Այս էջը հաստատված է

բոլորովին եկեղեցիեն մերժվածներ և արտաքին ու ներքին ունկնդիրներ։ Շատ պարզ է, որ եկեղեցիեն մերժվողներ եկեղեցի բնավ չէին գար, խնդիրը կմնա գիտնալ, թե երախաներ և արտաքին ու ներքին ունկնդիրներ որտեղ կկանգնեին «Մի՛ ոք յերախայից»-ի ժամանակ, քանի որ առանց բացառության հայոց հին եկեղեցիներուն արևմտյան կողմին վրա առանձին բաժին-գավիթ բացարձակապես գոյություն չունի։

Այս հարցին ամենահավանական պատասխանը կգտնենք ուշադիր քննելով հայոց ամենահին եկեղեցիները, որոնք մեզ հասած են քրիստոնեության սկիզբեն մինչև 5-րդ դարուն մեջ կանգնված։

Հայոց եկեղեցիներու ամենահին ձևերն են Տեկորի, Երերույքի, Բա-Ապարանի, Օձունի, Աշտարակի և այլ նման եկեղեցիները, որոնք, խորանին կից երկու սենյակներ են զատ, արտաքուստ ալ շրջապատված են սյունազարդ ծածկույթներով (portique): Աշտարակի եկեղեցին թեև այժմ չունի արտաքին սյունազարդ շուրջանակի ծածկույթ, սակայն քննության կարոտ է։

Անշուշտ, առանց պատճառի չէին ընդունված արտաքին շուրջանակի այդ սյունազարդ ծածկույթները հայոց նախնական եկեղեցիներուն մեջ, այլապես անբացատրելի կմնա անոնց համար զոհված արտաքո կարգի շինության ծախքը։

Արդ, քանի որ եկեղեցական հնագույն օրենքները կհաստատեն, թե ապաշխարության օրենքն ընդունված էր հայոց մեջ, նաև կտեսնենք ալ, որ ապաշխարության գավթի նմանող որևէ բաժանում ալ չերևիր հնագույն եկեղեցիներու մեջ, բացի portique-ներեն, հետևաբար կմնա կարծել, որ ամենայն հավանականությամբ portique-ները ապաշխարողաց կայանի կոչումը ունեին։ Մանավանդ դռներու շատությունն ալ ենթադրել կուտա, որ հատկապես եկեղեցվո պաշտաման ունկնդրությունը արտաքին ունկնդիրներուն դյուրավ լսելի ընել տալու համար էր: Որովհետև այս դարաշրջաններու եկեղեցիները առհասարակ, արևմտյան դռնեն զատ, հյուսիս կամ հարավային կողմերուն վրա զույգ դռներ ունին, հակառակ անոնցմե ոմանց ալ շատ փոքրության: Դիրաքլար գյուղի հնագույն եկեղեցին հարավային կողմին վրա 22,5 մետր երկարության մեջ երկու դուռ ունի արևմտյան դռնեն զատ։

Վերոհիշյալ առաջին շրջանի հայկական եկեղեցիներու հատակագծային ձևեն հետո, 5-րդ դարու վերջին, նոր ձև մը երևան եկած է Հայաստանի մեջ՝ Վաղարշապատի մեջ Վահան Մամիկոնյանի շինած կաթուղիկեով (այս ձևի մասին մանրամասն տեսնել «Էջմիածնի տաճարը» ուսումնասիրությանս մեջ)։ Ասոր ընդօրինակությունն է Ավանի մեջ 6-րդ դարու վերջին կանգնված եկեղեցին, որուն չորս անկյուններուն վրա չորս քառակուսի չափավոր մեծությամբ սենյակներ կան եկեղեցիեն անջատ և դռներով միայն հաղորդակցող թե ներսի և թե դրսի հետ։ Ավանի եկեղեցին արտաքին portique չէ ունեցեր, սակայն Էջմիածնի կաթուղիկեի մասին տարակուսելի է, portique-ի գոյության հավանական նշաններ կան վրան։

5-րդ դարու վերջին ծագում առնող հատակագծային այս նոր ձևը շարունակված է մինչև 7-րդ դարու վերջը. թեև մինչև վերջն ալ շարունակված է, սակայն 10-րդ դարեն սկսյալ սենյակներուն մեջ որոշ փոփոխություններ եղած են թե համաչափությամբ և թև հարամասունքներով։ Մինչդեռ մինչև 7-րդ դարեն վերջը եղած չորս անկյունի սենյակները բոլորովին պարզ հավասարակողմ քառակուսի ձև ունին: Բայց, ինչպես կերևի, 7-րդ դարուն արևմտյան կողմի սենյակները