Այս էջը հաստատված է

այդ հավելված քառակուսի մասը և ավելցուցեր են անոր պատերուն շարունակությամբ կիսաբոլորակ խորանը։

Ուրեմն, Տեկորի եկեղեցին մեզ ապացույց կներկայացնե, որ 5-րդ դարու սկիզբներին գոնե, երբ կիսաբոլորակ խորան Հայաստան չէր եկած, հայեր մի առժամանակ շիներ են քառակուսի բաժին մը արևելյան կողմին վրա որպես խորան կամ սրբություն սրբոց։

Անպայման Տեկորի քառակուսի սրբարանի հետևողության միակ օրինակն է Մոլա-Կասումի եկեղեցին, որ հավանորեն, ըստ արձանագրության, Գնթունի իշխաններեն մեկուն գործն է, և այս Գնթունի իշխանն ալ անպայման այն Գնթունիներեն է, որ կամ ժամանակակից Տրդատի կամ մոտավոր շառավիղն է անոնց, որոնց մասին Տրդատի հունարենրեն նոր գտնված արձանագրութենեն հայտնի է, որ այդ կողմերը իբրև թագավորական շնորհ տրված էր Գնթունիներուն:

Ինչպես ըսի, գոնե իմ տեսած հիշատակարաններու մեջ միակ օրինակն է արտաքուստ քառակուսի ձևով դուրս շեշտված խորանի նման Տեկորի եկեղեցվո մասնավոր հետազոտությամբ պարզված ձևին, սակայն ներսեն կիսաբոլորակ շինված է, բայց այս ևս կասկածելի կթվի ինձ հարազատ լինելուն։ Դժբախտաբար, այս գյուղին մեջ ալ շատ քիչ մնալով և մանրազնին հետազոտությունը հարմարագույն ժամանակի վերապահելով, չեմ կարողացեր լուրջ քննություն կատարել, թերևս ապագային իմ կամ մեկ ուրիշի կողմանե պարզվի այս անորոշությունը։ Բայց ինչ որ ալ լինի, խորանի քառակուսի ձևով դուրս շեշտվելը զինքը 5-րդ դարեն այս կողմ չի կարող բերել, որովհետև 5-րդ դարուն Եղվարդի կաթուղիկեն արդեն կիսաութանկյուն ձևով դուրո շեշտված է։ Այս եկեղեցվո abside-ն ալ, ինչպես նաև Մրենի եկեղեցունը, անօրինակ տարբերություն մը ունին իրենց կրկնաբաժանումով և արտակարգ խորությունով. այս հատկությունը զինքը կասկածելի կդարձնե abside-ի հարազատության տեսակետով: Մանավանդ abside-ի դրսի կողմը ընկած արձանագրության քար մը կա խիստ եղծված, այնուամենայնիվ վրան խորանի շինության մասին մեկ քանի բառեր կկարդացվին։ Ինչպես նաև Քասաղի եկեղեցին, որուն հավելվածական շինությունը 5-6-րդ դարերու գործ միայն կարելի է համարել՝ հետևցնելով իր ճարտարապետական մասերեն։

Որովհետև Դիրաքլարի, Քասաղի և Տեկորի եկեղեցիները վերոգրյալ հարամասունքներու տված փաստերով անվիճելի կերպով կհասնին մինչև 4-րդ դար, նույնպես Շիրվանջուղի եկեղեցին ամենաուշը 5-րդ դարու գործ պետք է որ լինի, հետևաբար հատակագծի նույն համաչափություններով, այսինքն՝ անհամեմատ նեղ ու երկայն իրենց լայնության քառապատիկը երկարություն ունեցող բոլոր եկեղեցիները պետք է անպայման միևնույն ժամանակի գործ համարել իբրև ժամանակի ոճ կամ պահանջ։ Այս հատակագծերու համաչափության կպատկանեն Եղվարդի փոքր ավերակ եկեղեցին, Հովհաննավանքի հին եկեղեցին և ուրիշ նմաններ, ուր որ ալ գտնվին, այսինքն՝ կառուցված ամենաուշը 5-րդ դարու սկիզբները. իսկ անկեց որչափ առաջ կանգնված լինելը թերևս հետզհետե պարզվի՝ շարունակելով ուրիշ մասերու ուսումնասիրությունը։

2. Սյունազարդ սրահ (portique).

Ժամանակագրական տեսակետով շատ կարևոր նշանակություն ունին արտաքուստ սյունազարդ սրահով (portique) շրջապատված եկեղեցիները, ինչպես՝ Տեկորի, Երերույքի, Օձունի և ուրիշ նման եկեղեցիները, Որոշ չափով հիմնվելով Տեկորի արևմտյան դռան վրա փորագրված արձանագրության մը վրա, կտեղեկանանք, որ այդ եկեղեցին շիներ է Սահակ Կամսարական անունով մեկը՝ 5-րդ դարուն։ Սակայն իմ կատարած մանրակրկիտ խուզարկություններս ու քննություններս ապացուցին, որ այդ եկեղեցվո շենքը վաղ քան 5-րդ դար գոյություն ուներ և 5րրդ դարուն մեծ փոփոխություններով վերաշինվեր է, և այդ վերաշինության ժամանակ շրջապատվեր է արտաքին սյունազարդ սրահով մը (portique):

Եթե նույնիսկ գոյություն չունենար շենքը մինչև 5-րդ դար տանող որոշ կամ անորոշ արձանագրություն մը, այս եկեղեցին ունի մի ուրիշ բնորոշ հատկություն, որ անվիճելի կերպով կհեռանա մինչև 5-րդ դար, եթե ոչ անկեց ալ ավելին։ Այս փաստն է՝ հյուսիսային և հարավային պատերուն կից, արևելյան պատին հավասար ուղղությամբ, դուրս ցցված սենյակներ պարունակող թևերը։

Ժամանակով և թվականով մեզ հայտնի 7-րդ դարեն սկսված շինվող եկեղեցիներեն ոչ մեկին վրա այս հատկանիշը գոյություն չունենալեն զատ, նույնիսկ 6-րդ դարուն Եղվարդի մեջ Մովսես կաթողիկոսի և Ավանի մեջ հակաթոռ Հովհան կաթողիկոսի շինած եկեղեցիներու վրա իսկ չկան, բացի այս՝ չենք ալ կարող ըսել, որ եղեր են մի ժամանակ և անհետացեր են, որովհետև սկսած 6-րդ, 7-րդ դարերեն շինված եկեղեցիներու ոճերը այնքան ինքնուրույն են և այլազան, որ հնար չէ երևակայությամբ իսկ պատշաճեցնել անոնց վրա այդ դուրս ցցված թևերը։ Ուստի, այս իսկ անհերքելի պատճառով, այդ թևերը կմնան ընդմիշտ 5-րդ դարու սեփականություն, որ պարզ բարեփոխություն կամ զարգացումն են ավելի վաղ ժամանակ Դիրաքլարի և Քասադի եկեղեցիներու վրա հապճեպով կպցված սենյակներուն՝ ծիսական նոր պահանջի մը պատճառով։ Ինչպես վերև առիթ ունեցանք հայտնելու, այդ թևերը, որ իրենց մեջ ամփոփում են երկհարկանի սենյակներ (Դիրաքլարեն և Քասաղեն հետո շինվածներուն մեջ), ըստ ս. Սահակի կանոնի, գլխավոր քահանայի մշտական բնակության հատուկ էր։ Այս կանոնը նույն դարուն վերստին ամրապնդվեցավ Դվնա ժողովի կանոնով, և, անշուշտ, այդ ժամանակեն այլևս անհետաձգելի պահանջ դառնալով՝ խնամքով շինվեցան նորերուն մեջ կամ ավելցվեցան հին եկեղեցիներու վրա:

Նմանապես՝ սյունազարդ արտաքին շրջապատ սրահներու գոյությունը 7-րդ դարեն սկսած շինվող բազմաթիվ եկեղեցիներու ոչ մեկուն վրա չենք կարող ապացուցանել։ Ընդհակառակը՝ ավելի կանուխ շինվող եկեղեցիներու վրա գոյություն ունենալուն մասին ճարտարապետական զարգացման տեսակետով ձեռք բերված փաստերեն զատ՝ նաև ունենք պատմական