քարի վրա աննկարագրելի գեղեցկությամբ առանձին տեսակ զարդարանքներ փորագրված են։
Երբեք չեմ մոռնար այն րոպեն, երբ իտալացի արվեստագետի մը հետ կդիտեինք այս գմբեթը 1903 թվականին։ Սքանչացած ու հափշտակված իտալացին՝ երանի կարդաց ինծի, ըսելով՝ «Բախտավոր ժողովուրդ եք, որ այսպիսի հարստություններ ունիք մնացած այնպիսի դարերե՝ երբ տակավին Եվրոպայի մեծ մասը կիսավայրենի վիճակի մեջ էր»։
Երրորդ վերածնության գլուխ-գործոցներն են Անիի կաթուղիկեն և գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցին, որ բացվեցավ 1905-906 թվականներուն՝ պրոֆ. Ն. Մառի պեղումներով։
Գագկաշեն ս. Գրիգորի պատմությունից ծանոթ էր, բայց տեղը անհայտ էր, անոր տեղը ճշտելու պատիվը կվերաբերի Ա. Վրույրի, որ առաջին անգամ հայտարարած է 1901 թվականին։
Շատ ճիշտ էր գրած պատմագիրը անոր մասին։ Չափով, ձևով ոչ մեկ տարբերություն չունի Զվարթնոցեն, միայն զարդաքանդակներն են, որ Զվարթնոցին օտար են. 9-րդ դարու զուտ հայկական քանդակներով զարդարված է հունական թեթև խառնուրդով։ Այս եկեղեցին պարգևեց մեզի Գագիկ Ա-ի երկու մետր բարձրությամբ հսկա արձանը, որն որ եթե իր գեղարվեստականությամբ չէ կարող մրցիլ հայկական ուրիշ զարգացած ճյուղերու հետ, սակայն կսորվեցնե մեզի Բագրատունի թագավորներու հատուկ արևելյան ճոխ տարազը բոլոր մանրամասնությամբ։
11-րդ դարու հայ հանճարի մեկ զարմանալի պտուղն է օրհասական վիճակի հասած և ընդմիշտ այցելութենե զրկված փոքրիկ Հովիվի եկեղեցին Անիի պարիսպներեն դուրս։ Արտաքուստ մանրանկարն է Զվարթնոցի և գագկաշեն ս. Գրիգորի, իսկ ներքին կողմեն, ամբողջ կիսակլոր աղեղներու ծայրերը հավաքվելով կեդրոնին վրա, առանց սյունի կախված մնալուն նկարագիրը ոսկի տառերով պետք է արձանագրել ճարտարապետության ընդհանուր պատմության մեջ. Հովիվի եկեղեցին անգնահատելի գոհար է հայ հիշատակարաններու շարքին մեջ:
Երրորդ վերածնությունը մանվածոներու անհունության շրջան մըն է, որուն մեջ հայ արվեստագետներ անընդհատ մրցեր են մեկզմեկ գերացանցելու համար: Ոչ միայն արվեստագետներու արժանապատվությունը պահանջեր է իրարմե տարբեր նորություններ ու գեղեցկություններ ստեղծել, այլ միևնույն վարպետին կարծեք ներելի չէր անգամ մը շինածը վերստին կրկնել ուրիշ տեղ: Երբեք չեն համակերպած համաչափություն ըսված օրենքի մը. իրենց ճաշակի և պաշարի անհունության մեջ գտեր են գեղեցկություն և վայելչություն, և ահա այդ պատճառով է, որ կտեսնենք հայ հիշատակարանի մը մեջ սյուներու թվով խոյակներու տեսակներ և պատուհաններու թվով շրջանակներու բազմություն։ Բավական չէր, որ շրջանակ կամ պսակ առանձին տեսակ քանդակած են, անոնց յուրաքանչյուրին մեջ ալ քանդակներու տասնյակ այլազանություններ խտացուցած են:
Պսակներու, շրջանակներու աղեղներու սահմանը շատ նեղ էր հայ արվեստագետին իր բեղմնավոր տաղանդի պատկերը արտացոլացնելու համար, ան ավելի լայնարձակ տեղ գտեր է խաչքարերու վրա, ուր դրոշմեր է անպարագրելի վսեմություն ու գեղեցկություն: Մինչև ո՞ւր պիտի սլանար հայու գեղարվեստի հանճարը, եթե իր տրամադրության տակ ունենար Հունաստանի ընտիր մարմարիոնը, փոխանակ հրաբխային կոշտ ավազաքարերու:
Ահա այս շրջանի մեջ ծաղկած հայ ճարտարապետության համար է, որ ճարտարապետության պատմաբան մեծ գիտնական A. Choisy ոչ միայն կսքանչանա անոր ինքնուրույնության վրա, այլև քայլ առ քայլ կհետևի երկրագունդի վրա անոր կատարած արշավանքներուն։
Ընթերցողին ավելի մեծ վստահություն և հաճույք պատճառելու համար այստեղ կդնեմ մեծարգո հեղինակին սեփական քանի մը տողերը:
«Կ. Պոլսո և Հայաստանի ոճերուն մեջտեղ, բայց ավելի մոտիկ հայկական ոճին, կազմված կերևին հարավային Ռուսաստանի կրոնական հիշատակարանները...»[1]:
«...Դանուբի հովտին մեջ, Սերբիա, Ռումանիա, Մոլդավիա, հայկական զարդաքանդակներու հատկանիշն է, որ դրոշմված է մինչև այսօր: Ռավանիքայի, Քրուշեվաքի, Շթուտանիկայի եկեղեցիներու վրա բյուզանդական հատվածներու մեջ պատշաճեցուցված են հայկական մանվածոներ: Քուրթետ տ'Արճելի, Թեկովիցի, Տրակոմիրայի եկեղեցիներուն վրա չկա զարդաքանդակ մը, որ Հայաստանի չպատկանի: Զարդաքանդակներու ճարտարապետության տեսակետով Դանուբի ստորին հովիտը հայկական գաղթավայրի մը կնմանի: Միակ ոճը, որ չէ ընդունված այնտեղ, ձվաձև աղեղն (ogive) է...»[2]:
«...Միևնույն ժամանակ, երբ բեղմնավորասլես մշակված արվեստի մը ազդեցությունը կհառաջանար դեպի Կ. Պոլիս, միևնույնը Պարսկաստանեն երկար արշավանք մը կկատարե Եփրատի վրայով, կտրիե Տրապիզոնի նահանգին և կհասնի Եվրոպա՝ Սև ծովի և անոր մեջ թափվող գետերու միջոցավ...»[3]:
«Պարսկական արվեստի տարերքը, որուն օջախը փոխադրված էր Բաղդադ, Հայաստանի մեջ ծնունդ տվեր է այն էիքնուրույն արվեստին, որուն վրա խոսեցանք (երես 21, 30 և 58)։ Այս հայկական արվեստը անցնելով Սև ծովը, կտարածվի հարավային Ռուսաստան և Դանուբի նահանգներուն մեջ Պոկրովի, Կիևի ռուսաց, նաև ռումանացվոց, մանավանդ Սերբիայի եկեղեցիներու ոճերը ավելի հայկական են, քան բյուզանդական»։
«Այսպեսով՝ Սև ծովի բոլոր եզերքը, Տրապիզոնեն մինչև Դանուբի ավազանը կապված են հայու սեփական արվեստին հետ և հայկականով՝ ավանդական սասանականին...»։
«Ասիական գաղափարները, հասնելով այս տեղերը, փոխանցման բաց ճանապարհներ ունեին իրենց առջև, որոնք Սև ծովի օժանդակ գետերն էին՝ Դոն, Դնեստր, Վոլգա: Այսօր իսկ ասիական վաճառականության