի վրա abside-ներ: Ավան գյուղի մեջ շինված 6-րդ դարու եկեղեցին, որ հինգ գմբեթանի է եղած, 5-րդ դարու Էջմիածնի հետևողությամբ, ունի մի շատ գեղեցիկ դուռ՝ քանդակազարդված զուտ արևելյան ոճով, նույն իսկ, կարելի է ասել, նույն ժամանակվան հայկական ոճով, որովհետև որչափ որ արևմտյան ոճերից հեռու է, այնուամենայնիվ չի կապվում արևելյան ոճերի հետ և մնում է ինքնուրույն հայկական, միայն հյուսիսային կողմի պատուհանի շրջանակն է, որ, Երերույքի նմանությամբ պարսկական denticule-ների մի շարք ունի շրջանակին մեջ:

Արթիկ գյուղի մեջ կիսավեր փոքր եկեղեցին ևս 6-րդ դարուն կանգնված շենք է. թեև տարածությամբ փոքր, այնուամենայնիվ այդ շենքի մեջ ավելի ակնբախ են նոր մի վերածնության նախօրյակի ճիգերը և այս փոքրիկ շենքի մեջ կատարելապես երևում են 5-րդ և 6-րդ դարերի թե շինելակերպերը և թե գեղարվեստական ոճերը խտացած խիստ պատշաճ և վայելուչ ձևերով։

Վերջապես, այս 6-րդ դարը իր բոլոր որոնումներով և զանազանակերպ պատվաստման փորձերով նախօրյակն է մի շքեղ վերածնության, որ տեղի է ունեցել 7-րդ դարուն և իսկապես կոչված էր հայ ճարտարապետության ոսկեդարը լինելու, որուն մասին կսկսեմ խոսել այժմ:

Հայ ճարտարապետությունը 6-րդ դարուն մեջ երկար տատանումներից հետո, 7-րդ դարուն, կարելի է ասել, որ իր կատարելության հասած է թե իր գեղեցիկ ու հանճարեղ ոճով և թե կատարելագործված բազմակողմանի շինելակերպերով։ 5-րդ դարու հիշողությունները հազիվ երևում են մի քանի շենքերի վրա, modillon-ներով պսակներ ցանցառ թվով երևում են 7-րդ դարու սկզբին կանգնված շենքերի վրա, իսկ մինչև այս դարու կեսն ստեղծված է պսակների մի բազմազանություն, գեղեցիկ moulure-ներով և հաճոյատեսիլ քանդակազարդություններով, այս դարաշրջանի կեսից հետո է, որ մի նոր պսակի ձև ընդունվում է հայ ճարտարապետության մեջ, որը տևում է երկար դարեր, որուն մասին կխոսեմ իր կարգին։ Porticue-ներ միանգամայն անհետացած են, նրանց փոխարինել են տեղական ինքնուրույն համաչափություններով որմնասյուներ (colonne engagé), գեղեցիկ խոյակ և խարիսխներով, միանգամայն տարբեր՝ Տեկորի տաճարին վրա 5-րդ դարուն իրագործված որմնայսուների համաչափությունից: Basilique ձևը տաճարների համար այլևս անվանական է, ստեղծված են լայնարձակ և չորս կողմից abside-ավոր հատակագծեր, ավելի կատարելագործված, քան 5-րդ դարու Էջմիածնի տաճարը և 6-րդ դարու Ավանի եկեղեցին, նույնիսկ 6-րդ դարու վերջերին և 7-րդի սկիզբներին շինված basilique ձևով եկեղեցիներին այս դարուն մեջ ավելացրել են կողմնակի abside-ներ, որոնք հեռացնում են նախնի ավանդական ձևերեն։ Պատուհաններ ավելի խոշոր և քանակով ավելի շատ են, քան 5-րդ դարը և, որ ավելին է, լույսի առատ թափանցման համար շինվել են abat-jour ըսված ձևով, այսինքն դրսի բացվածքին համեմատությամբ ներսը շատ ավելի լայնացած։ Բոլոր շենքերի կտուրները, առանց բացառության, ծածկված են կղմինդրներով: Կղմինդրները ոչ միայն ընտիր կավից շինված են՝ լավ խմորված ու թրծված, այլև իրենց չափով ու ձևով այնպիսի կատարելություններ ունին շենքը խոնավությունից պահպանելու տեսակետով, որ մեր դարու քաղաքակրթված երկիրների մեջ արտադրված կղմինդրների հետ հաջողությամբ կարող են մրցել։ Ավելի քան հազար տարի առաջ պատրաստված այս կղմինդրներն անվիճելի կերպով ապացուցում են, թե 7-րդ դարուն Հայաստանում ինչ մեծ նվաճումներ և հառաջադիմություն արել են շինարարական ասպարիզում։

Որ ամենից զարմանալին է, քաղաքական փոթորկալից մի շրջան է 7-րդ դարն ամբողջ. Հայաստանը միշտ ավերածների, կոտորածների և ուրիշ վշտառիթ տեսարանների թատերաբեմ եղած է. ահա այս անհանգիստ և հուզումնալից դարաշրջանում ստեղծում է գերազանց կատարելությամբ օժտված ճարտարապետական արվեստ։ Իր վսեմ ոճով ոչ միայն նախորդ վերածնությունը գերազանցում է, այլև եռապատիկ քանակով և հսկա ծավալներով հուշարձաններով ծածկում է Հայաստանն այս երկրորդ վերածնությունը: Որմնաշինությունն ավելի կատարելագործված է, թեև շինանյութը նույն հրաբխային տուֆ քարն է՝ կիր ու ավազով միայն զանգված, սակայն մեծամեծ շենքերի արտաքին և ներքին երեսները շարված քարերը ծավալով ավելի խոշոր են, իսկ հաստությամբ ավելի բարակ, որով պատերի հաստությունները ոչ մի արտակարգ չափերի չեն հասնում և մնում են միշտ նրբին, վայելուչ, սակայն հաստատուն և ամրակառույց։ Պատերի երկու երեսների քարերի արանքի լիցքը գրեթե ավելի հաստ է, քան երկու երեսի քարերի թանձրությունը, որով գոյանում է ներքուստ բետոնի մի պատ. իբրև ծեփ՝ քարերը շարված են երեսին. ես կարծում եմ, որ այս պետք է լինի այդ շենքերի ամրության և տևականության գաղտնիքը, թեև չպետք է արհամարհել