Այս էջը հաստատված է

ոճով կանգնված շենքեր, որոնց մեջ ինձ ծանոթ եղողներն են՝ Հախպատի մեծ գավիթը, Հոռոմոսի երեք առանձին մասնավոր շենքեր և Առաքելոց եկեղեցու գավիթը։ Համենայն դեպս այս շենքերն ավելի վաղ են կանգնված, քան Արևմուտքում ogive ոճի երևումը:

Առաջին անգամ այս վերածնության սկզբնական շրջանում իսկ, երևում են, առհասարակ գավիթների մեջ, քարաշեն հորիզոնական կրաշաղախ ձուլածո առաստաղներ, փոքր ի շատե ընդարձակ բաժանումների վրա։ Հոռոմոսի վանքի ս. Հովհաննես եկեղեցու գավթում վեց ընդարձակ կամարամիջոցներ, փոխանակ գմբեթարթ կամ voute d’arrét շինվելու, ինչպես հետագայում է եղել, շինվել են բոլորովին հորիզոնական, յուրաքանչյուր առաստաղը կազմված է չորս մեծածավալ քարերով, որոնք երկու կողմից հանգչած են պատերի և աղեղների վրա, իսկ մյուս կողմերով կրաշաղախ միացած են հանդիպակաց կողմին վրա դրված միևնույն մեծածավալ քարերին և այս մեծամեծ քարերի արանքում զետեղված են, նույնպես հորիզոնական, սևագույն քարերից շինված լայն շերտեր։ Յուրաքանչյուր մեծ քարի վրա փորագրել են գեղեցիկ վարդաձևեր, բավական խոշոր տրամագծով. և այս մեծ քարերի արանքում զետեղված սև քարերի լայն շերտն ամբողջովին քանդակված է այս շրջանին հատուկ եղող մանվածոներ։ Հոռոմոսի գավթում այս ձևով քարեղեն հորիզոնական առաստաղ կազմված լինելուն կարելի է մի կերպ հաշտվել թե առաստաղը կազմող քարերի մեծ ծավալի և թե նրանց երկու եզերքներին հաստատուն պատերի վրա դրված լինելուն պատճառով, որ ըստինքյան մեծ երաշխիք էր հաստատության և ապահովութան: Բայց ինչպե՞ս չզարմանալ միևնույն շրջանում շինված ընդարձակ միջավայր ծածկող հորիզոնական առաստաղների շինելակերպի ճարտարության վրա, որոնք անհամեմատ կրաշաղախի մանր քարերով զանգված և ներքևը գունագեղ քարերով մոզայիկ է շինված, միաժամանակ հորիզոնական առաստաղի բետոնին միացած: Մոզայիկ շինված քարերի հպավորումներն այնքան գեղեցիկ պատշաճությամբ և մաքուր միացած են միմյանց հետ, որ այսօր պարզ գետնի վրա մոդայիկ հատակներ (տոմետ) շինող վարպետների նախանձը կարող են շարժել և նույնիսկ ամաչեցնել: Որչափ խոր գիտակցություն պետք էր որ ունենային այն ժամանակվան ճարտարապետներ և որմնահյուսեր, իրենց գործածած շինանյութերի հատկության և նրանց տարողության ուժին, որ փոխանակ գմբեթարթի, կրաշաղախով մեծ վստահությամբ ձուլել են հորիզոնական հարթ առաստաղներ, որոնց անմիջապես վրան նույնպես հորիզոնական բացօթյա երդիկներ են։ Հարյուրավոր տարիներ այս բացօթյա երդիկների վրա բնության տարերքներ՝ արեգակը, անձրևը և ձյունը անընդհատ ներգործել են, սակայն շինվածքին մազաչափ իսկ վնաս չեն կարողացել հասցնել։ Եվ, որ ավելն է, հաճախ կրկնվող երկրաշարժներ մի կտոր իսկ չեն կարողացել պոկել ալս հանդուգն, բայց հանճարեղ շինություններեն։ Այս շինարարական ոճը Հայաստանում այնքան էր սիրված, որ հետագա չորրորդ վերածնության մեջ ևս շարունակվեց ավելի կատարելագործված ձևով՝ մինչև վերջին անկումը։

Այս երրորդ վերածնության մեջ շինարարական առավելություններեն մեկը պետք է համարել գմբեթաշինության կատարելության հասցնելը։ Գմբեթաշինության ներկա կերպերը ևս զուգընթացաբար մշակված են և ըստ ամենայնի շքեղության հասած իրենց պարզությամբ և ներդաշնակ կազմվածքով։ Թմբուկավոր գմբեթների խարիսխների շինվածակերպին մեջ տեղ-տեղ շարունակվում են trompe-ները ըստ հին ոճի, հավանորեն վերածնության սկիզբներին կանգնված շենքերի վրա. սակայն երկար չի տևում այս շինելակերպի կիրառումը. շուտով սկսվում են pendentif կազմված խարիսխները, որոնց վրա թե ամբողջովին բոլորակ թմբուկներ են շինվում և թե բազմանկյուն: Բաղդատելսվ նախընթաց վերածնությունների գմբեթների համեմատական բարձրության, այժմ թե ավելի լայնացած են տրամագծերը և թե ավելացած են բարձրությունները։ Պատահում են այնպիսի գմբեթներ, որոնց թմբուկներն արտաքուստ որմնասյուներ, նույնիսկ սյունախուրձեր ունին անկյունների վրա և որմնասյուները պսակված են գեղեցիկ կամարաղեղներով։ Ինչպես ընդհանուր շենքը, նույնպես գմբեթները մի քանի շենքերի վրա, պսակի անմիջապես ներքև պատված են քանդակազարդ լայն գոտիներով, որ առավել գեղեցկություն են տալիս շենքի ընդհանուր տեսքին։ Թմբուկից վերևի կոնաձև մասի շինության կերպը գրեթե նույնն է, միայն թե մի քիչ ավելի բարձրացած, համեմատելով թմբուկների տրամագծին հետ, նաև շարունակվում է կոնաձև մասին մեջ դատարկ