Այս էջը հաստատված է

նույն պսակով պսակեր են նաև պատուհաններու վերին կիսաբոլորակները:

Տեսնելով Տեկորի տաճարին կեսեն քաշված այս պսակը (corniche), կկասկածիմ, թե մի գուցե Էջմիածնի մայր տաճարն ալ մի ժամանակ portique-ով շրջապատված և օր մը portique-ը քանդվելով՝ ստացած լինի Տեկորի տաճարին նման պսակ, բարձրության կեսին վրա, մինչդեռ նախքան Տեկորի տաճարը հետազոտելս ուրիշ պատճառներու վերագրած էի[1]։

Համոզվելու շատ պատճառներ կան, որ Տեկորի տաճարը արևելյան կողմեն ալ ունեցեր է սյունազարդ ծածկույթ (portique), որուն ենթադրության առիթ կուտան արևելյան երկու անկյուններու վրա զետեղված երկու որմնասյուներու խարիսխները:

Կարելի է առարկություն ընել այս խարիսխներու մասին՝ զանոնք պատահական կամ իբրև զարդ շինված համարելով, սակայն եթե ի նկատի առնենք տաճարին շուրջը սյունազարդող ճարտարապետին յուրաքանչյուր ճարտարապետական հարամասունքներու իրենց պատշաճ տեղը համաչափորեն և վայելչորեն դասավորելու, կատարյալ գիտակցությունը, այն ատեն կմնա համոզվիլ, որ նույն ճարտարապետը առանց որոշ նպատակի նույն խարիսխները չէր զետեղեր անկյուններուն վրա՝ առանց բունի (fut) և խոյակի (chapiteau):

Texier կարծեր է, որ նույն անկյուններուն վրա այժմ վերեն մինչև վար գոյություն ունեցող սյունանման քանդակվածքին իբրև խարիսխ դրված են. այդ ձևով ալ մտցուցեր է իր հատակագծի և շենքի պատկերներու (élévation) մեջ, քիչ ալ ավելի կանոնավորելով և վայելչություն տալով, քան իսկականը։

Ես պիտի առարկեմ, որ, բացի ուրիշ պատճառներե, մի շատ պարզ և բնական պատճառով անընդունելի է այս կարծիքը: Սյունանման անկյուններու ձևը հազիվ թե գոյություն ունենար 7-րդ դարուն մեջ, իսկ հայոց ճարտարապետության մեջ առանձին մշակված և կատարյալ վայելչության հասած է անկյուններու այս ոճը, սկսյալ 10-րդ դարեն մինչև 13-14-րդ դարերը, և մինչև հայ ճարտարապետության վերջնական անկումը գրեթե անխտիր, շնորհալի կերպով վայելչազարդված է դարերու բոլոր եկեղեցիներու անկյուններր, սակայն առանց խոյակի և խարիսխի են անոնք, ներքևի կողմեն ուղղակի նստած են շենքի ամենեն վերևի աստիճանի վրա, իսկ վերեն խառնված են պատին մեջ պսակին անմիջապես ներքևը. խարիսխի և խոյակի տեղ անոնց միակ զարդը կիսաբոլորակ վերջավորությամբ հարթ տաշվածքներ են միայն:

Մրենի տաճարին անկյուններեն զատ, 7-րդ դարուն մեջ կանգնված ուրիշ մի շինության վրա չենք գտներ այդ ձևով անկյուններր: 9-րդ և 10-րդ դարերուն կանգնված շինությանց շատերուն վրա ալ կբացակայի այդ ձևը: Կարելի է կարծել, որ 7-րդ և 10-րդ դարերու մեջտեղ (ավելի մոտիկ 10-րդ դարին) ծագում առած է այս ոճը հայոց ճարտարապետության մեջ, որ հետո՝ 12-14-րդ դարերուն, ըստ ամենայնի պարտավորիչ և շատ ճոխ զարդարանքի տեղ բռնեց հայոց եկեղեցիներու անկյուններու վրա։

Փաստեր կպակսին մեզի Մրենի տաճարին անկյուններու սյունանման քանդակվածքը 7-րդ դարուն տաճարի շինության հետ ժամանակակից համարելու, որովհետև, ինչպես ուրիշջ շատ մը հնագույն շենքերու, նույնպես Մրենի տաճարին վրա կատարված կարևոր նորոգություններ և փոփոխություններ անվիճելի են։

Եթե պահ մը Մրենի տաճարին անկյուններու սյունանման քանդակումը շինության ժամանակակից համարինք, պետք էր որ անոր անկյուններն ալ միևնույն ձևով քանդակված լինեին, որպես ժամանակակից սովորական ոճ, մինչդեռ այս ձևի քանդակումը կատարված է միմիայն արևմտյան անկյուններու վրա. արևելյան անկյունները միանգամայն պարզ են: Այս պարագան արդեն ցույց կուտա, որ Մրենի տաճարին արևելյան կամ արևմտյան ճակատները իրարմե տարբեր ժամանակներու մեջ փոփոխության են ենթարկված։ Այժմ փորձենք գտնել, թե որ ճակատը կամ անկյունները ինչ ժամանակ նորոգված կամ փոփոխված լինելը հավանական է։

Մրենի տաճարը այցելելիս անմիջապես հետո գրեցի Ալեքսանդրոպոլում հրատարակվող «Ախուրյան» լրագրին մեջ՝ հարավ-արևելյան կողմին վրա տեսածս տարօրինակ նորոգություններու և կարկատաններու մասին[2]: Այս կարկատաններուն մեջ է, որ տասնյակ

  1. Т. Тораманян, „О древнейших формах Эчмиадзинского храма“, СПб, 1909. կամ՝ Թ. Թորամանյան − «Էջմիածնի տաճարը», 1910, Թիֆլիզ:
  2. Հարավային ճակատի արևմտյան անկյունին մոտ, պսակեն մինչև դռան կամարը (նմանապես արևմտյան կողմն ալ) չորսեն մինչև հինգ մետր լայնությամբ՝ սկսած բարձրեն՝ արևմտյան անկյունեն վերեն վար հակուղիղ ձևով դեպի արևմուտք, ամբողջությամբ սլատռեր են պատը և վերստին տեղը նոր քարեր շարեր են: Այս քանդումը կամ փոփոխությունը, հնացած կամ որևէ արկածով վնասված մասի մը նորոգության երևույթը չունի ամենևին, կարծեք թե հատկապես այդ մասին վրայեն մւ հիշատակություն կամ մի ուրիշ անհաճո բան անհետացնելու դիտումով քանդած և վերաշինած են: Այս ըսածս հավանական ճշմարտության կհամոզվին ամեն անոնք, որոնք մասնագիտորեն քննելով կտեսնեն, թե ինչպես պատին վրա դեռ մինչև այսօր ալ առողջ մնացած մեծ ծավալով քարեր հակուղիղ ձևով տաշված և անոնց վրա նոր քարեր պատշաճեցուցված են: Հավանաբար այս փոփոխությունը կատարվեր է 13-րդ դարուն, որովհետև այդ մասին վրա գրված արձանագրություններ կան, որոնց ամենահինը Չ թվականը չանցներ: («Ախուրյան», 1909 թ., օգոստոս 9):