Այս էջը հաստատված է

ըսված շենքեր, հետևաբար հայոց եկեղեցիները պետք էր որ ձևակերպված լինեին բոլորովին անկախ կերպով և առանց կիսաբոլորակ abside-ի: Շատ իրավամբ իսկ կարող ենք ենթադրել, որ Հայաստանի մեջ հայոց մեհենական շենքերն օգտագործված են իբրև քրիստոնեական եկեղեցիներ, որովհետև բազմաթիվ վկայություններ կան նույնիսկ սկիզբեն Լուսավորչի և Տրդատի ձեռքով մեհենական փոխարկումներու Հայաստանի ամեն կողմը. նույնիսկ կան վկայություններ, որ աննշան փոփոխությամբ միայն հեթանոսական տաճարներ փոխարկվեցան քրիստոնեական եկեղեցվո (Զեն. Գլ.):

Abside-ի նորաձևությունը եթե մեկ կողմանե տեղի հեռավորության պատճառով երկար ժամանակի կկարոտեր մինչև Հայաստան հասնելու համար, մյուս կողմանե ալ այնքան դյուրին չէր արդեն ընդունված ու սրբագործված ձև մը փոփոխության ենթարկել առանց երկար վարանումներու և տատանումներու։ Շատ բնական է, որ ինչպես Արևմուտքի մեջ, նույնպես ալ Հայաստանի մեջ abslde-ավոր եկեղեցվո առաջին օրինակին բազմացումը և ընդհանրացումը երկար տարիներու տևողության մեջ կատարվեցավ։

Ուրեմն, երբեք անհավանական չէ, որ հայոց եկեղեցիները ի սկզբան ձևակերպվեցան հայ-հեթանոսական տաճարներու հատակագծերուն վրա առանց abside-ի, և abside-ը Հայաստան մտնելեն հետո, երբ պահանջը ընդհանուր եղավ, պարտավորված պիտի լինեին նախապես շինված եկեղեցիներու վրա ավելացնել առանձնապես abside-ներ՝ արևելյան կողմին շենքեն ներս կամ դուրս. ուստի այժմ, նախքան հեթանոսական տաճարներու բաղդատությունը հայոց քրիստոնեական տաճարներու հետ, տեսնենք, թե Հայաստանի մեջ երբևիցե գոյություն ունեցեր են, արդյոք, առանց կիսաբոլորակ abside-ի եկեղեցիներ, կամ, փոխանակ կիսաբոլորակ abside-ի, քառակուսի բեմով եկեղեցիներ, որոնք գլխավոր կռվան պիտի լինին ներկայացուցածս հատակագծային քարտեսի ժամանակագրական կարգին։

Այժմ այս տեսակետով ամենեն առաջ քննենք Դիրաքլարի եկեղեցվո հատակագիծը։

Այս եկեղեցին արևելյան կողմի վրա կիսաբոլորակ խորան ամենևին չէ ունեցեր մինչև այժմյան գյուղացվոց այնտեղ բնակություն հաստատելը, որոնք Պասկևիչի բերած գաղթականության մեկ հատվածն են։ Մինչև այսօր գյուղացվոց ընդհանուր համոզում է տիրած, որ իրենց եկեղեցին նախապես ուռմի եկեղեցի է եղած, կարծելով, որ հունաց եկեղեցիները abside չեն ունենար։ Երբ գյուղը վերաշիներ են նախկին Դիրաքլարի ավերակներուն վրա, նորոգեր են նաև եկեղեցին. նորոգ շիներ են կիսաբոլորակ խորանը արևելյան կողմին վրա և բացեր են երկու անճաշակ փոքր պատուհաններ՝ հարավային կողմը և հատ մ'ալ խորանին վրա՝ արևելյան կողմեն։

Եթե դռներուն և պատերուն վրա քրիստոնեական հնադարյան խորհրդանշաններ չգտնվեին հնագույն շրջաններու պատկանող, պիտի կարծվեր, որ նույնիսկ ի հնումն եկեղեցի չի եղած այս շենքը։

Ինչպես նկատեցի վերև, հարավային պատին կից, արևելյան կողմին վրա ավելացված անճաշակ և կոպիտ ձևով սենյակին կից, որուն հերթապահ քահանայի հատուկ լինելը հայտնեցի, ավելի ուշ ժամանակ շինվեր է մի կիսաբոլորակ խորան, բացօթյա, ինչպես ունին Տեկորի, Երերույքի մեծ և Արթիկի փոքր եկեղեցիները:

Թե ինչ նպատակով այս արտաքին բացօթյա խորանները կշինեին եկեղեցվո սրահներուն վրա, առայժմ դժվար է պարզել, միայն թե այս հատկանիշը միմիայն 5-րդ դարուն է հատուկ, 6-րդ դարուն հազիվ թե կրկնված լինի, որովհետև 5-րդ դարու հավանականություն և փաստ ներկայացնող եկեղեցիները բնավ չունին ոչ միայն այս խորանները, այլև չունին թևեր արևելյան ճակատի հավասարությամբ դուրս ցցված հյուսիսային և հարավային պատերուն կից՝ ինչպես Տեկորի, Երերույքի և Արթիկի եկեղեցիները։ Իսկ 7-րդ դարուն արդեն եկեղեցական հատակագծի նոր վերածնություններով հին ձևերը միանգամայն չքացած են։

Արդ, եթե այս արտաքին բացօթյա խորանը ավելցված է 5-րդ դարուն՝ նախապես բուն շենքին վրա ավելցված սենյակին, ուրեմն սենյակը պետք է ավելցված լինի կամ 5-րդ դարու սկիզբներին և կամ 4-րդ դարու վերջերին։ Ասկեց ալ անվրեպ կերպով կհետևի, որ բուն շենքը արդեն գոյություն ուներ 4-րդ դարուն, եթե ոչ անկեց առաջ։

Նույնպես Քասաղի եկեղեցին թեև արտաքին բացօթյա խորան չունի, սակայն ներքին խորանը արևելյան կողմին վրա միանգամայն հավելված է, որուն թև շինանյութերը, քարերն ու դասավորությունները և թև պատուհաններու շրջանակներն ու պսակները 6-րդ դարու հատկանիշներն ունին, որոնց մասին պիտի տեսնենք ճարտարաոլետական զարդաքանդակներով զբաղվելու ժամանակ։

Շիրվանջուղի եկեղեցվո խորանին հավելված լինելուն մասին չեմ կարող հաստատ ոչինչ ըսել, որովհետև հնարավորություն չեմ ունեցեր երկար ժամանակով մանրամասն քննելու, սակայն նկատի ունենալով անոր բոլորովին նախնական տիպը և ամենաուշը 5-րդ դարուն պատկանող քանի մը ճարտարապետական մասերը, կասկածելի կգտնեմ անոր շենքին հետ միաժամանակ շինված լինելուն, ամենայն հավանականությամբ շատ հին ժամանակ պիտի որ շինված լինի խորանը, նույնիսկ այն ժամանակ, երբ Տեկորի եկեղեցվույն վրա ավելցվեր է։ Այս եկեղեցվո արտաքին զարդերը Տեկորի նախնական վերանորոգության ժամանակակից լինելուն փաստերը կմնան դեռ անաղարտ, որուն մասին նաև կտեսնենք ճարտարապետական մասերու ուսումնասիրության ժամանակ։

Տեկորի եկեղեցվույն հեթանոսական շենք մը լինելուն և անոր մի ժամանակ քրիստոնեական եկեղեցվո փոխարկելու ապացույցներ ու մասին մանրամասնություններ արդեն տվեր եմ իմ «Տեկորի տաճարը» անունով աշխատությանս մեջ. այստեղ անհրաժեշտ է մատնացույց անել հատկապես խորանի մասը։ Սկզբան բնավ խորան չէ ունեցեր, այլ առառավելն քառակուսի մաս մը՝ հետնագույն ժամանակի հավելված խորանի տեղ։ Սակայն ավելի ուշ ժամանակ, երբ կիսաբոլորակ գմբեթարթ ծածկված խորանի ոճը հասեր է Հայաստան, այն ժամանակ վերստին քանդեր են արևելյան կողմի