Այս էջը հաստատված է

և ճոխ։ Ներքին անջատ կամ որմնասյուներու խոյակներ՝ քանդակազարդ, ներսի սյուներու մեջ, երբեմն կլոր խոյակավոր սյուներ, պատերու հաստությունը՝ 110-115 սանտիմ., քարերը խոշոր և ընդհանրապես երկայնությանը դրված, և քարերու եզերքները հորիզոնական ձևով տաշած. արևելյան կողմեն ալ մտից դռներու оրինակներ, բայց անկյուններու սենյակներու համար: Abside-ներ դուրս են շենքեն, փոխանակ ուղղանկյուն պատի մեջ ամփոփված լինելու։


Գ
ՄԱՍՆԱՎՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՆԱԽԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՐՈՆԻ ԵՎ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ[1]

Թեև Հայաստանի քաղաքական անկախությունը քրիստոնեական շրջանեն քանի մը դար առաջ գոյություն ուներ և ավելի ազդեցիկ, քան հետագա ժամանակները, տիրապետելով ընդարձակ երկիրներ ու իր քաղաքական ազդեցության կշիռը ունեցեր էր հանդեպ դրացի մեծ պետություններու, երբեմն պատերազմներով չափվեր է անոնց հետ և երբեմն ալ խաղաղ հարաբերության համար դաշնակցեր է, և, որ ավելի կարևորն է, օգտվելով իր դրացի մեծ ազգերու քաղաքակրթական բարձրագույն զարգացումեն, ստեղծեր է նաև իր սեփական քաղաքակրթությունը, սակայն այս ամենը պատմագրական հակընդդեմ տեղեկություններով միայն հայտնի է մեզ։ Դժբախտաբար Հայաստանի այդ հզոր միահեծան և քաղաքակիրթ համարված շրջանեն ոչ մի ճարտարապետական հիշատակարան չունինք, որուն հետ համեմատելով պատմագրական առասպելանման տեղեկությունները, ընդունենք իբրև ճշմարտություն կամ հերքենք։ Վասնզի ճարտարապետական կամ գեղարվեստական հիշատակարանները ավելի արժանահավատ պատմիչներ են, քան մագաղաթները, որոնք հաճախ, արդարացի կերպով կասկածներու տեղի տված են իրենց անկողմնակալության մասին։ Շատ տարօրինակ և անբնական կերպով Հայաստանի մեջ գոյություն ունեցող կիկլոպյան կոպիտ ճարտարապետությունեն հետո, որուն մասին առանձին մի գլուխ նվիրել եմ, քրիստոնեության սկզբնական դարերուն Հայաստանի մեջ կգտնենք ճարտարապետական այնպիսի կերտվածներ, որոնք ըստ ամենայնի կատարելության հասածի երևույթը ունին։ Այս իսկ պատճառով մեզ համար գրեթե անհնարին կդառնա կեկլոպան շրջանի և քրիստոնեական ճարտարապետության մեջտեղը բռնող քանի մը դարաշրջաններուն հայոց ճարտարապետության վիճակը և անոր աստիճանական զարգացումը տեսնել, ուր, ըստ պատմական տվյալներու, պետք էր որ ավելի մեծ արդյունք գտնեինք, քան հետագա՝ անկախութենե զուրկ և տնտեսապես ընկած շրջաններուն։

«Կիկլոպյան ճարտարապետությունը»[2] հոդվածիս մեջ ինչ որ տեսանք, անպայման անոնցմե ոմանք այնքան հին են, որոնք կպատկանին նախահայկական ամենահին ժամանակներուն, իսկ ինչ որ փոքր ինչ հայկական շրջանին պատկանելու հավանականությունն ցույց կուտան, անոնք ալ բավական չեն կիկլոպյան ճարտարապետությունեն հետո մինչև քրիստոնեական 3-րդ կամ 4-րդ դարերը, նախաքրիստոնեական հայոց ճարտարապետության զարգացման աստիճանական խազերը բնորոշելու։

Անկարելի էր, որ հայերը նախաքրիստոնեական շրջանին մեջ չունենային բավականաչափ զարգացած ճարտարապետություն և գեղարվեստ, որովհետև քննադատորեն զտված ուսումնասիրություններ Հայաստանի նկատմամբ եթե կընդունեն միահեծան և անկախ շրջան մը, սակայն այս շրջանը ավելի կարճ էր, քան այն, որ հաճախ հռոմեական և պարսկական նահանգներ եղած էր Հայաստանը։ Բայց ինչ որ ալ լիներ քաղաքական կացությունը, անկարելի էր, որ պատմության ծանոթ բովանդակ ժամանակաշրջանում զինք շրջապատող մեծ ազգերու մեջ ծաղկող քաղաքակրթութենեն լիովին օգտվել գիտնալու անվիճելի ապացույցներ տվող հայ ժողովուրդը կօգտվեր նաև պատմության անորոշ շրջանին մեջ ալ։

Այս կապացուցանե նաև քրիստոնեության առաջին շրջանեն մեզ հասած ճարտարապետական կոթողներու ստվար թիվը, որոնք երկար դարերու ընթացքին մեջ մշակվելով, զարգանալով և հառաջադիմելով միայն կարող էին նույն կատարելության տիպարն ստանալ։

Եթե ստույգ է, որ նախաքրիստոնեական շրջանում հայերն ունեցեր են միահեծան մի ուժեղ պետություն և հաճախ դաշնակից՝ Հայաստանը շրջապատող մեծ պետությունների հետ, նաև ունեցեր են աշխարհակալ միապետներ և բազմաթիվ հարուստ նախարարական տոհմեր, անոնք անշուշտ ունեին ճոխ ու փարթամ մեծամեծ պալատներ, զորանոցներ, հասարակական այլ և այլ շինություններ, նաև իրենց հեթանոսական տաճարներն ու սրբավայրերը։ Ի՞նչ եղան ուրեմն այն ամենը, որոնք նախաքրիստոնեական հայոց ճարտարապետության արդյունքները պիտի լինեին, տարօրինակ հրաշքով մը հանկարծ անհետացա՞ն երկրի երեսեն, թե՞ քրիստոնեական վարագույրով մը ծածկվեցան։ Ահավասիկ դժվարին առեղծված մը, բայց թերևս ոչ բոլորովին անլուծելի, ժամանակը պիտի պարզե, եթե, իհարկե, լրջորեն կուսումնասիրվեն այսուհետև բովանդակ Հայաստանի մեջ անթիվ հիշատակարաններ ու հետազոտությունե բոլորովին կույս մնացած բեկորներ։

Ուստի գեթ առայժմ, քանի որ կանխահաս հայոց ճարտարապետության մասին դատել և վճռել. հայ ճարտարապետության պատմության նյութը պիտի կազմվի բացառապես քրիստոնեական ճարտարապետության հիշատակարաններով։

Թերևս քրիստոնեական ճարտարապետության սկզբնական

  1. Այս ուսումնասիրությունը Թորամանյանը գրել է «Նյութեր պատմական հայ ճարտարապետության» համար և տպագրվում է առաջին անգամ:
  2. Խոսքը վերաբերում է ներկա ժողովածուի առաջին մասին: ԿԱԶՄՈՂ