Մակարայ Երուսաղէմի հայրապետի կանոնական թուղթ ի հայս, Թիֆլիս, 1901, երես 407-411)։
Այս հոդվածներով ոչ միայն կշեշտվի մկրտատան անջատ լինելու անհրաժեշտությունը, այլ տեղն ալ կորոշվի, որ սեղանին աջ կողմը պետք է լինի առանձին բաժանումով։
Եվ որովհետև նորածին երեխան ալ իբրև հեթանոս ու անմաքուր կհամարվեր դեռ չմկրտված, ուստի և նախքան տաճարը մտցնելը՝ ավանդատան կողմնակի դռնեն ներս կմտցնեին, և երբ մկրտությունը ավարտվեր, այն ատեն քահանան իրավունք ուներ ավանդատան տաճարին հետ հաղորդակցող դռնեն մտցնել և հաղորդության խորհուրդ մատակարարել նորածինին սեղանի առջև։
Իմ ծննդավայրիս՝ Շ.-Գարահիսարի եկեղեցին արևելյան կողմեն ունի երկու մատուռներ՝ հյուսիսային և հարավային պատերուն կից. մկրտության ավազանը կգտնվի հյուսիսային կողմի մատուռին մեջ. դրսեն առանձին դուռ ունի, ուրկե կմտցնեն մկրտվելիք նորածինը։ Ասոր պատճառը հարցուցի ես պատանեկությանս օրերուն քաղաքին կրոնագետ համարված Գրիգոր քահանային, պատասխանեց, որ նորածինը աներևույթապես վզին փաթաթված ունի ադամական մեղաց դատավճիռը, որով արժանի չէ ս. տաճար մտնելու, ուստի նախ պետք է սրբել երեխան ադամական մեղքի դատակնիքեն և հետո տաճար մտցնել։
Թեև Մակար եպիսկոպոսի կամ Արիստակես հայրապետի օրով հայոց եկեղեցու մեջ արևելյան սենյակներ չկան մկրտարան լինելու հարմարություններով, սակայն կարող է հետագա դարերուն մեջ Մակար եպիսկոպոսի օրենքը ուժ ստացած լինի և կերպով մը օգտվիլ փորձեին փոխանակ առանձին անջատ մկրտատան, սեղանի կամ խորանի աջակողմյան ավանդատունեն։ Արևելյան կողմի սենյակներու վրա արտաքին դուռ ունեցող եկեղեցիներե այժմ ինծի հայտնի են Էջմիածնի տաճարը (այժմ փակված), Հռիփսիմեի վանքի եկեղեցին (այժմ փակված, բայց տեղը հայտնի), Բագարանի ս. Թեոդորոս եկեղեցին, Ավանի եկեղեցին (հետազոտելի, որովհետև արևմտյան սենյակներն ունին արտաքին դռներ)։
Ուրեմն, քանի որ այս օրինակներով կհաստատվի մկրտարաններու որոշ տեղը, հետևաբար 5-րդ դարեն մինչև7-րդ դարու կեսը կանգնված եկեղեցիներուն արևմտյան կողմի քառակուսի սենյակներեն ոչ մեկը մկրտատուն չէր կարող լինել, պետք է ուրիշ պաշտոն կամ կոչում փնտռել անոնց։ Ըստ իս, ոչ մեկ պաշտոն չենք կարող հատկացնել անոնց, բացի ապաշխարողաց կայանե։
Բայց քանի որ նախնական եկեղեցիներու մեջ հավանական համարեցինք, թե ապաշխարողաց կայանը արտաքին սյունազարդ ծածկույթի տակն էր, ուրեմն ի՞նչ հարկ պիտի ստիպեր այդ ձևը թողուլ և սենյակներ շինել։ Ասոր ալ պատճառը կարելի է քանի մը կերպով բացատրերլ. նախ՝ ամենայն հավանականությամբ, portique ունեցող հնագույն եկեղեցիները կամ մեհյաններ էին և կամ մեհենական ազդեցության տակ կանգնված եկեղեցիներ, որոնց գոյությունեն օգտվեր են ի սկզբնականե ապաշխարողաց կայանի նկատմամբ։ Այս մասին երկար բացատրություն տեսնել իմ «Տեկորի տաճարը» ուսումնասիրությանս մեջ։ Երկրորդ՝ ցուրտ, ձմեռը սաստիկ երկրի մը մեջ անկարելի էր բացօթյա կանգնել ապաշխարողներու համար ձմռան օրերուն, ուստի հարկ էր այդ օրերուն համար հարմար տեղ ունենալ։ Այս ենթադրությանս ուղղակի հետևանք կհամարիմ Երերույքի եկեղեցին portique-ներու հետ միասին արևմտյան սենյակներ ալ ունենալը։ Ուստի փորձով երբ տեսնվեցավ, թե արևմտյան երկու սենյակներն ըստ ամենայնի բավականություն կուտային ապաշխարողներու քանակության, հետզհետե ավելորդ համարվեցավ արտաքին ծածկույթը և 7-րդ դարուն միանգամայն վերջ դրին portique շինելու սովորության, բավականանալով միայն արևմտյան սենյակներով։
Որպեսզի իրավունքներե զրկված ապաշխարողը կարենա առանց տաճարի դռնեն ներս մտնելու ուղղակի ապաշխարողաց կայանը մտնել, այդ պատճառով ալ, անշուշտ, դուռ ունին արևմտյսն սենյակները ներսի հետ հաղորդակցող, թեև մեծ մասամբ այժմ փակված, ինչպես Էջմիածին, Հռիփսիմե և այլն և այլն։
Բացառաբար Երերույքի եկեղեցիին արևմտյան սենյակներն արտաքին դուռ չունին։ Սակայն այդ ալ դեռ լուրջ քննության կարոտ է, գուցե կար ի հնումն։ Դժբախտաբար դեռ չեն վերջացած Երերույքի վրա իմ կատարած հետազոտություններս։
Անշուշտ, միևնույն ավանդության շարունակությունն է, որ մինչև այսօր կգտնենք բազմաթիվ նորագույն եկեղեցիներ, որոնց մեջ թեև արևմտյան սենյակներ չկան, սակայն այդ սենյակներու տեղը առանձին plate-forme-ով զատված է և վանդակորմով ծածկված. հաճախ Փոքր Ասիո մեջ պեյնազ սեքիսի անունը կուտան անոր, որ շատ մոտ է ապաշխարողաց կայանի նշանակության։
Վերև հայտնեցի, որ 7-րդ դարուն արևմտյան կողմի սենյակներու սովորությունն ալ իր կարևորությունն սկսած էր կորսնցնել, որովհետև նույն դարուն կան շինված շարք մը եկեղեցիներ, որոնք արևմտյան սենյակներ չունին այլևս։ Այս պարագան կբացատրվի նրանով, որ 7-րդ դարուն մեջ ապաշխարության համար պարտադիր օրենքներն ալ թուլացած էին և տեղի կամ կայանի խտրություն չկար ժողովրդի համար։ Այս մասին գեղեցիկ փաստ կուտա մեզի Ներսես Լամբրոնացին իր «Պատարագի մեկնություն» գրքին մեջ և կբացատրե, թե ինչու «Մի՛ ոք յերախայից»-ի ժամանակ սովորությունը խոսքով կպահենք և սուրբ տաճարին անարժանները դուրս չենք հաներ, և թե որ ժամանակեն սկսված էր այս սովորությունը թուլանալ։
Դեռ Բարսեղ Կեսարացվո և Գրիգոր Աստվածաբանի օրով իսկ կըսե թուլցած էր այդ սովորությունը, որովհետև ապաշխարության կոչվածները ճնշելով, եկեղեցիեն բռնի դուրս հանելով վիրավորանք կպատճառեն անոնց, որուն հետևանքով ժողովուրդը, պաշտամունքե ու եկեղեցիե սառած, այլևս եկեղեցի չէին գար, ուստի շատ հին ժամանակ ուրիշ քրիստոնյա ազգեր ալ, ժողովուրդը եկեղեցիեն չսառեցնելու համար, սկսեր էին թույլ վարվիլ օրենքի գործադրության մեջ։ (Ներսեսի Լամբր., երես 328):