Այս էջը հաստատված է

կողմը, սեղանին երկու քովը, երկու սենյակներ պատերեն ներս ամփոփված և ներքին խաչաձևի թևերը քառակուսի պատերեն դուրս շեշտված, ինչպես Էջմիածինը, Բագարանը և այլ նմանները։

Քառակուսի բազիլիկ և խաչաձև եկեղեցական հատակագծերեն բոլորովին տարբեր ոճ մ'ալ երևան եկեր է 7-րդ դարուն, այն է՝ արտաքուստ ութանկյուն կամ բազմակուսի, իսկ ներքուստ՝ դրսի ճակատներու քանակությամբ կիսաբոլորակ abside-ներով։ Այս ոճի առաջին օրինակն է, թերևս, Եղվարդի մեջ Մամիկոնյանի շինած ս․ Զորավոր անունով եկեղեցին։ Այս ոճը հետագային, մինչև 14-15-րդ դարեր շատ ընդհանրացած և շատ գեղեցիկ այլազանություններով ճոխացած է, սակայն առայժմ կթողում այս մասին խոսելը, հառաջիկային իր տեղին խոսելու համար [նկ․ նկ․ 67—69]։

Արդյոք Գր․ Մամիկոնյանի այս եկեղեցին սկի՞զբն էր բոլորակաձև եկեղեցիներու, թե՞ իրմե առաջ ուրիշ օրինակներ կային, որոնք ալ մասամբ իբրև նախագաղափար ծառայեցին Զվարթնոցի արտաքուստ բազմակուսի, իսկ ներքուստ խաչաձև և մինչև այստեղ տեսնված բոլոր ոճերեն զգալի չափով շեղվող նոր վերածնության, այդ հարցին առայժմ պատասխանել դժվար է, սակայն մի բան պետք է ըսեմ, որ Զվարթնոցը այնպիսի նոր ոճի ստեղծագործություն մ'է, որ այս ընդհանուր ուղղություններեն մեծ չափով շեղվելով հանդերձ՝ իր մեջ ամփոփում է բոլոր իրմե առաջ և հետո վերածնող ու զարգացող հատակագծային ոճերուն գլխավոր հատկանիշները, որուն [Զվարթնոցի] մասին ընդարձակորեն պիտի խոսեմ, երբ կարգը կուգա բուն Զվարթնոցով զբաղվելու։

Այժմ սկսինք համեմատություններ կատարել այս բոլոր հատակագծերու վրա, ժամանակագրական կարգ մը գտնելու համար՝ սկսելով երկար քառակուսի ձևերեն։


ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՀՆԱԳՈՒՅՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՀԱՏԱԿԱՁԵՎԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Ներկայացուցած քարտեսիս մեջ շինության ժամանակը հայտնի եկեղեցիներն են՝ 1․ Էջմիածնի կաթուղիկեն՝ Վահան Մամիկոնյանի ձեռքով շինված 5-րդ դարուն․ 2․ Եղվարդի մեծ կաթուղիկեն՝ Մովսես կաթողիկոսի շինած՝ 6-րդ դարու կիսեն հետո․ 3. Մրենի եկեղեցին՝ 7-րդ դարուն շինած. 4. Արուճի կաթուղիկեն՝ Գր․ Մամիկոնյանի շինած [7-րդ դարի երկրորդ կեսին]․ 5․ Հռիփսիմեի վանքը, Կոմիտաս կաթողիկոսի շինած՝ 7-րդ դարուն. 6․ Գայանեի եկեղեցին՝ Եզր կաթողիկոսի շինած՝ 7-րդ դարուն․ 7․ Եղվարդի բազմակուսի եկեղեցին, Գր․ Մամիկոնյանի շինած՝ 7-րդ դարու վերջին։ Մյուս բոլոր եկեղեցիներուն ոչ շինության ժամանակն է հայտնի և ոչ ալ շինողներու անունը։ Ուստի, այս տեսակետով ուրեմն, 5-րդ դարու վերջին քառորդին մեջ Վահան Մամիկոնյանի ձեռքով շինված Էջմիածնի կաթուղիկեեն ավելի հինը չկա, որուն շինության թվականը որոշ լինի, և որովհետև, ըստ պատմական ավանդության, Վահան Մամիկոնյան վերաշիներ է ամբողջովին և, ըստ ժողովրդական ավանդության, լուսավորչավանդ հիմերուն վրա առանց հատակաձևը փոփոխելու, ուրեմն պետք է ընդունենք, որ հայոց քրիստոնեական եկեղեցիներու հատակաձևերու առաջին ձևն է Էջմիածնի հատակագիծը։ Սակայն փոքր ինչ քննադատության ենթարկելով, կտեսնենք, որ առողջ տրամաբանության միանգամայն հակառակ է. բոլորովին նոր վերածնվող, բազմատեսակ օրենքներե և պահանջներե միանգամայն ազատ, տակավին բոլորովին իր նախնական պարզության