Այս էջը հաստատված է

են կիսաբոլորակ խորաններ (abside)՝ պատարագի հատուկ, այս պատճառով ալ նեղցած է խորանի և գմբեթակիր մույթերու միջոցը։

Երեք խորաններու ալ արևելյան պատեն դուրս ցցվիլը շինության տեսակետով շատ դժվարություններ և անհարմարություններ ուներ. նախ՝ արվեստի որոշ հմտություն և նյութական շաա զոհողություն էր հարկավոր, երկրորդ՝ կիսաբոլորակներու շարքին վրա բնականորեն հառաջ եկած բեկումներ և անկյուններ վնասաբեր արդյունքներու պատճառ պիտի դառնային երկրին խիստ ձյունոա և անձրևոտ կլիմային ազդեցության տակ: Ինչպես կերևի, հանճարեղ ճարտարապետին մեկը թե նյութական խնայողությունը, թե աշխատության հեշտությունը և թե բնության պատճառելիք վնասներու դեմ ապահովությունը ի նկատի ունենալով հանդերձ, միևնույն ժամանակ, երեք խորաններու նվիրագործված դուրս ցցվելու ձևն ալ անփոփոխ պահելու համար հետևյալ շատ պարզ և նպատակահարմար միջոցին է դիմեր:

Խորաններու բոլորումեն ձևացած խորշեր վերևեն աղեղներով միացուցեր և անոնց վրա շսւրունակեր է ուղիղ պատ հյուսել մինչև տանիքի սահմանը։ Այս գործողության ամենամեծ օգուտը եղեր այն, որ փոխանակ յուրաքանչյուր կիսաբոլորակի վրա առանձին առանձին ծածկեր շինելու, որոնք թե դժվարությունեն և թե վատ կլիմայի տակ անտեղությանց բույն, ընդհանուր շենքի տանիքի տակ ծածկեր է ամեն կերպ ապահովությամբ երաշխավորված։ Ահա այս շինության կերպը հառաջ բերեր է հայոց եկեղեցիներու հատուկ արտաքին պատերու վրա աղեղնակապ զարդարուն խորշերու (niche) ոճը, որ նախ սկսելով արևելյան կողմեն, իբրև ակնահաճո զարդարանք հետզհետե անցեր է մյուս ճակատներուն վրա ալ, որուն ձևացման համար շատ կնպաստեր ներքին մեծ որմնամույթերու գոյությունը։

Քանի որ արտաքին խորշերու ձևացումը ներքին կողմի սենյակներուն վրա կիսաբոլորակ խորան ավելնալուն հետ անմիջական կապ ունի, հետևաբար խորշերու (niche) ոճերուն սկզբնավորության ժամանակն ալ չենք կարող ավելի հեռու տանել, քան 10-րդ դար, և այս բանը հաստատող փաստեր ալ չեն պակսիր մեզի։ Նախ՝ 7-րդ դարու եկեղեցիներեն ոչ մեկը չունի կիսաբոլորակ խորանով սենյակներ կամ ավանդատուն: Երկրորդ՝ ավանդատուններուն մեջ կիսաբոլորակ խորան ունենալու սովորությունը մոտիկ կապ ունեցած կերևա 10-րդ դարուն հայոց եկեղեցին մտած դավանաբանական օտար վարդապետության մը հետ, այն է՝ հոգվո փրկության համար եկեղեցիներու մեջ բազմաթիվ պատարագներ մատուցանելու սովորությունը:

Մինչև 10-րդ դար եղած արձանագրություններու մեջ բացարձակապես չեն տեսնվիր հոգվո փրկության համար պատարագի պահանջ՝ եկեղեցիներ շինողներու և կամ նվիրատուներու կողմանե. հավանորեն 10-րդ դարու մեջ, Գրիգոր Պահլավունի իշխանն իր՝ Անիի մեջ շինած Ապուղամրենց ս. Գրիգոր եկեղեցիի վրա բավականացեր է միայն արձանագրելով հետևյալ կարճ մաղթանքը. «Քրիստոս Աստուած, յորժամ գաս փառաւք հաւր ի նորոգել զերկիր, ողորմեա Գրիգորո ծառայի քո»: Գրիգոր իշխանի մահվանեն շատ հետո իր մեկ որդին Ապլղարիպ իշխանն է, որ 1040 թվին իր հոր հոգվույն համար պատարագ սահմաներ է, շինելով անոր անվան նվիրված ս. Ստեփաննոս և ս. Քրիստափոր անունով երկու մատուռ՝ եկեղեցիին կից:

Հայ կղերին հոգվո փրկության համար պատարագներ ծախելու սովորությունը այնքան չափազանցվեր է 11-12-րդ դարերուն, որ հանձն առնված պատարագներու թիվը լիակատար իրագործելու համար հավանական չէին տարվույն օրերը, ուստի ստիպված ամեն եկեղեցիներու մեջ ավելցուցեր են խորաններ՝ ավանդատուններու վրա. կրկնահարկ շիներ են ավանդատուններ հատկապես այդ նպատակով։ Կարծեք այդ ալ հավանական չէ եղած, եկեղեցիի արևմտյան անկյուններուն վրա ալ շիներ են հաճախ 2-4 սենյակներ՝ պատարագի խորաններով և վերանորոգեր են հնադարյան արևմտյան սենյակներու սովորությունը, այս անգամ հիներեն բոլորովին տարբեր նպատակով մը։

Այս չափազանցված անախորժ շահավաճառության դեմ 12-րդ դարուն, Ներսես Լամբրոնացին ստիպվեր է հրապարակավ բողոքելու, և այդ կրոնական առևտուրը պախարակելու, միանգամայն հակառակ համարելով նախնյաց սրբազան ավանդություններուն[1]։

  1. Երրորդ զի այսր աղագաւ ի տուրևառութիւն անկաւ շնորհս և ի թուականութիւնս քառասներորդաց, որով գտաւ ի մեջ մեր անբերելի անկարգութիւն, քանզի մի՛ ասացից՝ անօրէնութիւն, քանզի ծանուցեալ եկեղեցւոյ վերակացուք թէ ըստ բազմութեան թուոցն է և վարձն և ի պէտս արծաթասիրութեան, բազմացուցին ի մի տեղ տասն ավելի կամ պակաս ծակոտեալ մատրունս խորանօք և սեղանովք, ըստ նմին և քահանայք թուոցն լցուցիչք... Ի պէտս այսորիկ եմուտ ամոնացին և մովաբացին յեկեղեցին, և կրճատեալն յիամաստութենէ և մալեալն ի շնորհաց եղև քահանայ. բարձաւ այլ դասակարգութիւն պաշտօնէից եկեղեցւոյ, սարկաւագաց և կիսասարկաւագաց՝ իբր զանկարգք և զանկատարք՝ յաղագս ոչ զթիւն գլխաւորելոյ։ Ի ծանր աղէտս մատնեցաք և յողբոց արժանաւոր մեղս և ոչ այն որ իմանայ, և ոչ այն որ խնդրէ, զճշմարտութիւնն աստուծոյ. աստուածավաճառք եղաք, ի մարմնական շահավաճառութեան պէտս քահանայացաք, և քահանայացուցաք: Ո՛վ աղէտիցս, ով յիմարութեանս. յԻսրայէլի միանգամ ի տարւոջն մի քահանայ մտանէր արեամբ օտարաւ ի սրբութիւնսն և զամենայն ժողովուրդն քաւէր, իսկ մեք Քրիստոսի ամենայն աւուր վասն մեր պատարագելոյն յամենայն տեղիս՝ տկարացաք հաւատալ թե քաւէ. այլ զնոյնն ի զանազան տեղիս և ի մի վայրն անպատուեցաք, և մատուցաք յանձուկ և անպատիւ. ծակոտեալ խորանսն առանց սպասաւորութեան սարկաւագի, առանց հպատակութեան դպրի, առանց անուշահոտութեան խնկի, առանց լուցման ջահի, որ ի հարցն մեր ամենայն սահմանեցաւ ի պէտս նորին և ի կատարումն։ Զայսքան բարեկարգութեամբս զանց արարաք և միայն համարոցն ծառայք եղեալ զպատարագելն և զհաղորդութիւն քահանայիցն ի միմեանց պառակտեցաք առանձին առանձին լինել և զթիւսն աճեցուցանել:
    (Սրբոյն Ներսեսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի. «Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ եւ մեկնութիւն խորհրդոյ պատարագին»։ Վենետիկ, 1847, երես 178-179):