Այս էջը հաստատված է

ճարտարապեառթյան, մեծ հարստություններեն մեկը կազմող հայկական ամենաճոխ մանվածոներու: Չէ կարելի չհիանալ բոլորակ որմնասյուներու խարիսխները ծրագրող ճարտարապետի պայծառ երևակայության վրա. քառակուսի տախտակի մը չորս անկյուններուն վրա շեղակի քանդակեր է աստիճանաբար իրարմե բարձր սրածայր տերևներու շարքեր, ամենեն բարձր տերևներուն ծայրերուն վրա զետեղեր է կոնաձև սկավառակ մը՝ սուր ծայրը անցուցած չորս անկյուններու տերևներուն հեռավորութենեն մնացած դատարկության մեջ. կոնաձևին ամբողջ շուրջը քանդակված են մանրիկ ձողիկներ, որոնք շատ կհիշեցնեն արևմտահայ կղերին գլխուն խույր և անոր կոնաձև մասին վրայի ծալքերու շարքը։ Սկավառակին վերի շրթունքները պսակված են երկգծանի բոլորշի մանյակով մը, որուն մեկտեղեն վար կախված է մինչև ներքև լայն ժապավենի մը վրա քանդակված պայտաձև օղակներով շղթա մը. մանյակեն վեր կսկսի արդեն սյան բունը: Այսքան վայելչություն, շքեղություն այս խարիսխներուն վրա, ոչ մեկ տեղ իրենց նախորդը չունին:

Խոյակներեն մեկուն վրա քանդակված են երկու եղջյուրներ, որոնք իջնելով վերեն վար և փաթաթվելով՝ խոյակին արտակարգ գեղեցկություն կուտան: Քառակուսի որմնասյուներու խոյակներուն մեջ քանդակված են զանազան վայրենի կենդանիներ՝ ճարտար և համարձակ գծերով, որպիսիները դժվար է տեսնել հայ ճարտարապետության մեջ մինչև 12-րդ դար։

Այս բոլոր կատարելություններու հետ կան մասեր ալ, որոնք սկզբնական փորձեր միայն կներկայացնեն Տեկորի եկեղեցիին մեջ: Պարզ կերևի, որ նախքան 5-րդ դար գմբեթի կառուցումը անծանոթ էր Հայաստանի մեջ և թերևս առաջին փորձն է Տեկորի եկեղեցիին գմբեթը: Չորս կողմեն ներս հակված պատերով միայն կարողացեր են գմբեթի ձև տալ անոր ի ներքուստ, իսկ արտաքուստ միայն խորանարդ մը. բայց իր նախնականությամբ հանդերձ բավական հանճարեղ միջոցի են դիմած առանց կաղապարի շինելու համար։ Գմբեթի այս նախնական ձևին վրա է, որ հետզհետե զարգացեր և կատարելագործվեր են հետագա դարերու մեջ նախանձելի շքեղության հասած հայկական կոնաձև գմբեթները։

Հավանաբար 6-րդ դարու վերջերը սկսեր է հայ ճարտարապետության երկրորդ վերածնությունը, որովհետև 7-րդ դարուն արդեն նախորդ ոճեն բոլորովին տարբեր, նոր ուղղության վրա կանգնած է։ Հռոմեական ոճի ներգործությունը միանգամայն անհետացած է, անոր տեղը բռնած են ասորական և սասանական փոխանցումներ։ Corniche-ներ, բադի սասանսականեն, կարծեք ամենահին եգիպտական և քաղդեական ոճերու վերհուշումներ են, նույնպես գնդագլուխ խոյակներ՝ երբեմն մանվածո քանդակներով ծածկված, abaque-ներու ներքև երկու ծայրերու վրա հարմարցված են հունական խոյողներ (spirale), սակայն ոչ իսկական հունական, ավելի նման արևելյան ձևերուն, որոնք երևցան Նինվեի և Պերսեպոլսի պեղումներով, Պատուհանները առհասարակ շրջանակված են բազմատեսակ moulure-ներով և պաակված ծաղիկներու և տերևներու խառնուրդով քանդակված լայն ժապավեններով: Այ երկրորդ վերածնության մեջ ինքնուրույն զարդաքանդակներ տտեղծելու համար, շատ քիչ անգամ դիմեր են բնության, երևակայությունն է ներշնչել արվեստագետներուն, ուղիղ ու կոր գծերով գաղափարական տերևներու ու ցողուններու հյուսվածքներով ստեղծել զգլխիչ ներդաշնակություն մը, որուն décadance անունը կուտա ներկա ճարտարապետությունը և դարուս մեջ միայն ստեղծված կհամարի։ Արդյոք ո՞րչափ մեծ անակնկալ պիտի ըլլա մեր ժամանակակից արվեստագետներու համար, երբ օր մը տեսնեն իրենց սեփականությունը կարծած զարդարանքներու անհամար օրինակները առնվազն տասներեք դար առաջ իրագործված Հայաստանի մեջ:

Մարդոց, կենդանիներու քանդակներուն համար հաջող շրջանն է երկրորդ վերածնությունը, այդ ճյուղը զգալի կերպով ընկած է հակառակ մյուս ճյուղերու կատարելագործության։ Բացառաբար Մրենի եկեղեցիին դռներուն վրա կան բարձրավանդակ պատկերներ, որոնք ավելի պատմական նշանակություն ունին, քան գեղարվեստական։ Այս քանդակներուն մեջ մենք կտեսնենք 7-րդ դարու հայ իշխանին ու ազնվականին տարազը իր բոլոր մանրամասնություններով, որուն անփոփոխ շարունակությունը պահված է քուրդ պեյերու մեջ։ Այս շրջանին գերեզմանաքարերու վրա ալ կտեսնվին մարդոց պատկերներ, որոնք միևնույն տարազը ունին։

Զվարթնոց եկեղեցին 7-րդ դարու հայոց ճարտարապետության գլուխ գործոցն է և անհամեմատ մեծ արվեստագիտությամբ փորագրված են բոլոր քանդակները, սակայն այնտեդ ալ բոլորովին անհաջոդ են մարդոց պատկերներու քանդակներ:

Ինչպես եկեղեցական, նույնպես ալ գեղարվեստական ճարտարապետության մեջ եզական օրինակ մ'է Զվարթնոց եկեղեցին։ Թեև շատ է խոսված այս հրաշակերտ հիշատակարանին վրա, բայց որչափ որ խոսվի, դարձյալ քիչ է։ Ճշմարիտ է, որ ան չունի Պանթեոնի և ս. Սոփիայի գմբեթներու վիթխարի տրամագիծը և ոչ ալ անոնց մեջ վազած ոսկիի հեղեղները կան այստեղ, բայց կա ճարտարապետական այնպիսի մեծություն մը և արվեստագիտական այնպիսի հմտություն, որ համաշխարհային, ճարտարապետության մեջ հազվագյուտ օրինակ և պսակ է հայոց ստեղծագործական տաղանդին[1]:

Մովսես Կաղանկատվացվո վկայության նայելով, Կոստանդին կայսրը զմայլած մնաց այս եկեղեցիի գեղարվեստական մ՛եծագործության առջև, և իր հետ տարավ ճարտարապետը Պոլսո մեջ ալ նմանը շինել տալու համար, սակայն ճարտարապետը ճանապարհին մեռավ:

  1. Խաչիկ վարդապետ Դատյան որչափ որ պատվո և հարգանաց արժանի է Զվարթնոցի նման ճարտարապետական մեծագործություն մը ի լույս բերելուն համար, նույնչափ ևս դատապարտելի է այդ մեծագործության նշխարները մինչև այսօր գիտութենեն թաքուն իր մոտ բանտարկած պահելուն համար, եթե այսուհետև ալ չփութացնե պեղումներու տված արդյունքին լիակատար հրատարակությունը, պարզապես կմեղանչե նյութապես և բարոյապես իրեն աջակցողներու նպատակին և ակնկալություններուն դեմ: