Այս էջը հաստատված է

սյուներն ալ նույն համաչափությունը պիտի պահանջեին, որով դուրս ցցված թևի անկյունի որմնասյունեն դեպի մյուս անջատ սյունը ձգվելիք աղեղին տրամագիծը չափազանց պիտի լայննար և բարձրությունն ալ պիտի անցներ քան մյուս կողմերը. հետևաբար նաև ծածկույթի կամարն ալ պիտի բարձրանար քան կտուրի սահմանը։ Իսկ եթե դռան անմիջապես քովը մի որմնասյուն դնելով մինչև սենյակի պատը եղած լայնության մեջ ալ մեկ որմնասյուն միայն դնել ուզեր ճիշտ մեջտեղը, պատուհանը պիտի փակվեր։

Միևնույն անտեղությունները և դժվարությունները հառաջ կուգան սույն ճակատի մտից դռնեն դեպի արևմուտք մնացած մասին վրա, այնպես որ ոչ մի որմնասյուն չէ կարելի տեղեն շարժել, ավելցնել կամ պակսեցնել գոնե այսօրվան փոքր ի շատե ներդաշնակ դասավորությունը առանց զգալի խանգարման ենթարկելու։

Սյունազարդ ծածկույթի կամարին բարձրությունը անպայման նույնն է, ինչպես որ գծված է, չէի կարող ավելի բարձր ենթադրել, քանի որ գոյություն ունին վերոհիշյալ երկու կամարաքարերը հյուսիսային ճակատի երկու որմնասյանց խոյակներուն վրա, և անոնց կորությունը արդեն ապացույց է, որ որմնասյանց խոյակեն սկսած էր բոլորվիլ կամարը: Հետևաբար, երբ շենքի ճակատի որմնասյուներն ալ հյուսիսային կողմեն դուրս ցցված թևի վրա եղող կիսաբոլորակ խորանի abside-ի երկու կողմի որմնասյուներու հետ հավասար բարձրության վրա են, բնականաբար նույն բարձրության վրա պիտի բոլորվեր շուրջանակի ծածկույթի կամարը։ Կամարաքարերեն մեկը, որ ավելի խոր, պատին հավասար դրված է, նա ևս ցույց կուտա, որ ծածկույթի իսկական կամարը կբոլորվեր abside-ի կատարը պսակող corniche-ին անմիջապես վրայեն։ Մյուս կամարաքարը, որ պատեն դուրս որմնասյան խոյակի վրա դրված է, ցույց կուտա, որ կամարին ներքևեն դուրս շեշտված աղեղներ կամ գոտիներ կային փոքր abside-ը պսակող corniche-ին հավասար բարձրությամբ, որոնց ծայրերը բնական ուղղությամբ պետք էր որ հանգչէին անջատ սյուներու դեպի ներս շեշտվող խոյակներու վրա:

Սյունազարդ ծածկույթի (portique) կտուրին թեքության աստիճանը, որ այսօրվան երևցած ուղղությամբ գծեր եմ, ինծի անհարմար կերևի, որովհետև այդ ձևով շատ կծանրաբեռնվին ծածկույթը շրջապատող անջատ սյուները կամարի և տանիքի արտակարգ թանձրությունով։ Ինծի հավանական երևցավ այն ուղղությունը, որ կետաշար ցույց տվեր եմ նկար 115-ի վրա. այս ուղղությամբ, ինչպես կտեսնվի, ներսի կողմեն ալ ոչ մի արգելքի չի հանդիպիր։

Արտաքուստ ծածկույթը կրող անջատ սյուներու իսկական ձևի մասին հաստատ ոչինչ չեմ կարող ըսել, բայց քանի որ յուրաքանչյուր սյունի խոյակ երեք զանազան կողմերե ձգվող աղեղներու ծայրին հանգիստ պիտի տար, բնականաբար պիտի ունենային այն ձևը, որ կտեսնվին նկ. 110, հատակագծին մեջ[1]: Կարելի է կարծել, որ փոխանակ նկ. 110-ի մեջ երևցածին նման յուրաքանչյուր դուրս ընկած մասերը քառակուսի լինելու, գուցե կիսաբոլորակ կվերջանային, ինչպես նկ. 1Ю, А В C: Թեև սյուներու այս ձևի ծագումը ընդհանուր ճարտարապետության մեջ մինչև եգիպտական հնության կհասնի, բայց հայոց մեջ մտնելու սկիզբը երբ լինելը տակավին ինծի հայտնի չէ, 11-րդ դարեն սկսած մինչև 14-րդ դար հաճախ կգտնենք հայ հիշատակարաններու մեջ:

Մի ուրիշ հարց ինձ համար անլուծելի մնացած է, այն է՝ սյունազարդ ծածկույթի անջատ սյուները միացնող աղեղներեն մեկուն ձևը կամ բարձրության չափը (նկ. 110, A, արևմտյան կողմ):

Արևմտյան դռան դիմաց գտնվելով այդ աղեղը կրող անջատ սյուները plate-forme-ի արտաքին եզերքին վրա, բնականաբար հանդիպակաց որմնասյուներու համաչափորեն պիտի զետեղվեին։

  1. Երերույքի մեջ այս սյուները բոլորովին կլոր են, սակայն նախ այնտեղ կարիք չկար ուրիշ ձևի, քանի որ կամարը, ուղղակի սյուները կապող աղեղներու վրայեն ծնունդ առած է և չունի կամարին ներքևեն դուրս շեշտվող աղեղներ, միմիայն երկու աղեղներու միացյալ ոտքերը պիտի նստեին յուրաքանչյուր խոյակի վրա: