քիչ ժամանակ անց սկսվել է տուֆ քարի գործածությունը իբրև ամենահարմար շինանյութը՝ կրի խառնուրդով հաստատուն զանգված կազմելու համար։ Իմ կարծիքով, եթե կրաշաղախի հետ միասին հնում չգործածվեր բացառաբար տուֆ քարը, գուցե մենք Հայաստանում չգտնեինք այնքան դարավոր կանգուն կամ կիսականգուն հին շինություններ։ Առանց կրի մեծազանգված քարերով կանգնեցված խոշոր շենքերի և հսկայական պարիսպների չափազանց շատ մնացորդներ կան Հայաստանում, սակայն բոլորը գրեթե փլատակների են վերածված և հազիվ ստորին մասերն են մնացած, մինչդեռ կրաշաղախով շինված հազվագյուտ օրինակները, որոնք որձաքարից են, համեմատաբար ավելի լավ են պահված, սակայն ոչ այնչափ միակտուր զանգվածի փոխված, ինչպես տուֆ քարով շինվածները։ Մեր թվականության ամբողջ շրջանում տուֆով կրաշաղախ որմնաշինությունը միշտ ընդունված է եղել, որովհետև, ինչպես նախնիք նկատել են, տուֆը միակ քարն է, որ սերտորեն միանում և միակտուր զանգված է կազմում կրաշաղախի հետ։ Բացի այդ, նկատել են նաև, որ տուֆով ու կրաշաղախով կազմված բետոնն ավելի հաստատուն և տևական հատկություն ունի, ուստի, պատերը շինելիս, երկու երեսը շարված քարերը, ըստ հնարավորության բարակ կտրված և իբրև պահպանակ շարված են ներսի բետոնի համար, որին մինչև այսօր հին անունով պատի ծուծ են ասում գավառաբարբառով։ Իսկ շաղախը բաղադրելու և իբրև ծուծ պատի մեջ լցնելու համար ունեցել են մեզնից տարբեր կանոններ, որոնց շնորհիվ թերևս որմնաշինությունն ավելի հաստատուն և ավելի նպատակահարմար է եղել: Ուստի այժմ խոսենք այն շինելակերպի մասին, որ պարզվում է հին ժամանակ Հայաստանում կառուցված հուշարձանների քննությամբ։
Առհասարակ, գրեթե ընդհանուր կարծիք է, թե նախնյաց կառուցած շենքերը, որ խիստ ամուր են և տասնյակ դարերի կյանք ունին, իբր թե պաաճառն այն է, որ կրաշաղախի հետ խառնում էին զանազան ամրացուցիչ նյութեր, ինչպես՝ մաստակ, ձվի սպիտակուց և այլն և այլն, որոնք գերազանցորեն նպաստում էին շենքերի ամրությանը։ Այս համոզման հետևանքով է, որ հնագույն ժամանակների շաղախի բաղադրության շուրջն ստեղծվել են զանազան առասպելներ, որոնք, սակայն, բնավ հիմք չունին և չեն ապացուցվում կատարված քննություններով[1], հետևաբար մեզ մնում է մատնանշել շինելակերպի որոշ տարբերություններ, որոնք ավելի հավանական են պատերի դիմացկուն և երկարատև լինելու համար։
Բացի ևրոպական գիտնականների քննություններից, մեր մատենագիրներն ևս, որ հաճախ սիրում են նոր կառուցված շինությունների մասին գովեստներ շռայլել, երբեք չեն հիշատակում որևէ խառնուրդ կրի զանգվածի մեջ։ Թեև շենքի քարերը մանրամասն որակում են սրբատաշ, տաշածո, կոփածո, քերածո, խարտյալ և այլ բառերով, սակայն այդ որակված քարերով պատեր կանգնեցնելու համար երբ հիշատակում են կիրը, գրեթե միահամուռ բնորոշում են կրաշաղախ ձուլյալ, կրով մածուցյալ և այլն, բառերով։ Տարակույս չկա, որ եթե ամրացուցիչ որևէ խառնուրդ լիներ կրաշաղախի մեջ, ապա, իբրև գերագույն գովեստի առարկա, պետք է որ հիշատակվեր մատենագիրներից մեկն ու մեկի կողմից։
Մեր թվականության սկզբից մինչև 7-րդ դարի վերջը մեծ շինությունների պատերն առհասարակ 0,90 մետրից մինչև 1,05 մետր հաստություն ունեն։ Այս հաստության վրա քարերը երկու կողմից այնպես չեն շարված, ինչպես այսօր մենք շարում ենք։ Ըստ ներկա շինարարական կանոնի՝ պատերի երկու երեսի քարերը դեմ-դիմաց այնքան հաստություն պիտի ունենան, որ երբեմն միմյանց հասնելով՝ մեկի ծայրը հանգչի հանդիպակաց կողմի ներքևի քարի ծայրին ու կապվի նրա հետ, այս տեսակ կապվածքը քարերի ամեն մի շարքին հատուկ չէ, այլ պարբերաբար յուրաքանչյուր կարգի մեջ պատահում են մի քանի հատ միայն, իսկ մյուս քարերն էլ երկու երեսից այնքան մոտենում են իրար, որ մեջտեղը, իբրև պատի ծուծ, շատ աննշան տեղ է մնում։ Սակայն հին շենքերի մեջ երբեք չպատահեցի պատի քարերի այդպիսի դասավորության։ Պատի երկու երեսին իրար վրա շարված քարերը երբեմն ճակատի մակերեսով շատ մեծ են, բայց շատ քիչ հաստություն ունին, որից պարզ երևում է, որ այդ քարերը զետեղված են որմնամիջի կրաշաղախ հաստ լիցքը, ինչպես ասում են՝ պատի ծուծը պահելու համար, որ գրեթե պատի հաստության կեսը և հաճախ կեսից ավելին է կազմում։ Եթե պատի 0,90 մետր հաստությունից դուրս գանք միջին հաշվով 0,40 մետր՝ երկու երեսի վրա շարված քարերի հաստությունը (յուրաքանչյուր երեսի վրա շարված քարերի միջին հաստությունը հաշվելով 0,20 մետր) կմնա 0,5 մետր՝ զուտ շաղախը, որ կկազմի պատի իսկական ծուծը, կամ, այժմյան անունով՝ բետոնը, որ, ըստ հին հասկացողության՝ դիմացկուն մասն է։ Այսպես է գրեթե ամեն տեղ, և մենք այս իրողությունը պարզ տեսնում ենք այն կիսավեր շենքերի մեջ, որոնց մնացորդ պատերը թույլ են տալիս մեզ հետազոտելու մեջտեղի թույլ շաղախը։ Շատ տեղեր մենք զարմանքով տեսնում ենք, որ պատի երկու երեսի քարերը պոկված ու տարված են, իսկ միջի շաղախի ձուլվածքը մնում է կանգուն՝ որոշ բարձրության վրա։ Բայց եթե պատերը 0,9 մետրից ավելի հաստ են, և ունեն մինչև 1,05 մետր հաստություն, ապա երեսին շարված քարերի թանձրությունը գրեթե անփոփոխ 20-25 սանտիմ. է (եթե երբեմն գտնվում են մինչև 30-35 սանտ. հաստության քարեր, նմանապես և նույն պատի մեջ կարելի է տեսնել մինչև 0,15 մետր հաստության քարեր)։ Ուրեմն, հին հասկացողությամբ, իսկական պատը կրաշաղախ շինված ծուծն էր, և երեսները շարված սրբատաշ քարերը ներսի ծուծը պահպանելու համար էին, մոտավորապես իբրև ծեփի հաստ շերտ[2]:
- ↑ Կրի հետ մաստակ խառնելու սովորության մի ակնարկ երևում է մեր հին մատենագրության մեջ, բայց բոլորովին տարբեր նպատակի համար, որ որմնաշինության չի վերաբերում. բայց այս մասին կխոսենք համապատասխան տեղում:
- ↑ Այժմ ամբողջ Եվրոպայում ընդհանրացած է նմանօրինակ մի սովորություն աղյուսով կառուցված շենքերի համար: Նախ շենքը կառուցում են աղյուսով, իսկ հետո Մալտայի փափուկ տուֆի 10-12 սանտ. հաստությամբ սղոցով կտրված տախտակներով ծածկում են ոմբողջ շենքի արտաքին երեսները: Մալտայի տուֆի տախտակներն ամրացնում են շենքի վրա երկաթե բարակ կապերով: Եվ որովհետև տուֆը շատ ընդունակ է խոնավությունն իր մեջ ծծելու, ուստի, դեռ անձրև չեկած, շտապում են ամբողջ շենքի ճակատն օծել ձեթով, որով շենքը միանգամայն ապահովվում է խոնավությունից: Ձեթով օծելու այս սովորությունը Հայաստանում միշտ ընդունված է եղել, որի մասին կխոսեմ իր տեղում: