ալ այնքան մեծ նվիրաբերություններ չէր ըներ այդ եկեղեցվույն, պարգևելով անոր մի ամբողջ իշխանական հարստություն։
Բայց Շահնշահին մեծանալեն հետո արդեն հանգամանքները փոխված են. Շահնշահ յուր հայրենի դավանությունը փոխելով՝ հունադավանությունը ընդուներ է Իվանեի կնոջ՝ Խոշաքի ջանքերով: (Վարդան Բաձրաբերդցի, Մոսկվա, 1861, երես 183-184)։ Ահա այս ժամանակեն սկսյալ պետք է փնտռել Անիի Լուսավորիչ եկեղեցվո հունական տարազի զգեցման սկզբնավորությունը։
Որ գրեթե ամբողջ մեկ դար Շահնշահի սերունդն այս եկեղեցվո բացարձակ տերն էր, այդ կապացուցանե եկեղեցվո արևելյան կողմի արձանագրությունը: 1310 թվականին Շահնշահի թոռը՝ Շահնշահ Բ. եկեղեցին նվեր տվեր է ոմն Մաթեսի և իր կնոջ ու եղբորը՝ Մարկոսին (հ. Ղ. Ալիշան, «Շիրակ», երես 79):
Ապացույցի կարոտ է վճռելու համար, թե Շահնշահի սերունդը մնաց միշտ հունադավան կամ քադկեդոնիկ հայ, և Մաթես, Թենի ու Մարկոս, եկեղեցվո վերջին ժառանգներն ալ քաղկեդոնիկներ էին: Այս վերջիններու արձանագրությունը հայերեն լեզվով գրված լինելը մեծ գրավական է անոնց քաղկեդոնիկ չլինելուն, եթե ոչ ի՞նչ հարկ պիտի ստիպեր զիրենք, որ անպատճառ հայերեն գրեին, քանի որ եկեղեցվո նախորդ տերերը ամեն բան փոխեր էին, ներսի պատկերներու մեջ նորոգություն կատարելով՝ վրաները գրեր էին վրացերեն[1], խորանի առջև թաղված մեռելի տապանաքարին վրա վրացերեն արձանագրեր էին. հայոց եկեղեցական ոճին հակառակ՝ գավիթը փոխանակ շրջափակով շինելու, բացոթյա շիներ էին։ Վերջապես, օտարացնելու ամեն ջանք ակներև է նախորդներու կողմանե։
Շահնշահ Ա-են հետո Լուսավորիչ եկեղեցին միշտ քաղկեդոնիկ մնացած լինելուն ապացույց կլինի, եթե հաստատվեր, որ Շահնշահ Ա-ի սերունդը շարունակեց հունադավանությունը, եթե ոչ, ժամանակավորապես միայն Շահնշահ Ա-ի օրով, գուցե քիչ մը ավելի մնացեր է քաղկեդոնականներու ձեռք։ Հետո ալ արդեն, ինչպես արձանագրութենեն կերևի, անտերության մատնվեր է Զաքարյաններու Անիեն հեռանալնուն պատճառավ, Մաթես օգտվելով եկեղեցվո անտեր դրութենեն, խնդրեր է Շահնշահեն նվիրել իրեն։
Շատ հավանական է, որ բացառապես Անիի Լուսավորիչ եկեղեցվո գավիթը շինված է, իբրև ապաշխարողաց գավիթ, հունադավան հայերու ձեռքը եղած ժամանակ, որոնց մեջ թերևս գործադրության մեջ էր ապաշխարության կանոնը, և, իհարկե, անունն ալ ժամատուն չէր կարող լինել, ինչպես բոլոր մյուս հայ եկեղեցիներու նախասրահները։ Իբրև հանգստարան՝ տապանաքարեր ալ չեմ տեսած այնտեղ, եթե չեն տարված։
Այժմ կմնա գիտնալ, թե ինչու համար հայոց եկեղեցիներու կից սրահներուն ժամատուն և գավիթ իրարմե տարբեր անուններ անխտիր գործածեր են, և երբ է սկսեր այդ անխտիր գործածությունը։
Հայոց մեջ եկեղեցվո նախասրահներ ծագում առած ժամանակ, 10-11-րդ դարերեն մինչև 12-րդ դարու վերջերը նույն նախասրահներուն միմիայն ժամատուն անունը տված են թե արձանագրությանց մեջ և թե պատմագրական տեղեկություններու մեջ։ 12-րդ դարու վերջերեն է, որ սկսած է ոչ միայն գավիթ, այլև զանազան տեսակ անուններ տրվել անոնց, որոնց նշանակությունը և պատճառները փնտռել, ըստ իս, կարևոր է։
Հայոց եկեղեցիներուն հետ կապված գավիթ բառը թեև շատ հին է, սակայն 10-րդ դարեն առաջ գավիթ բառն այն նշանակությունը չուներ, ինչ որ 10-րդ դարեն հետո։ Ի հնումն գավիթ կնշանակեր եկեղեցվո շուրջ պատող ընդարձակ շրջափակե մը գոյացած բացօթյա մաս։ Այս նշանակությամբ ալ ցույց տրված են հին պատմագրաց մեջ։
Այն բոլոր շենքերեն հետո, որոնք բնավ պատուհաններ չեն ունեցեր և ուշ ժամանակ բացվեր են, միայն մեկ կողմին վրա, ինչպես Շիրվանջուղ, Երերույք, կարգը կուգա հետազոտելու պատուհաններու ձևերը, որոնք ժամանակագրական տեսակետով ունին իրենց առանձին նշանակությունը:
Համեմատական որոշ քննություններով տեսանք, որ Տեկորի, Երերույքի և Քասաղի եկեղեցիները կպատկանեն ամենաուշը 5-րդ դարուն: Այս եկեղեցիներուն վրա գտնված պատուհանները անհամեմատ կերպով խոշոր են, քան հետագա որևէ շրջանի պատուհանները, բացառությամբ 7-րդ դարեն։ Այս խոշոր պատուհաններուն 7-րդ դարու պատուհաններեն ունեցած բացարձակ զանազանությունն այն է, որ ներսեն և դրսեն հավասար բացվածք ունեն, իսկ արտաքուստ կամ բոլորովին շրջանակ չունին և կամ եթե ունին՝ առանց քանդակազարդության, պարզ moulure-ներ են, որոնք, վերևի կիսաբոլորակ կամարը պսակելեն հետե կիջնեն մինչև պատուհանի ստորին հատակը և այդտեղեն կդառնան հորիզոնական կերպով, փոխանակ սովորական հունական ոճերու կիսաբոլորակի centre-ի ուղղությամբ դառնալու:
Իսկ 6-րդ և 7-րդ դարերուն պատուհաններու մեծության համաչափությունները թեև չեն փոխված, թերևս քիչ մ'ալ ավելի մեծ են, քան 5-րդ դարու պատուհանները, սակայն, շատ քիչ բացառությամբ. ամենն ալ ներսի կողմեն լայն և դրսեն նեղ abat-jour բացված են. օրինակ՝ Բագարանի եկեղեցվո