Այս էջը հաստատված է

անգնահատելի ակնարկ մը, որ անվիճելի կդարձնե 5-րդ դարու, եկեղեցիներու շուրջը սյունազարդ սրահների գոյությունը։

«Տեկորի տաճարը» աշխատությանս մեջ, հիշվելով նույն եկեղեցվո բարձրութենեն մոտավորապես կեսեն շրջապատվող corniche-ին վրա, որը մի ժամանակ քանդվելով անհետացող portique-ի կամարին պատին վրայի հանգիստը ծածկելու համար քաշված էր, ենթադրեր էի, որ թերևս Էջմիածնի այժմյան տաճարին կեսեն շրջապատվող corniche-ն ալ հայկական ոճին բոլորովին անսովոր կերսլով նույն պատճառով հառաջ եկած լինի:

Եթե Էջմիածնի կաթուղիկեի մասին հայտնած կարծիքս անորոշ նշաններու վրա հիմնված էր, այնուամենայնիվ Ղազար Փարպեցու Դվնա եկեղեցվո մասին տված նկարագրական մեկ ակնարկը անվիճելի կերպով կապացուցանե իրեն ժամանակակից եկեղեցիներուն սյունազարդ սրահով շրջապատված լինելը։

Վահան Մամիկոնյանի մարզպանության հրովարտակը Հայաստան հասնելու առթիվ, Ղազար Փարպեցին նկարագրելով Դվնա մեջ տեղի ունեցած ժողովրդական ցնծալից մեծ շարժումը և եկեղեցական հանդեսը, ուր Հոհան Մանդակունի կաթողիկոսը խոսեցավ իր հռչակավոր ճառը, կըսե, թե այնքան մեծ բազմություն հավաքված էր նույն օրը, որ եկեղեցին բավական չեղավ այդ բազմությունը ամփոփելու՝ ժողովուրդը դուրսը եկեղեցվո սրահներուն և հրապարակներուն մեջ խառնվեցան։ [«Եւ ոչ բաւեալ ընդունել զամենեսեան տանն Աստուծոյ՝ լնուին արտաքոյ սրահք եկեղեցւոյն և փողոցք և ամենայն տեղիք հրապարակացն շուրջանակի»: Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան − աշխատութեամբ Տեր-Մկրտչեան և Ստ. Կանայեան, Տփղիս, 1904 թ., էջ 178]:

Սրահ բառին նշանակությունը մեր նոր գրականության մեջ է, որ փոխված կերևի, հին գրականության մեջ շատ տեղ որոշ կերպով կտեսնվի անոր առումը portique-ի փոխարեն, նույնիսկ ներկայիս ալ դեռ տեղ-տեղ պահված է գավառաբարբառի մեջ. սրահ կանվանին տներու առջև սյունազարդ ծածկույթով շինված բացօթյա մասը։

Երերույքի եկեղեցույն 5-րդ դարուն գոյություն ունենալը, բացի իր սյունազարդ սրահեն, նաև պիտի ապացուցեն իր ճարտարապետական զարդաքանդակներու ոճերը, որոնք իբրև նախատիպ ծառայել են 6-րդ և 7-րդ դարերուն կանգնված քանի մը շենքերու։ Քիչ մը վիճելի կմնա Օձունի եկեղեցին՝ բուն տաճարի ներքին կազմության տեսակետով, սակայն, այն ալ լուրջ քննության կկարոտի, որուն համար ես առիթ չեմ ունեցեր։ Բայց միանգամայն սխալ է անոր շինությունը Հովհան Օձնեցուն վերագրել, որուն համար պատմական տեղեկություններ չկենալեն զատ՝ վրան եղած ճարտարապետական զարդաքանդակներն ու երբեմն շենքը շրջապատող մեծատառ տրձանագրությունեն մնացորդ հատ ու կտոր տառերը հօգուտ 6-րդ և 7-րդ դարերու կվկայեն։ Իսկ եթե ի նկատի առնենք հյուսիսային կողմը կանգնված հիշատակարանի կոթողներու ոճը, համարձակ կարող ենք հասնել մինչև 5-րդ դար, որովհետև այդ հիշատակարան կոթողներու ոճը շատ վաղ հեթանոսական ծագում ունի, որ հետո փոխանցվեր է քրիստոնեության, առանց ընդհանուր ձևը փոխվելու և հետզհետե քրիստոնեական խորհրդանշաններով քանդակազարդվեր են փոխանակ հին հեթանոսականի։

Սյունազարդ սրահի տեսակետով թվածս այս երեք եկեղեցիները չեն միայն, որ գոյություն ունին Հայաստանի մեջ, դեռ կան ուրիշներ ալ, որոնք թեև ունեցեր են մի ժամանակ, սակայն հաճախակի նորոգություններով հազիվ փաստական հետքերն են մնացեր նորոգված պատերուն վրա, իսկ ոմանք ալ կան, թեև ամբողջովին քանդվեր են, սակայն մնացորդ պատերուն վրա որոշ կերպով կնշմարվեն սյունազարդ սրահի գոյության ապացույցները։

Այս կարգի եկեղեցիներն են՝ Քասաղի, Գառնիի (ավերակ), Եղվարդի (փոքր ավերակ), Արթիկի (փոքր եռախորան) և Մոլա-Կասումի եկեղեցիները։

Արթիկի փոքր եկեղեցվո շրջապատին վրա այժմ մնացեր է սրահ մը ծածկող կամարին հանգիստը. այստեղ կամարը դրված է եղեր որոշ չափով ներքևեն հաստ շինված պատին մեկ մասին վրա առանց contre pilastre-ի:

Եղվարդի փոքր ավերակ եկեղեցվույն հյուսիսային պատին վրա մնացեր են երկու contre pilastre-ներ և մեկ կլոր սյուն՝ հարավ-արևմտյան անկյունին վրա՝ contre pilastre-ի տեղ՝ նման Տեկորի եկեղեցվո հյուսիսային կողմի կլոր որմնասյուներուն:

Քասաղի եկեղեցվո հյուսիսային պատին վրա ամբողջ շենքին բարձրությամբ անեղծ պահվեր են երեք հատ contre pilastre-ներ, մնացորդները, անշուշտ, անհետացեր են քահանայի սենյակը և անոր կից մինչև կտուր բարձրանալու համար տարօրինակ ձևով սանդուխը շինելու ժամանակ։ Սակայն այստեղ, բացի որմնասյուներեն, նաև հանդիպակաց անջատ սյուներուն խարիսխներու համար պատրաստված հիմերն ալ կմնան տեղին վրա՝ գրեթե շենքին ամբողջ երկայնության վրա։

Քասաղի եկեղեցվո սլատերը թեև կանգուն են ամեն կողմեն, սակայն, ինչպես ըսի նախապես, արևելյան խորանի հավելման ժամանակ հին մասերը մասամբ անհետացեր են, իսկ հարավային պատի վրա որմնասյուներու հետքեր բնավ չեն երևիր։ Սակայն այս հետք չգտնվելը, ըստ իս, ապացույց չէ, որ բնավ չէ ունեցեր այս եկեղեցին հարավային կողմին վրա սյունազարդ սրահ։ Կան ուրիշ պատճառներ, որոնք հօգուտ սյունասրահի կվկայեն:

Հարավային կողմը հողին տակ և վրան բազմաթիվ բեկորներ կան թաղված կամ ցրված։ Այս բեկորներուն մեջ կան 5-րդ դարու ոճով քանդակված քառակուսի խոյակներ և պատվանդաններ, որոնք անպայման անհետացած սրահին կպատկանին։ Բացի այս, մեկ նայվածքով՝ ոչ մասնագետի աչքն ալ կարող է տեսնել, թե ինչքան շատ նորոգություններու է ենթարկվեր այդ ճակատը և ինչ բազմատեսակ չափերով և գույներով քարերու խայտաբղետ շարքեր են կազմվեր, այնուամենայնիվ, դարձյալ այսօր զառամ վիճակի մը հասած է։

Թող զարմանալի չթվի, եթե ըսեմ, որ Հայաստանի մեջ, հին հիշատակարաններու մեծագույն մասին միշտ