Հայոց ճարտարապետության մեջ, ինչպես գեղարվեստական և շինարարական ճյուղերը դարե ի դար նորանոր վերածնություններով անընդհատ կերպարանափոխվեցան, նույնպես ալ հայոց եկեղեցիներով հատակագծային ձևերը միշտ փոփոխություններու ենթարկվեցան։
Գեղարվեստական և շինարարական ճյուղերը փոփոխության ենթարկողը ժամանակի ոգին և պահանջներն էին, որոնք երբեմն երևան կուգային ավելի գեղեցիկ և շքեղ նոր վերածնություններով և երբեմն ալ քաղաքական և տնտեսական ճնշող ու քայքայող ազդեցություններու տակ կատարյալ անկումով։
Սակայն եկեղեցական հատակագծային ոճերու պարբերական փոփոխությունները գրեթե կապ չունեցան արվեստի զարգացման հետ, այնտեղ ճաշակ և վայելչություն ըստ ամենայնի, հպատակած էր կրոնի, պաշտաման և ծիսական արարողությանը պահանջներուն։ Ճարտարապետը պարտավոր էր եկեղեցվո հատակագիծը բաժանել և դասավորել այնպես, ինչպես որ կպահանջեր կրոնը կամ կրոնի պաշտոնյան, կղերը:
Քրիստոնեության հնագույն դարերեն սկսած մինչև մեր օրերը շատ տարօրինակ և ուշագրավ փոփոխություններու ենթարկվեցան հայկական եկեղեցիներու հատակագծերը կամ անոնց ներքին բաժանումները։ Երբեմն ավելցեր են հարակից մանր ու խոշոր բաժանումներ տաճարի ընդհանուր աղոթասրահին կից, երբեմն ալ պակսեր են: Ինչո՞ւ համար եղեր են այդ փոփոխությունները, կամ ինչ էին այդ ավելցած ու պակսած մսսերուն պաշտոնները, այդ մասին ինչ որ գիտենք, մեծ մասամբ ավանդական ծանոթություններ են, որոնք քննության և ուսումնասիրության ենթարկվելով՝ հաճախ կտեսնենք, որ այնքան ալ համապատասխան չեն իրականության. ժամանակի երկար ընթացքին մեջ շատ բան խառնվեր և շփոթվեր է:
Ավելի պարզաբանելու համար, համառոտ կերպով նկարագրենք հնագույն դարերեն մինչև վերջին ժամանակներ հայկական եկեղեցիներու հատակագծային բաժանմանց իրարմե ունեցած առավել կամ նվազ տարբերությունները:
1. Եկեղեցիներ կան, որոնք երկար քառակուսի պարզ սրահներ են, առանց որևէ հարակից բաժանումներ ունենալու, բացի պատարագի խորանեն:
Եթե շենքը լայն է, տանիքը ծածկելու գործողությունը դյուրացնելու և ապահովելու համար, սրահին մեջ կամարակիր սյուներ շարված են, որոնք կվերաբերին բացարձակապես շինարարական ճյուղին և երբեք չեն կարող կապվիլ ծիսական կամ դավանաբանական օրենքներու հետ:
Թեև եկեր է ժամանակ, երբ չորս սյուներու վրա գմբեթավոր եկեղեցիները սովորական դարձեր են, այն ատեն ուզեր են խորհրդավորություն տալ այդ ձևին, և Մաշտոցի կանոնով սահմաներ են, որ չորս սյուներու ներքև հիմնարկության ժամանակ, թաղվին չորս ավետարանիչներու անունով օծված չորս քարեր, ցուց տալու համար, թե չորս ավետարանիչներն եղած են քրիստոնեական եկեղեցվո հաստատության սյուները: Այնուամենայնիվ դարձյալ ներքին չորս սյուները պարտավորիչ չեն եղած մինչև վերջը, եթե եկեղեցվո տարածությունը ընդարձակ չէ և տանիքը ծածկելու համար պետք չէ զգացված սյուներու օժանդակության:
2. Կարգ մը եկեղեցիներ ալ կան, որոնք դարձյալ երկար քառակուսի սրահներ են նախընթաց ձևի նման, սակայն արևելյան կողմեն, խորանին երկու կողմը, երբեմն նեղ ու երկար հյուսիսեն հարավ ձգված, երբեմն ալ հավասարակողմ քառակուսի սենյակներ ունին, և այս սենյակները դռներով կհադորդակցին եկեղեցվո մեծ աղոթասրահին հետ։
3. Մի քանի եկեղեցիներ ալ, արևելյան կողմի սենյակներեն զատ, արտաքուստ ալ երեք կողմեն — հյուսիս, հարավ, արևմուտք− շրջապատված են սյունազարդ ծածկույթով (portique):
4. Կան եկեղեցիներ ալ, որոնք արևելյան կողմի սենյակներեն և շուրջանակի սյունազարդ ծածկույթներեն զատ, արևմտյան անկյուններուն որմնակից ունին նաև քառակուսի սենյակներ, որոնք դռներով կհադորդակցին ներքին մեծ աղոթասրահին հետ։
5. Շատ մը եկեղեցիներ ալ թեև առանց արտաքին շուրջանակի սյունազարդ ծածկույթի են, սակայն պահված են անոնց մեջ չորս անկյուններուն որմնակից չորս հավասարակողմ քառակուսի սենյակներ։ Առհասարակ այս սենյակները թե նախապես հիշված ձևերու և թե հետնագույններուն մեջ կրկնահարկ են։ Չորս անկյուններու վրա չորս սենյակ ունեցող եկեղեցիներում աղոթասրահներուն համաչափություններն ալ այլազան են։ Ոմանք երկար քառակուսի են, ոմանք հավասարակողմ քառակուսի՝ չորս պատերեն դուրս հանված կիսաբոլորակ abside-ներով խաչաձևի վերածված, ոմանք ներքուստ ալ խաչաձև են՝ արտաքին ուղիղ չորս պատի մեջ ամփոփված թե ներքին խաչաձևը և թե անկյուններու սենյակները։ Անկյուններով սենյակները երբեմն եկեղեցիներու մեջ պարզ են, երբեմն ալ դեսլի արևելք ուղղված կիսաբոլորակ abside-ներ ունին պատարագի համար։
6. Կան շատ մը եկեղեցիներ ալ, որոնք ընդհանրապես արևմտյան պատին որմնակից, երբեմն ալ հյուսիսի կամ հարավի կողմերուն վրա կրկնված եկեղեցվո լայնության կամ երկայնության չափով սյունազարդ ընդարձակ սրահներ ունին, որոնց մեջ կբացվին բուն եկեղեցվո մտից դռները։
Թե ի՞նչ պաշտոն ունեին այս պարբերաբար հավելյալ մասերը, և թե ի՞նչ պատճառով ամեն եկեղեցիներ միօրինակ կերպով ենթարկված չեն նույն ձևափոխություններուն, ահա այս խնդիրը պիտի փորձեմ հետազոտել, հուսալով, որ եթե բոլորովին չպարզվի, գոնե որոշ չափով ճշմարտության կմոտենանք։
- ↑ Արտատպվում է «Ազգագրական հանդես»-ի XXI գրքից: ԿԱԶՄՈՂ