ալ անսովոր էր, որովհետև Արևմուտքի մեջ չմկրտված մարդ եկեղեցիին մեջ մտնելու իրավունք չունենալու համար նախապես մկրտարաններ շինեցին գավթին մեջ, ուր հեթանոսը մկրտվելեն հետո կարող էր մտնել բուն եկեղեցին. իսկ վերջը շինեցին առանձին մկրտարաններ՝ եկեղեցիեն բոլորովին դուրս և որոշ չափով ալ հեռու: Ինծի տակավին անծանոթ է արևելյան թե արևմտյան հին եկեղեցիներուն մեջ կեդրոնին վրա մկրտարանով եկեղեցի։
Մասնավորասլես հայոց մեջ անլուծելի գաղտնիք է մկրտարաններուն կամ մկրտության ավազաններուն ձևն ու տեղը: Ես կկարծեմ, որ հայոց մեջ առանձին մկրտարաններու սովորությունը ընդունված[1] և պահված է երկար ժամանակ, հավանորեն մինչև 13-14-րդ դարեր։ Այս մասին շատ օգտակար կըլլա պեղել Անիի մեջ գտնվող բազմաթիվ մանր բոլորակ և բազմանկյուն եկեղեցիներեն մեկ քանին, որոնցմե շատերը կգտնվին մեծ եկեղեցիներու մոտիկ: Մայր եկեղեցիի հարավ-արևելյան անկյունի մոտ կար ութանկյուն փոքր մատուռ մը, որ կարելի է թե մայր եկեղեցիի մկրտարանն էր։ 1892-93 թվականներուն է բոլորովին փլած այս մատուռը։
Հավաստողներ կան, որ Կարսի Առաքելոց եկեղեցիին մոտ կար փոքր ութանկյուն մատուռ մը, որուն հատակին վրա գետնափոր շինված էր խաչաձև ավազանի նմանող փոս մը՝ սրբատաշ քարերով շինված։
Հավանաբար 7-րդ դարու Հռիփսիմեի եկեղեցին առաջին օրինակը եղավ չորսե ավելի աբսիդներով եկեղեցիներու. 10-րդ դարեն սկսած արդեն սովորական դարձած երևույթ է վեց, ութը և ավելի աբսիդներով եկեղեցիներու ոճը, որոնցմե ոմանք արտաքուստ ութանկյուն կամ բազմանկյուն ձևի տակ ծածկված են, ոմանք ալ բոլորշի ձևով որոշված են դրսեն։
Հայոց նախաքրիստոնեական ճարտարապետության ըստ ամենայնի զարգացած վիճակ մը ունենալուն վկա են հողեն դուրս հեթանոսական շրջաններե մնացած հատուկտոր բեկորներ: Ավելի պարզ և մանրամասն պատկեր մը ունենալու համար պետք է պատռել բազմադարյան հողակույտեր, ուր թաղված են գեղարվեստական հիշատակարաններու փլատակներ։
Վասպուրականը, Տարոնը և մասամբ Միջագետքը պատմական հայ գեղարվեստի այնպիսի աշխարհներ են, որոնցմե քաղվելիք արդյունքը մեր պատմության առաջին գլուխները պիտի կազմեն. առանց այս գավառներու խուզարկության միշտ թերի կմնան ուրիշ տեղերու վրա կատարված բոլոր հնագիտական ուսումնասիրություններ:
Արարատյան նահանգին մեջ, ուր ավելի քիչ բան կսպասվի հեթանոսական շրջանեն, քան Վասպուրական, առանց պեղումի իսկ բազմաթիվ նյութ կա՝ գիտական այցելութենե զուրկ մնացած: Ամեն քայլափոխի կտեսնվին պատմության համար անգնահատելի գոհարներ պարունակող հողակույտեր՝ բահի ու բրչի կարոտ. բայց բահն ու բրիչն ալ դաստիարակված ու ինքնագիտակ սերունդի են կարոտ։
Հեթանոսական շրջանի քանի մը բերդերու մնացորդներ կան, որոնք բավական են մեզի հասկցնելու, թե ինչ երկաթի կամք, մարմնական բիրտ ուժ և եգիպտական արտակարգ չարքաշություն ունեցեր է այդ բերդերը կանգնող ժողովուրդը։
Հրաբխային ավազաքարի գործածությունը դեռ չէ սկսած բերդերու շինության համար, երկաթի նման կարծր և աներևակայելի ծանրությամբ որձաքարն է ի գործ դրված ծավալի վիթխարի չափերով. մինչև չորս խորանարդ մետր քարեր իրարու վրա դրված են լոկ մարդկային ուժով, առանց նույնիսկ կրաշաղախի, շաղախի պաշտոնը կատարեր են երկաթի ամուր կապերը և արտասովոր մեծությամբ քարերու բնական ծանրությունները։ Ոչ մեկ ուժ բավական չէր անոնց ճարտարորեն հյուսված շարքերը քանդելու՝ եթե բնության ուժեղ սասանումներու անդիմադրելի զորութենեն չկործանեին։
Այս բերդերու համար գործածված քարերու խոշորության վրա գաղափար մը կազմելու համար բավական թող ըլլան մեկ երկու օրինակներ։
Երասխի և Ախուրյանի իրար խառնված տեղը, նախկին Երվանդաշատի մեջ, ուր այժմ կա Հաջի-Բայրամ գյուղը, պարտեզներու և այգիներու շրջափակ են շինած բերդեն թափած քարերով. ամեն կողմեն մեկ շարք քար բավական եղած է անանցանելի դառնալու համար, ամեն քարի բարձրություն մեկ ու կես մետրեն պակաս չէ, և առանց բացառության անոնց վրա կտեսնվի երկաթի կապերուն փորվածքները։
Բագարանի մեջ նույն շրջանեն մնացած փոքր սրահ մը կա, որուն յուրաքանչյուր կողմի պատերուն համար բավական եղած է իրարու վրա հինգ կամ վեց քար: Քրիստոնեական շրջանի մեջ այս մնացորդը վերածեր են տոհմային դամբարանի և ստորին կարգի շարքերուն վրա փորագրեր են արձանագրություններ ու խաչեր՝ անոնց հավիտենական անշարժության վրա միանգամայն վստահ։
Բագարանի հին բերդի պարիսպները ինքնին սարսափելի մեծագործություններ են, որոնց հազիվ հետքը մնացեր է այսօր հողի երեսին. մասեր կան, որ մինչև երկուք ու կես մետր թանձրություն ունին, իսկ քարերու խոշորութենեն մարդ կզարհուրի, թե ինչ միջոցով այդ մեծամեծ զանգվածներ իրարու վրա հաներ են, հասկնալ անկարելի է։
Նույն ոճը, նույն չարքաշ դիվային աշխատանքը կներկայացնե Տեկորի րերդը. սա թեև համեմատաբար փոքր տարածություն ունի, սակայն ավելի որոշ է ընդհանուր հատակագիծը, որուն մեջ, բացի պատերեն, հայտնի են նաև ձեռագործ ճանապարհները, ոչ մեկ դժվարության աոջև կանգ չեն առեր շինողները. դարևանդները
- ↑ Սոփերք Հայկականք, հատ. Բ. Պատմ. վասն սրբոյն Սահակայ Հայրապետին և Մեսրոպայ վարդապետին։ Վենետիկ, 1853, երես 81։ «Եւ զտաճարս աղօթիցն՝ յորս սուրբ և աստուածընկալ սեղանն է հատատեալ, յորոյ վէրայ կատարի մեղսաքաւիչ և կենդանարար խորհուրդ մարմնոյ և արեան ապրեցուցչին մերոյ տեառն՝ ըստ արժանի բաւականութեանն զարդարուն պահեսցեն անխափան լուցմամբք և խնկարկութեամբ, և պարսպեալ քաղաքորմովք, և մերձ ի նա մկրտատունս շինեսցեն, և անդ, որպէս և սովորութիւն իսկ է և յայլսն՝ ի նմին կանգնեսցի աւազան մկրտութեան»: