Այս էջը հաստատված է

Եթե ուշադրության առնենք տաճարին արևելյան կողմեն դուրս ցցված թևերու լայնությամբ շենքը երեք կողմեն (հյուսիս, հարավ, արևմուտք) շրջապատող plate-forme-ը, պիտի համոզվինք, որ հակառակ հայոց եկեղեցիներու հատակագծային ընդհանրացած ոճերուն, աննպատակ չէր կարող գոյություն ունենալ Տեկորի տաճարին շուրջը։ Անտարակույս, Երերույքի տաճարը շրջապատող սյունազարդ կամարակապ ծածկույթի մը (portique) հատակն (plate-forme) էր, որուն վրայեն թեև մի օր ծածկույթը վերցվեր է, սակայն շատ հասկնալի պատճառներով plate-forme-ը պահված է։ Որովհետև տեղին զառիվայր դիրքին պատճառով հյուսիսային կողմեն շենքի հատակը բարձրացած էր, եթե plate-forme-ը անհետացնել ուզեին, փոխարեն վերստին սանդուխքներ պետք էր շինվեին հյուսիսային դռներուն հասնելու համար։

Նմանապես չենք կարող աննպատակ համարել այն գեղեցիկ որմնասյուները (colonne-engage), իրենց սիրուն ու ճոխ խոյակներով ու խարիսխներով. ոմանք կլոր, 50-53 սնտ. տրամագծով, ոմանք քառակուսի 0,70-0,80 մետր լայնությամբ և պատեն դուրս ցցված 0,40-0,42 մետր և ենթադրել, որ լոկ ցույցի համար շարված էին անոնք շենքի արտաքին երեսներուն վրա, առանց գիտցվելու անոնց պաշտոնն ու նպատակը:

Հնագույն դարերու հայոց ճարտարապետության մեջ շատ կարևոր տեղ կբռնե Տեկորի տաճարը՝ գլխավորաբար այն միակ պատճառով, որ անոր զանազան մասերուն վրա գեղարվեստական և շինարարական որոշ ճյուղեր ավելի կատարելագործության հասած են, քան հետագա դարերու մեջ: Հայտնի է, որ անոր ճարտարապետը լինելով միանգամայն հմուտ տեղական արվեստին, նաև հմուտ էր արևմտյան չքնաղ ոճերու, որոնց հետ պատվաստելով արևելյան ճոխ զարդաքանդակներ, կազմեր է մի ներդաշնակ խառնուրդ սյուներու, խոյակներու, խարիսխներու, որոնք, անպայման, ըստ իրենց բնական կոչման՝ կկրեին աղեղներ և կամարներ:

Որմնասյուներու (colonne-engagé) գլխին հանգչող աղեղներու գոյությունը ապացուցանելու համար, ի մեծ բախտավորություն այժմյան հետազոտության, հյուսիսային ճակատի միջին երկու որմնասյուներու խոյակներուն վրա պահված են երկու կամարաքարեր, որոնք plate-forme-ը ծածկող կամարին հանգստյան (retomhé) վերջին քարերն էին:

Այս երկու կամարաքարերու դիպվածական գոյությունը գիտական հետազոտության համար ախտ համարեցի այն պատճառով, որ նորոգություններու ժամանակ որմնահյուս վարպետներ եթե ուզեին, շատ հեշտությամբ կարող էին տաշել և անհետացնել շուրջանակի սյունազարդ ծածկույթի (portique) այդ դրական ապացույցներ:

Այսքանը միայն բավական չէ շուրջանակի սյունազարդ ծածկույթի (portique) գոյության իբրև ապացույց: Արևելյան կողմեն դեպի հյուսիս և հարավ դուս ցցված թևերու անկյուններուն վրա կան տակավին որմնասյուներ, որոնք ցույց կուտան, թե plate-forme-ի արտաքին եզերքին վրա շուրջանակի շարված էին անջատ սյուներ՝ միմյանց հետ աղեղներով կապված և իրենք այդ սյունաշարերը իրարու կապող աղեղներու վերջիններուն ծայրերը կկրեին իրենց խոյակին վրա: Իսկ հատակին վրա դեռ չէ կորած սյանց խարիսխներու (base) հավասարաչափ լայնությամբ շուրջանակի ձգված կրաշաղախ հիմնագիծը (socle), որուն վրա շարված էին սյուները կարգավ և այս հիմնագծին անմիջապես կհաջորդեն շրջապատի աստիճանները:

Մի ուրիշ ապացույց ևս որմնասյուներու (colonne-engagé) խոյակներուն անմիջապես վրայեն շենքը շրջապատող պսակն է (corniche): Հայկական ոճին մեջ շենքը մեջտեղեն պսակելու սովորություն ամենևին չէ եղած, սա բացառություն էր ընդհանրապես ընդունված օրենքի դեմ, որուն պատճառը չէր կարելի չփնտռել:

Քննությունը ցույց տվավ, որ plate-forme-ը ծածկող կամարին շենքի կողմի ոտքը (retombé) դրված էր պատեն դուրս ավելորդ թանձրության մը վրա և այդ պատճառով էլ նույն սահմանեն վեր շարունակված պատը բարակ է: Սյունազարդ ծածկույթը (portique) քանդվելեն հետո, երբ կամարին հանգիստ տվող թանձրությունը բաց կմնար և զանազան անախորժություններու պատճառ պիտի տար, այդ պատճառով ծածկեր են բաց մնացած մասը շուրջանակի պսակով (corniche) և որովհետև պատուհանները ավելի բարձր դրված էին, քան պսակի բարձրությունը, պսակի շարունակության մեջ պատուհան հանդիպած տեղերը փոխանակ ընդհատելու,