հայրապետն Եզր զվկայարան սրբոյն Գայիանեայ, զոր երբեմն խրթին և մթին էր զնա շինեալ, քանզի քակեալ զայն՝ ևս ընդարձակագոյն և պայծառագոյն զնա շինեաց, կոփածոյ քարամբք և կրով ձուլելով, և արտաքուստ յարդարէր կայանս բնակութեան քահանայական դասուց, ի պաշտօն աստուածային խորանին։ Այս եղև սկիզբն ժամատուն շինելոյ մինչև ցայս վայր ոչ երևիւր ի հայս» (Պատմագրութիւն Հովհաննու կաթողիկոսի: Երուսաղէմ, 1843, երես 56)։ Արդեն 7-րդ դարեն սկսած խորանին երկու կողմին սենյակներն իրենց հատկությունն սկսած են փոխել, այլևս առաջվան պես նեղ ու երկայն և փոքր չեն, կանոնավոր մեծությամբ հավասարակողմ քառակուսի են խորանին խորության չափով: Այս բարեփոխումը արդեն մեկ անգամեն ալ չէ եղած 7-րդ դարուն, եթե չհաշվենք իմ մեկ ենթադրությունը Վահան Մամիկոնյանի՝ Վաղարշապատի կաթուղիկեի մասին, 6-րդ դարու վերջին շինված Ավանի եկեղեցին առաջին օրինակը կուտա։
Ոմանք կկարծեն, որ Զվարթնոց եկեղեցվո արևելյան կողմի քառակուսի երկհարկանի հավելվածը ավանդատուն կամ սրբազան անոթներու պահարան էր, կամ, ըստ այժմյան բարբառի՝ մասանց խորան էր։ Այս կարծիքը հավանական է. Զվարթնոցն ալ ունի յուր մոտ բազմաթիվ շենքեր, որոնց մեջ կային, անշուշտ, Եզրի շինել տվածին պես քահանայից բնակության համար սենյակներ, բացի այս, ս. Սահակի և Դվնա բ. ժողովի կանոններեն հետո այլևս ոչ մի ակնարկ չենք գտներ հետագա կանոնադրություններու մեջ քահանաներու եկեղեցու մեջ մնալու սովորության և սրբազան անոթներու գլխավոր քահանային տունը պահվելու մասին պարտավորիչ կանոններ։ Ամենայն հավանականությամբ, 7-րդ դարեն սկսած, երբ պաշտոնակատար քահանաներու համար եկեղեցիեն դուրս առանձին բնակարան կամ ժամատուն շինվեցավ, այն ատեն խորանի երկու կողմի սենյակներու նախնական պաշտոնը փոխվեցավ։ Զվարթնոցի բացառիկ ձևեն դուրս մյուս սովորական ձևերով եկեղեցիներու մեջ խորանին երկու կողմի սենյակները իսկապես կոչվեցա՞ն, թե ոչ՝ ավանդատան և սարկավագատան պաշտոն կատարելու, այդ պիտի երևի հետագա քննություններեն: Մի քանի եկեղեցիներ ունին առանձնապես խորանին ներքև ալ դատարկություններ գետնափոր, ինչպես Մրենի եկեղեցին, Անիի Առաքելոց եկեղեցին և Անիի կաթուղիկեն (այս վերջինս կասկածելի հետքեր միայն ունի), ուր անշուշտ պահվել են եկեղեցու հարստությունները, միայն սրբազան անոթներու մեջեն, ինչպես կերևի, բացառապես սկիհի համար խորանին մեջ առանձին պահարաններ շինել տրված են, որոնց ներկայիս խորհրդանոց անունը կուտան, ինծի հայտնի չէ, թե ի հնումն ինչ էր անոնց անունը։
Որովհետև ավանդատան կամ պահարանի մասերուն վրա դարձյալ հաճախ առիթ պիտի ունենամ անդրադառնալու, և այդ ժամանակ պիտի տեսնվի, թե բացի պահարանե և ավանդատունե ուրիշ ինչ կոչումներ ունենալնին հավանական էր, ուստի ես կդառնամ մյուս ուսումնասիրություններուս։ Բայց ի միջի այլոց կուզեմ այստեղ սխալ ընդհանրացած կարծիք մը ուղղել ավանդատուներու նկատմամբ։
Կովկասահայեր առհասարակ ավանդատան սենյակներուն խորան անունը կուտան, որ բոլորովին անտեղի է։ Եկեղեցիներու մեջ խորանի ծագումը եթե փնտռենք նախ կտեսնենք, որ abside-են զատ ուրիշ տեղ չէր կարող լինել, հետո ալ բազմաթիվ գրական և արձանագրական վկայություններ ունենք խորանն այնտեղ լինելուն, ուր գրված է պատարագին սեղանը։
Եկեղեցական գրականութենեն կտեղեկանանք, թե հայոց եկեղեցիները, բացի աղոթարանեն, պետք էր որ ունենային ուրիշ երեք բաժանումներ ևս՝ մկրտատուն, ապաշխարողաց կայան և ժամատուն։
Մեր օրերուն մկրտության ավազանը առհասարակ զետեղված է հյուսիսային պատին վրա, տաճարին մեջ կամ նույն կողմի ավանդատան պատին վրա։ Իսկ հնագույն եկեղեցիներու մեջ մինչև 13-14-րդ դարերը մկրտության ավազանի և մկրտարանի հետքերը ամենևին չկան, որով ակամա հարց կծագի, թե ուր և ինչպես մկրտեին նախնիք իրենց երեխաները: Գալով ապաշխարողաց գավթի մասին՝ գաղափար ալ չունինք, թե երբևիցե ինչպես են վարվեր նախնիք այդ օրենքի գործադրության համար։
Նախ ձեռնարկենք ապաշխարության գավիթներու մասին եղած օրենքներու քննության և համեմատության, որուն հետ միաժամանակ հառաջ կերթա նաև մկրտարաններու քննությունը։
Իհարկե, իմ նպատակս չէ պարզել, թե հին ժամանակ ինչպես մարդիկ կապաշխարեին կամ մկրտության համար ինչ արարողություններ կկատարեին, որ զուտ կրոնական են և ոչ մի կապ չունին հին հիշատակարաններու հետազոտության հետ, այլ քննելով, բաղդատելով օրենքները յուրաքանչյուր դարաշրջանի մեջ երևցող եկեղեցիներու հատակաձևերուն հետ, որոշել անոնց հատկությունները և պարզել հատակաձևերու մեջ եղած ստորաբաժանումներու պաշտոնները, որով կպարզվեն նաև յուրաքանչյուր դարաշրջանի եկեղեցիներու իսկական հատկությունները, այս կերպով մենք շուտով կճանչնանք որևէ հին հիշատակարանի մը որ դարուն պատկանելը, դատելով իր ստորաբաժանումներեն։
Նախնական քրիստոնեական եկեղեցին հին օրինաց անմիջական ազդեցության տակ յուրացուց եբրայական տաճարի հեթանոսաց գավիթը՝ ապաշխարության գավիթանունով, և զայն հատկացուց տակավին չմկրտարաններուն և կամ զանազան մեղքերով եկեղեցական պաշտամունքե ու խորհուրդե զրկվածներուն, որոնք նույն բաժնին մեջ որոշ ժամանակ ապաշխարելե և խորհուրդներու հաղորդակից լինելու արժանավորություն ձեռք բերելե հեաո իրավունք կստանային հավատացելոց սրահը մտնելու. բոլոր քրիստոնյա եկեղեցիներու մեջ այդ բաժինը եկեղեցվո արևմտյան պատին որմնակից էր՝ porche կամ nartex անունով։
Նախնական եկեղեցին ապաշխարողները չորս դասակարգի բաժնեց և յուրաքանչյուրին պատշաճ կայան որոշեց եկեղեցվո բուն շենքեն ներս կամ դուրս։ Այս կայանները հետևյալ կարգավ արձանագրված են ընդհանուր քրիստոնեից կանոնադրությանց մեջ:
1. Ողբացողներ, որոնք իրավունք չունեին եկեղեցվո արտաքին դռնեն ներս մտնելու: Բոլորովին դուրսը