Այս էջը հաստատված է

իրենց ծայրերուն հանգիստը (retombée) կպահանջեին, հետևաբար այս երկու բնական պահանջները իրագործելու համար, անհրաժեշտ էր ավելցնել այն մասերը, որոնք կտեսնվին նկ. 110 հատակագծի վրա թուխ գույնով ներկված, որով մույթերը ստացած են այսօրվան բոլորովին հակաօրինական և անհամաչափ ձևերը. մույթերու խարիսխներուն վրա ալ նույնպես տարբեր տեսակներով moulure-ներ և քանդակագործություններ կան, որոնք կորոշեն յուրաքանչյուրին քանդակման ժամանակի ոճը և նորոգության դարաշրջանը։ Այս մասին ավելորդ կսեպեմ ավելի մանրամասն բացատրություն տալ, որովհետև հին և նոր հատակագծերու (նկ. 109 և նկ. 110) վրա մասնագիտորեն կատարված քննությունը պարզ կցուցնե մնացած ամեն ինչ։

Մույթերու վրա եղած հավելվածները երբ նախկինին հետ ձուլվելով բարձրացած են անոր հավասարությամբ, կմնար զանոնք աղեղներով կապել և վրան գմբեթի խարիսխը կազմել։ Ուստի պատռեր են միայն հյուսիսեն հարավ երկնցող միջին թևի տանիքը, առանց ձեռք տալու մյուս մասերու տանիքին ու կամարներունք,և աղեղներով նորոգ կապեր են նոր կազմված մույթերը միմյանց հետ։ Այս նոր փոփոխության արդյունքը եղեր է արևելքեն արևմուտք շարված մույթամեջերուն միջինին (նկ. 118, BBB) լայննալը և բարձրանալը (նկ. 118, С), որով ստացվեր է նկ. 117 հատվածականի ձևը, իսկ մյուս կողմին (հյուսիսեն հարավ) վրա մույթերուն իրարու մի քիչ մոտենալուն պատճառով (նկ. 115, HH), նախապես գոյություն ունեցող մեծ աղեղներու տրամագծերը մի քիչ փոքրացեր են (նկ. 115, Q), երկու ծայրերուն վրա եղած մույթամեջերը (նկ. 118, DD), որոնք մույթերու հավելումով (նկ. 118, ЕЕ) նեղցեր էին, քան նախկին չափը, նոր աղեղներով կապվեր են նմանապես ավելի ցած, քան նախկինը (նկ. 118, ЕЕ և նույն տեղ կետաշար աղեղներ)։ Մույթերու այս հավելումեն հառաջ եկեր է հյուսիսային ճակատի դեպի արևմուտք բացված դռան մեծ մույթին ետևը բոլորովին խափան դիրք ստանալը (նկ. 118, F; նկ. 109), որուն նմանը կտեսնվի Անիի գագկաշեն ս. Գրիգորի մեջ հետնագույն մույթերու հավելման պատճառով։

Ուշադրության արժանի է այս փոփոխություններով հառաջ եկած համաչափական մի երևույթ, որն որ հետո, 7-րդ դարու եկեղեցիներուն մեջ իբրև նախատիպ ծառայած է հատակագծային բաժանումներու։ Ինչպես կտեսնենք, երկու ծայրերու սյունամեջերը (նկ. 118, DD) որ նախապես հավասար էին, հետո ալ հավասարաչափ հավելումով դարձյալ համաչափ մնացին, հետևաբար յուրաքանչյուր թևի (nef) երկարության վրա ձևացած միջին մեծ և երկու կողմերը հավասար լայնությամբ երկու սյունամեջեր։ Նույն համաչափությունը օրինականացած կտեսնենք 7-րդ դարուն կանգնված Էջմիածնի մոտ ս. Գայանեի վանքին հատակագծին մեջ (նկ. 71), որն որ առանց որևէ փոփոխության նախնական հատակագծով մեզ հասած կթվի։

Տանիքի վրայեն եղած փոփոխության ձևը և սահմանը կերևի նկ. 119-ի վրա կետաշար գծերով նշանակված, որ ցույց կուտա, թե ամեն գործողություն միջին թևի (հյուսիսեն հարավ) սահմանեն դուրս չէ ելած. միայն ստորին տանիքներու ծածկերը (նկ. 119, АА) մի քիչ բարձրացած են, որով ծածկվեր են վերին և ստորին տանիքներու մեջտեղ գտնված պատուհաններու (նկ. 119, DDD) ստորին մասերը։

Ավելի հետնագույն ժամանակ ևս ստորին տանիքի թեքության աստիճանը ավելցնելու համար միջին տանիքի կողմը եղած ծայրերը ավելի բարձրացուցեր են, այնպես որ վերին և ստորին տանիքներու մեջ գտնվող հին ուղղահայաց պատեն, որուն վրա շարված են փոքր պատուհաններ (նկ. 119, DDD), հազիվ մնացեր է 0,25 մետր բարձրություն կամ միջոց երկու տանիքներու միջև (նկ. 106, ЕЕ և նկ. 113, DD):

Վերին և ստորին տանիքներու մեջտեղ, ստորին տանիքի թեքության ավելնալովը մասամբ ծածկված այս պատուհաններն են, որ ցույց կուտան, թե ներքին կողմի կողմնակի թևերեն որմնասյուներուն միացող աղեղները ի հնումն 0,40-0,50 մետր ցած էին, որովհետև տանիքներու միջև եղած պատուհաններու բարձրությունը անփոփոխելի է, քանի որ այժմ ալ կան անոնք (թեև խցված)՝ կատարով հասած վերին տանիքի պսակին (corniche), իսկ մինչև ներքևը բարձրությունն է 1,29 մետր, հետևաբար նույն պատուհաններու ստորին եզերքեն էր, որ (նկ. 115, JJ) պիտի սկսեին թեքվիլ կողմնակի ստորին կտուրները դեպի ցած, այդ ուղղությամբ ալ ներքին կողմնակի թևերը կապող աղեղները սահման չէին գտներ նույն բարձրությամբ տանիքի տակ բոլորվելու։