Այս էջը հաստատված է

կրոնի վերջին թագավոր Տրդատը ոչ միայն հունական դիցապաշտության ջերմ հետևող էր[1], այլև կցանկար, որ ամեն կարգ կանոն, ծես ու պաշտամունք այնպես կատարվեր իր երկրին մեջ, որպիսին ինք տեսած էր Հունաց աշխարհին մեջ[2]։

Անտարակույս, հունական կրոն ունեցող ազգին մեհյաններն ալ հունական մեհյաններու որոշ նմանությունը պիտի ունենային և կամ՝ ինչպես սովորաբար կապատահի երկու ուժեղ տարբեր հոսանքներու ենթարկված ազգերու, թերևս խառն սասանակտն ազդեցությունով։

Այս ենթադրությունը մեծապես կարդարանա 5-րդ և 6-րդ դարերեն մեզ հասած հիշատակարաններու մանրազնին քննությամբ, որոնք կգտնվին Արարատյան նահանգին մեջ, բավականի պահած իրենց նախնական վիճակը։

Այս հնագույն հիշատակարաններեն մեկն է Տեկորի եկեղեցին, որուն հատակագիծը կդնեմ այստեղ իբրև նմուշ՝ բաղդատության համար [տե՛ս Ժողովածուի 3-րդ մասում]:

Արևելյան դռան վրա եղած կցկտուր արձանագրութենե մը կերևա, որ այս եկեղեցին շինած է Սահակ Կամսարական անունով իշխան մը 5-րդ դարու վերջին: Սակայն արվեստագիտական քննություններ շատ պարզ ապացույցներ կուտան, որ Սահակ Կամսարական այդ եկեղեցին ոչ թե ի հիմանց նոր շիներ է, այլ 5-րդ դարեն առաջ գոյություն ունեցող ուրիշ եկեղեցիի մը վրա կարևոր նորություններ և փոփոխություններ կատարած է:

Հատակագծի ամբողջության մեջ երևցած սև գույնով շրջագիծը, նախքան Սահակ Կամսարականի նորոգելը եղած ձևն է, որ հավանաբար դարձյալ եկեղեցի էր 5-րդ դարու սկզբին, գուցե անկից ալ առաջ, բայց ինչպես կտեսնվի, առանց կիսաբոլորակ խորանի: Կիսաբոլորակ խորանին տեղը կբռնե ուղղանկյուն նեղ խորշ մը, որ կարծեցնել կուտա, թե հայոց մեջ նախքան 5-րդ դարու կեսը ընդունված էր արևելյան սեղան և այդ խորշը սեղանի հատուկ էր: Այս ձևը անգամ մը ևս կուգա ապացուցանելու, որ նախքան 5-րդ դար, Էջմիածնի մեջ ալ չէր կարող կիսաբոլորակ աբսիդ գոյություն ունենալ, որովհետև բոլոր հայոց եկեղեցիներու քննությամբ պարզ կերևա, որ ամեն դարու ամեն ոճի եկեղեցիներ միշտ մեծ մասամբ հետևողություն եղած են Էջմիածնի: 7-րդ դարուն շինված Էջմիածնի հատակագծի ձևը ունին, թերևս, այս վերջինս ալ ուներ իր նախատիպը հայոց մեջ, եթե Ներսես Շինողն էր, որ այսօրվան հատակագծին վերածեց:

Տեկորի եկեղեցիին հատակագծին մեջ երևցած սև գույնով շրջագիծն ալ այդ շենքին ամենանախնական ձևը չէ. անոր ամբողջությունն ունենալու համար պետք է երևակայենք նույն լայնության վրա ավելի երկար շենք մը ուղիղ քառակուսի, և փոխանակ չորս ներքին սյուներու՝ վեց սյուներով կամարակապված սրահ մը, առանց գմբեթի։

Ոչ ոք թող աոանց ապացույցի չհամարի ըսածս, դեռ կան ճիշտ նախնական ձևով նմանօրինակ շենքեր, որոնց հատակագծերը այստեղ տալու հնարավորություն չունիմ. բայց թվեմ անոնց մեկ քանին։ Արարատյան նահանգին մեջ Քասաղի եկեղեցին, Շիրակի մեջ Երերույքի եկեղեցին և Օձունի[3] եկեղեցին և այլն, և այլն. ասոնք ամենն ալ պահած են վեց սյուներու վրա կամարակապ հատկություննին առանց գմբեթ ունենալու:

Տեկորի եկեղեցին շատ բան լուսաբանեց, այն ծառայեց իբրև դուռ մը, ուրկեց կանցնվեր դեպի հեթանոսական աշխարհ։ Անվրեպ փաստեր երևցան Տեկորի ուսումնասիրությամբ, որ նույնօրինակ շենքերու գոյությունը կհասցնեին մինչև 3-րդ դար, երբ թեև քրիստոնեությունը մեծ ծավալ ստացած չէր, այնուամենայնիվ քանի որ դեռ բոլորովին ազատ կրոն ալ չէր, հետևաբար այս մեծ և հոյակապ շենքեր չէին կարող քրիստոնեական տաճարները ըլլալ[4]: Ամենայն հավանականությամբ այդ խոշոր շենքերն իրենց կատարյալ միօրինակությամբ հայոց հեթանոսական մեհյաններ էին:

* * *

Հայոց եկեղեցիներու ձևերը առաջին անդամ օտար ազդեցության ենթարկված կերևին 5-րդ դարու սկիզբներուն։ Մեհրուժանի Էջմիածինը քանդելեն հետո վերաշինվածը շատ հավանական է Տեկորի սև գծերով ներկայացված հատակագծին ձևն ուներ, որուն անմիջապես հետևեր է աբսիդի հավելումը, որ հռոմեական բազիլիկի միակ հատկանիշն է։

Ինչպես կերևի, աբսիդը ուղղակի Հռոմեն եկել է Հայաստան՝ ճանապարհին իր հետքերը թողելով Կիլիկիո մեջ, և հետը բերել է միաժամանակ ուրիշ ազդեցություններ ալ, որոնք միմիայն հռոմեական նախնական եկեղեցիներու ձևերուն հատուկ են, ինչպես արևելյան կողմեն դեպի հյուսիս և հարավ դուրս ցցված թևեր, որոնց մեջ կբովանդակվին ավանդատուններ և արտաքին ճակատը շրջապատող սյունազարդ ծածկույթներ, ինչպես կտեսնվի Տեկորի եկեղեցիի հատակագծին թուխ գույնով Սահակ Կամսարականի հավելվածները ցույց տվող մասերուն վրա։ Հռոմի մեջ 3-րդ դարուն շինվեցավ ճիշտ նույն ձևով ս. Պրաքսետ ըսված եկեղեցին և 4-րդ դարուն նախկին ս. Պետրոսը։

  1. Ագաթանգեղոս. Տփխիս, 1909, երես 31։ «Եթե ոչ առնուցուս յանձն դիցն պաշտօն մատուցանել, մանաւանդ այսմ մեծի Անահտայ տիկնոջս, որ է փառք ազգիս մերոյ և կեցուցիչ, զոր և թագաւորք ամենայն պատուեն, մանաւանդ թագաւորն Յունաց...»։
  2. Ագաթանգեղոս. Տփխիս, 1909, երես 74: «Ամենայն ոք գիտասցէ ի մերոց հրամանացս առ ձեզ, զի վասն ձեր շինութեան եմք հոգացեալք. զի յորժամ էաք մեք ի Յունաց աշխարհին՝ անդ տեսանէաք զհոգաբարձութիւն թագաւորացն, ի հոգալ ընդ շինութիւն իւրեանց աշխարհին, ի պատուել զբագինս դիցն աստուածոց շինուածովք և սպանդիւք զոհիցն՝ ե երևելի պատարագացն ընծայիւք, և գունակ գունակ նուիրօքն և ի պտղոցն՝ յամենայնէ զամենայն նոցա մատուցանելով, և ջերմեռանդն եռալ զեռալ պաշտամանն, շքեղացուցանելով և զարդուքն զարդարելով և զերևելի զհոյակապ զանեղծ դիսն մեծարելով...»:
  3. Օձունի եկեղեցին ես դեռ անձամբ չեմ տեսած, բայց արժանահավատ մարդիկ կվկայեն անոր այս հատկությունը:
  4. Այս մասին մանրամասն փաստացի ապացույցներ տալու համար հոդվածիս սահմանը շատ նեղ է, բայց շուտով լույս կտեսնե առանձին աշխատությունս Տեկորի մասին, ուր մանրամասն ներկայացուցած եմ բոլոր փաստերը: