կազմում են մի մեծ կույտ, որը ոչ միայն պատրաստ է շաղախի վերածելու համար, այլև երկար ժամանակ օդի ազդեցությունից ազատ պահվում է ավազի շերտերի տակ։ Մնում է այժմ մի կողմից հետզհետե թիակներով վերցնել կրի ու ավազի այդ խառնուրդը և շաղախը պատրաստել։
Կրաշաղախ կազմելու համար չի կարելի անխտիր ամեն տեսակ ավազ գործածել, որովհետև հաստատության կամ ամրության տեսակետից միևնույն արդյունքը չեն տալիս: Կրաշաղախի համար լավը գետի ավազն է, քան աղբյուրների, քարահանքերի կամ ուրիշ ցամաք գետնի մեջ գտնված հանքերի ավազը։ Գետի ավազը միշտ ազատ է կենդանական, բուսական կամ հողային գոյացության խառնուրդներից, ցամաք գետի հունի մեջ գտնված ավազը, եթե հարկը պահանջե գործածել, անհրաժեշտ է մի մեծ փայտե տաշտի մեջ խնամքով երկար լվանալ, մինչև որ կատարելապես մաքրվի հողային ու բուսական խառնուրդներից. լվանալու գործողության ընթացքում, երբ ջուրը պարզվում է, այն ժամանակ կարելի է ավազը խառնել կրի հետ և անընդհատ շաղվել հատուկ թիակով, մինչև որ զանգվածի մեջ տեսնվի կրի և ավազի հավասար խառնվածք։
Կրի հետ խառնելու համար ավազի համեմատական չափը, նայելով գործածության նպատակին, լինում է տարբեր։ Որովհետև ընդհանուր օրենք է համեմատական չափերը միայն ծավալով որոշել, ուստի, կրաշաղախի համար, 1 խ. մետր կրին 1½-ից 3-4 խ. մետր ավազ է խառնվում, նայած գործածության նպատակին: Քարեղեն որմնաշինության համար, առհասարակ մեկ չափ կրի մեջ 2½-իր մինչև 3 չափ ավազ են խառնում, իսկ ջուր վերցնում են ավազի ծավալի 30%-ի չափով կամ քիչ ավելի։
Կրի և շաղախի մասին համառոտակի գրածիս նպատակն է հնարավորություններ տալ բաղդատություններ կատարելու հնում գործածության եղանակների հետ. այս մասին պետք է գրեմ ինչ որ հնարավոր է, քննելով և ուսումնասիրելով եղածը։ Քանի որ դարեր են անցել, և հին սովորություններն ու կերպերը ծածկվել են երկար ժամանակի թանձր վարագույրով և մանավանդ որ մեր հին մատենագիրներն այս մասին չունին ոչ մի հիշատակություն կամ նկարագրություն, ուստի մենք պիտի կարողանանք միայն ամենահավանական ենթադրություններն անել, հիմնվելով մեր կատարած փորձերի վրա։ Այս հարցում ուշադիր ենք եղել գլխավորապես այն պատճառով, որ թեև հնագույն շինությունների մեջ շատ կան մեր ժամանակի կառուցողական օրենքների համանման երևույթներ, սակայն կան նաև այնպիսի երևույթներ, որոնք միանգամայն տարբեր են մեր այսօրվա որմնաշինության սովորություններից ու շինելակերպերից։
Ինչպես տեսնում ենք քննություններից, թեև Արևելքում և Արևմուտքում չափազանց հին է կրի գործածությունը, սակայն Հայաստանում ընդհանրացած երևում է նախքան երկրորդ կամ երրորդ դարը, երբ արդեն ընդունված էր տուֆ քարի գործածությունը շենքերի համար։ Թեև տուֆ քարի գործածությունից առաջ, երբ Հայաստանում ընդհանրացած էր բազալտով կամ ուրիշ բազմատեսակ մեծազանգված որձաքարերով բերդեր, ամրոցներ, նույնիսկ տոհմապետական պալատներ շինելը առանց շաղախի, սակայն ավելի հին ժամանակի մնացորդների մեջ երևում են վիթխարի որձաքարերով, կրաշաղախով շինված մի քանի պատեր, բայց ընդհանրացած չէր, անշուշտ, այժմ մեզ անծանոթ դժվարությունների պատճառով։ Հոռոմ գյուղի մոտ, նախապատմական մի քաղաքի մնացորդների մեջ, ուր ամբողջ տարածության վրա երևում են միմիայն կիկլոպյան ժայռերով, ժամանակով միմյանցից բավական հեռու, բերդեր, պարիսպներ և բնակության հատուկ շենքերի հիմքեր, որոնք բոլորը կառուցված են առանց շաղախի. բայց է իբրև միակ բացառություն, այս ավերակների մեջ կա խոշոր որձաքարերով և կրաշաղախով շինված մի շենքի մնացորդ, որի պատերից դեռ տեղ-տեղ մնացել են մինչև մեկ մետր բարձրությամբ։ Թե ինչ շենքի մնացորդ է սա, հայտնի չէ, պեղումները միայն կարող են պարզել։ Մոտավորապես չորս քառակուսի կիլոմետր տարածություն ունի այս քաղաքատեղին, ուր գտնվում են թե նախապատմական և թե ուրարտական սկզբնական շինվածքների մնացորդներ։ Մեզ հայտնի են նաև ուրարտական քաղաքատեղերի այլ մնացորդներ, որոնց մեջ մեծամեծ քարերի տաշված, կոկված և պատերի մեջ շարված լինելն ապացույց է նույնիսկ երկաթե գործիքների գոյության. սրանով նաև որոշվում է այu շենքերը կանգնեցնելու ամենահավանական ժամանակը, որ հազիվ մեր թվականությունից 8-10 դար առաջ լինեն, ինչպես Արմավիրում, Դովրիում և այլն, և այլն։ Սակայն Հոռոմում կրաշաղախով շինված շենքը, որի քարերը բնավ գործիք չեն տեսած, չեն տաշված կամ կոկված, բնականաբար պիտի ենթադրել, որ ուրարտական շրջանի նախօրյակին կամ առառավելն ուրարտականի սկզբնական շրջանում է կառուցված։ Շենքի հատակագիծն անկանոն վարդաձև է և նման մի հասարակական շենքի, հավանորեն աշտարակ կամ մեհենատեղի՝ բնականաբար այն ժամանակվա համար մեծածախս, որ հետևողներ չեն եղել, այսինքն կրաշաղախով շինություններ չեն կառուցվել երկար ժամանակ։ Ուրեմն այս շենքի գոյությունն ապացույց է, որ Հայաստանում, մեր թվականությունից առնվազն 8-10 դար առաջ, կրի գործածությունը ծանոթ էր։
Թեև սահմանափակ, այնուամենայնիվ, կամաց-կամաց ընդհանրացել է Հայաստանում կրաշաղախի գործածությունը հետագա դարերում, այսինքն՝ մեր թվականության նախօրյակին կամ սկզբին, ինչպես ապացուցում են Բաշ-Ապարանի մոտ գտնվող Կարանլուխ գյուղի վերևի մի մեծ շենքի մնացորդը, Դիրաքլար գյուղի եկեղեցու ստորին մասերը, Եղվարդի հին գերեզմանատան կից մի փոքր շինությունը, որը հետագայում մատուռի է վերածված։ Գառնիի Տրդատա ամրոցի թե ամբողջ շրջապատ պարիսպը և թե պարսպից ներս հովանոցի գեղեցկաշեն կառուցվածքը, որ հավանորեն շինված են առաջին դարում մեծազանգված, մաքուր տաշված քարերով, ընտիր կրաշաղախով շինված լինելուց զատ, սրբատաշ քարերը կապված են միմյանց հետ երկաթե կապերով։
Ինչպես երևում է, կրաշաղախի ծանոթությունից