Այս էջը հաստատված է

օրենքը փոխվեցավ և թե ապաշխարողաց գավիթի սովորությունը թուլանալով, փոխանակ առանձին սենյակի, առանձին բաժին հատկացվեցավ եկեղեցվո արտաքին դռան մոտ։

Ինչպես մի անգամ հայտնեցի, սկսած դեռ 5-րդ դարեն Էջմիածնի ներքին խաչաձև հատակագծի վերածնությունով չեն վերջացեր basilique ձևերը, այլ զուգահեռաբար զարգացեր են այդ ուղղությամբ եկեղեցիներ ալ, ինչպես Եղվարդի մեջ Մովսես կաթողիկոսի շինած մեծ կաթուղիկեն։ Այս եկեղեցին թեև բոլորովին սենյակներ չունի, և արևելյան կողմի սենյակների փոխարեն ալ միայն փոքրիկ abside-ներ են, սակայն առանց պատճառի չէ. կան ուրիշ նմաններ ալ այդ շրջանները, որոնց մասին կխոսեմ իր կարգին։

Հայոց եկեղեցական ճարտարապետության զարգացման տեսակետով անօրինակ կերպով հարուստ է 7-րդ դարը իր շատ մր հոյակապ եկեղեցիներով։ Այս դարուն մեջ ոչ միայն անցած դարերու վերածնվող բոլոր ոճերը ավելի զարգացած, ճոխացած և նորանոր այլազանություններով վերստեղծված են, այլև շեղվելով ընդհանուր ուղղություն են, բոլորովին նոր ոճեր երևան եկած են մին քան զմյուսը գերազանցող ճոխ և մեծագործ։ Մանավանդ եթե առավելություն մը կա, որ անհունապես նպաստավոր է ըհդհանուր հայոց ճարտարապետության ուսումնասիրությունը դյուրացնելուն, այն է, որ բոլոր այլազանություններու և նորաստեղծ ոճերու թվականը կամ ժամանակը հայտնի լինելեն բացի՝ հայտնի են անոնց շինողներու անունները։

7-րդ դարուն կանգնված ոճերու այլազանությունները հետևյալներն են.

1. Basilique ոճի խիստ շքեղ օրինակներն են Արուճի մեջ Գրիգոր Մամիկոնյանի, Մրենի մեջ Կամսարականի շինած կաթուղիկեները և Էջմիածնի Գայանեի վանքը՝ Եզր կաթողիկոսի շինած. այս եկեղեցիներու մեջ բնորոշ նորություն մը եթե կա, այն է, որ արևմտյան կողմը սենյակներ չունեն, իսկ արևելյան կողմի սենյակները փոխանակ հավասարակողմ քառակուսիի՝ ավելի երկարած են դեպի արևելքեն արևմուտք՝ հակառակ նախորդ դարու հավասարակողմ քառակուսիին:

2. Ներքուստ և արտաքուստ խաչաձև եկեղեցիներ, ինչպես Բագարանի, Մաստարայի, Արթիկի ևն, ևն եկեղեցիները, որոնց հավասարակողմ քառակուսի արտաքին պատերեն դուրս շեշտված են ներքին խաչաձևի կիսաբոլորակ թևերը՝ արտաքուստ անկյունավորված: Կեսութանկյուն այս եկեղեցիներու մեջ, հակառակ իրենց խաչաձև լինելուն, արևմտյան կողմի վրա