Այս էջը հաստատված է

մի հոյակապ եկեղեցի՝ նույն չափով և նույն ձևով։ Սկսած Զվարթնոցի կանգման թվականից մինչև 13-14-րդ դարերը ոչ մի պատմագիր չէ մոռացած հիշատակել այս աննման կոթողը և ներբողներ հյուսել նրա հոյակապ կառուցման շուրջը։

Զվարթնոցի մոտակա մասնավոր շենքերը մեծ լույս են սփռում նույն դարաշրջանի աշխարհիկ կյանքի և բնակարանների մասին։ Թեև խիստ շատ քանդված են և ըստ ամենայնի հեռու ամբողջության մասին գաղափար տալե, այնուամենայնիվ բավական նյութ կպարունակեն իրենց ժամանակի կենցաղը մասամբ պարզելու համար։

Մեր հին պատմագիրներից հաճախ հիշված տաճարները, որոնք թագավորների և իշխանների պաշտոնական խնջույքների հատուկ սրահներ էին, գոնե հատակագծով կա պահված տեղին վրա՝ Զվարթնոցում։ Եկեղեցիի արևմտյան և հարավային կողմի շենքերը, որոնք հատուկ էին կաթողիկոսի և միաբանաց բնակության, բացի զանազան մեծությամբ սենյակներից, ունին նաև այս խնջույքի տաճարը[1] արևմտյան կողմին, ամբողջ շենքի լայնությամբ։ Երկու երկարության կողմերին վրա տաճարն ունեցեր է զույգ որմնասյուներ՝ վերևից կամարակապ, և այդ որմնասյուների արանքներում բազմոցների տեղերն են՝ բարձրաստիճան հյուրերին բազմելու համար։ Տարակույս չկա, որ առաստաղը եղել է կամարակապ՝ ամբողջ երկայնության վրա, թե ինչ բարձրությամբ, հայտնի չէ։ Արևելյան և արևմտյան կողմերում միայն կարող էր լուսամուտներ ունենալ, սակայն այդ բոլորը քանդված են և այժմ անհասկանալի է, թե քանի՞ պատուհան ունեցած է տաճարը, ի՞նչ մեծությամբ և ի՞նչ բարձրության վրա։ Սույն տաճարը քննելու ժամանակ հիշեցի Թովմա Արծրունիի նկարագրած Գագիկ Արծրունիի Աղթամարի մեջ շինած տաճարը և համեմատեցի այն նույն նկարագրության հետ։ Ի բաց առյալ Թովմայի նկարագրած զարդարանքները, շենքի կազմության և ձևի տեսակետով գրեթե նույնն է Ներսեսի տաճարին հետ։ Հայտնի բան է, որ տաճարների շինության հատակագծային և կառուցման ձևերը դարուց ի դարս շարունակվեր են միևնույն կանոններով կամ փոքրիկ շեղումներով։ Անիի միջնաբերդի մեջ Բագրատունիների տաճարը գրեթե նույն ձևն ու չափն ունի, միայն Անիում այն առավելությունը կա, որ հյուսիսային կողմի վրա երևում են պատուհանների մնացորդներ՝ եթե չեմ սխալվում՝ 1,80 մետր լայնությամբ, թեև Թովմա Արծրունի Աղթամարի տաճարի նկարագրության մեջ մոռացել է հիշատակել պատուհանների մասին, կամ գուցե կարևորություն չէ տվել: Այս տեսակետով որչափ հետաքրքրական կլիներ Թալիշում Գր. Մամիկոնյանի ապարանքը պեղել և տեսնել ներքին բաժանումները, որոնց մեջ կգտնվեր անպայման նաև մի հյուրամեծարության տաճար։ Գր. Մամիկոնյանի ապարանքի արևելյան պատը, որ երևում է, ավելի խնամքով շինված է, քան Զվարթնոցի կողմնակի մասնավոր շենքերը, մեծամեծ սրբատաշ քարեր են շարված արևելյան կողմին վրա, որը գրեթե երկու մետր բարձրություն ունի այժմ, իսկ մնացած մասերը միանգամայն հողով և դերբուկներով ծածկված են։

Քիչ առաջ կարծիք հայտնեցի, որ portique-ները, եթե եկեղեցիների կից չեն շինված, այնուամենայնիվ պետք է որ նույն դարուն ևս շարունակված լինին մասնավոր շենքերի վրա: Այս կարծիքս հաստատվում է Զվարթնոցի մասնավոր շենքերով, որոնց կից շինված են երկու տարբեր ձևերով սյունասրահներ։

Հյուրասրահ տաճարի հարավային կողմը կա մի ընդարձակ սյունասրահ՝ երեք կողմից բացօթյա, արևելյան կողմից տակավին պահված են սրահի սյուների ստորին մասերը, որոնք վերևից կամարակապ են եղած, իսկ ներսը, որ ընդարձակ էր, հյուսիսից հարավ երկու շարք չորսական սյուների վրա դրված էր տանիքը։ Մի ուրիշ սյունասրահ եղել է միաբանների բաժին շենքի հյուսիսային կողմը՝ ամբողջ երկարությամբ։ Անշուշտ, բացօթյա մեծ սյունասրահը շինված էր ամառնային շոգերի ժամանակ կաթողիկոսին և հյուրերին համար իբրև հովանոց, նույն նպատակով ևս կլիներ միաբանաց շենքի հյուսիսային կողմի նեղ ու երկար սյունասրահը։

Առայժմ բավական համարելով հայ ճարտարապետության 7-րդ դարու երկրորդ վերածնության համար համառոտ ծանոթություններս, կանցնեմ մի երրորդ վերածնության, որը վերածնվել է 10-րդ դարուն, վերածնության ավելի քան երկու դար անկման դատապարտվելուց հետո։

Ամենայն հավանականությամբ քաղաքական անցքերն են պատճառ, որ 7-րդ դարու վերջից հետո մինչև 10-րդ դար Հայաստանում շինարարական աշխատանքը միանգամայն դադարում է։ 7-րդ դարուն արաբական արշավանբը, ինչպես բնորոշել են մի քանի նշանավոր հեղինակներ, եղել է քաղաքակրթության պատուհաս և այրող ու խանձող մի փոթորիկ, որ իր անցած երկիրներին վրա քաղաքակրթական զարգացման մահաբեր հարված է տվել։ Նույնիսկ 6-րդ դարուն Այա-Սոֆիայով գերազանց կատարելության հասնող բյուզանդական ճարտարապետությունը ժամանակավոր անկման է դատապարտվում: Ուժեղ թափով անցել է արաբական այդ քաղաքակրթության պատուհաս և խանձող քամին Հայաստանի վրայից և 7-րդ դարուն նախանձելի բարձրության հասնող հայ ճարտարապետությունը միանգամայն իր օրհասական վիճակին է հասցնում։ Այս քաղաքակտն զարհուրելի փոթորիկի միակ պատճառով է, որ Հայաստանում 8-րդ դարուց մինչև 10-րդ դար ոչ միայն չենք գտնում քար քարի վրա դրված, այլ նույն դարաշրջանների պատմագրությունները լի են զարհուրելի աղետի նկարագրություններով և երկրի բնակչության թշվառության մասին սրտաճմլիկ ողբերգություններով: Վերջապես, 10-րդ դարու մոտ ժամանակներում ներքին երկպառակություններով թուլանալով արաբական իշխանության ահեղ թափը, Հայաստանում վերականգնում են փոքրիկ անկախ իշխանություններ, և ի բնե գեղարվեստասեր հայ ժողովուրդը վերստին նվիրվում է կուլտուրական աշխատանքների և ստեղծում է ճարտարապետական մի նոր վերածնություն, նախկին ավանդությունների

  1. Տաճարը՝ դահլիճ է: