Այս էջը հաստատված է

Ծածկին վրա կատարված կտուրներու խաչաձևումով հառաջ եկած է ակամա մի անհամաչափություն, որ ի հիմանե նորոգ շինված եկեղեցիներու մեջ նույն ձևով խաչաձև կտուր շահելու համար ծրագրված տանիքներուն մեջ չի պատահիր։

Բոլոր եկեղեցիներու մեջ հյուսիսեն հարավ և արևելքեն արևմուտք ձգված խաչաձև տանիքներու լայնությունները հավասար ենն որուն բնական հետևանքը խաչաձևումի միջին կետին վրա կստացվի հավասարակողմ քառակուսի հատված մը գմբեթի խարիսխին հատուկ և չորս ճակատներուն վրա չորս հավասար չափով fronton-ներ՝ տանիքի թեքության համաչափ։ Տեկորի տաճարին fronton-ները այս ընդհանուր օրենքին դեմ մեղանչած են. արևելյան և արևմտյան fronton-ներուն լայնությունն է 9,38 մետր, իսկ հյուսիսային և հարավային fronton-ները 7,08 մետր լայնություն ունին, որոնք անհամեմատ նեղ են, քան մյուսները։

Արևելյան և արևմտյան fronton-ներու չափերը նույնը մնացած են անփոփոխ, ինչ որ էին ի հնումն և կներկայացնեն արևելքեն արևմուտք երկնցող միջին տանիքը, որն որ հանգչած էր ի սկզբանե մեծ մույթերը իրարու և զանոնք հանդիպակաց արևելյան և արևմտյան պատերուն միացնող աղեղներու վրա: Բայց հյուսիսային և հարավային կողմերուն վրա նույն լայնությամբ թե տանիք և թե fronton կազմելու համար առանձին հաստատուն խարիսխ էր հարկավոր նույնքան լայնությամբ, որ կբացակայեր։ Նոր շինվելիք fronton-ներուն իբրև խարիսխ պիտի ծառայեին հյուսիսային և հարավային պատերու որմնասյուներեն դեպի միջին չորս մույթերը ձգվող աղեղները (նկ. 100, RRRR և նկ. 110, IIII): Բայց որովհետև նույն աղեղները կրող որմնասյուները իրենց տեղը հաստատուն էին և չափով ալ նեղ, 5,70-5 մետր հեռավորությամբ, ուստի այս կողմերու fronton-ներն ալ մյուս կողմերու fronton-ներու հավասարեցնելու համար հարկ պիտի լիներ որմնասյուները իրարմե հեռացնել, որով հարկ կլիներ նաև հին տանիքներու և կամարներու մեկ մասն ալ քանդել։ Հին որմնասյուները քանդել և փոխարեն նորերը շինել պահանջված հեռավորության վրա, արդեն գործը կծանրացներ և, որ ավելի անպատշաճն էր, որմնասյուներու տեղափոխության պատճառավ հյուսիսային կողմեն այժմ բաց մնացած (դեպի արևմտյան կողմի) դուռը, ալ պիտի փակվեր, որոնց գոյությունը պահելու համար, ինչպես տեսանք վերև արված բացատրություններեն, շատ զոհողություններ եղած էին: Հետևաբար, մեկ կողմանե հին շինությունը ընդհանրապես պահպանելու, մյուս կողմանե Էջմիածնի մայր տաճարով նվիրագործված գմբեթավորյալ խաչաձև տանիք մը ունենալու բաղձանքին զոհեր են համաչափության և վայելչության որոշ պահանջներ, և աչք գոցեր են տվելի կամ նվազ զգալի եղող անկանոնություններուն: Այս պաաճառով ալ նեղ են այսօր հյուսիսային և հարավային fronton-ները, քան մյուս կողմինները։

Այսքանը բավական չէ Տեկորի տաճարին նախնական ճիշտ ձևը գտնված համարելու համար։ Անորոշություն մը կմնա դեռ արևելյան կողմին վրա, որն որ դժվար է լուծել առանց յուր նմաններու ուսումնասիրության դիմելու, ինչպես՝ Մրենի, Երերույքի, Քասաղի և Օձունի տաճարները։

Մրենի տաճարը ներքին կողմեն քննելով՝ կտեսնվի, որ հյուսիսային և հարավային պատերու վրա որմնասյուներու համաչափ դասավորությունը պահվելով հանդերձ, գմբեթակիր մույթերը միևնույն անկանոնության մատնված են, ինչպես Տեկորի տաճարին մույթերը (նկ. 120). այլևս կասկած չէր մնար, որ այստեղ ալ հետնագույն փոփոխություններ կատարված պետք էր որ լինեին: Հատակագծի վրա միևնույն փորձնական գործողությունները կատարելով, ինչպես Տեկորի տաճարին հատակագծի վրա անմիջապես կպարզվի, որ Մրենի տաճարը ևս եղեր է մի ժամանակ Տեկորի տաճարի նախնական շինության նման, արևելքեն արևմուտք ձգված միջին լայն և կողմնակի նեղ թևերով (nef) խաչաձև անջատ մույթերով կամարակապ մի շենք, առանց գմբեթի (նկ. 121), որուն նախնական կառուցումեն շատ հետո, տվեր են այսօրվան ձևը (նկ. 120):

Տեկորի տաճարին չափագրության մեջ տեսանք, որ ներքին կողմի որմնասյուներու միջոցները 5,70-5 մետր էր, սակայն արևելյան կողմեն մինչև կողմնակի սենյակներու դուռը եղած միջոցները անսպասելի կերպով լայնացած են ավելի քան 0,50 մետր, որով միջոցը կհասնի 6,20 մետրի:

Հիրավի, հայոց հին շինություններու մեջ համաչափական անկանոնություններու, ծուռություններու