Այս էջը հաստատված է

աղեղները ըստ ամենայնի խտացնել և հին շինության հետ ձուլել, այդ պատճառով ալ, իբր ապահովության միջոց` աղեղը կազմող քարերը ամենն ալ ատամնավոր տաշելով (նկ. 131, AAAAAA) իրարու մեջ ագցուցեր են, որուն շնորհիվ, պետք է ըսել, որ մինչև այսօր ալ մնացեր են, հիրավի, թեև հին շենքին հետ չեն ձուլվեր և ժամանակ անցնելեն հետո թուլանալով՝ վար կախվեր են քարերը, սակայն ատամներու միմյանց կառչումով մի նոր խտություն ստացեր են։ Քարերու վար կախվելեն հառաջ եկած դատարկության վրա ալ գմբեթի ծանրությունը ճնշելով՝ խորանարդ պատվանդանի պատերը ճեղքվեր և միմիայն մեջտեղի մասերը վար իջեր են, իսկ անկյունները, որոնք գրեթե չորս մեծ մույթերու վրա հանգչած էին, թեև վերին աստիճան հնացած ու մաշված, սակայն դարձյալ իրենց ուղղահայաց դիրքն անգամ կորսնցուցած չեն։

Բագրատունյանց հարստության անկումեն հետո Տեկորի տաճարը կորսնցուցեր է իր կարևորությունը, այնուհետև ոչ մի կարևոր նորոգության հետքեր չեն երևիր, որոնք փոքր ի շատե հիշեցնեն 12-13-րդ դարերու հայ ճարտարապետության վերջին վերածնության ոճը, թեև բոլորովին առանց նորոգության չէ մնացեր, սակայն այդ եղածները կարկատան ըսվելու արժեքը միայն ունին։

Ուսումնասիրությունս վերջացնելե առաջ հարկ կհամարիմ քանի մը խոսք ևս ավելցնել արևմտյան դռան վրա Սահակ Կամսարականի անունով գրված արձանագրության մասին, որն որ բավականին լուրջ կերպով կկապվի կատարածս ամբողջ ուսումնասիրության հետ և կլուսաբանե որոշ տեսություններ։

Պր. Ա. Բաբախանյան ինձ հայտներ էր, որ մեծ գիտնական պր. Ն. Մառ կասկածելի կամ անհարազատ համարած է Տեկորի դռան վրայի Սահակ Կամսարականի անունով դրված արձանագրությունը. թե ի՞նչ հիման վրա, այդ դեռ ինծի հայտնի չէ. դժբախտաբար ես առիթ չեմ ունեցած հարգելի գիտնականին կարծիքը անձամբ լսելու, սակայն նույն արձանագրության մասին ես ալ ունեցա իմ անկախ կարծիքը։

Ամենեն առաջ նկատելի է, որ Տեկորի տաճարին նման մեծ շենք մը կանգնողի անվան հիշատակության վայել տեղը չէ այնտեղը, ուր փորագրված է Սահակ Կամսարականի հիշատակարանը։ Ընդհակառակը, պատշաճ տեղը գրաված է Բագրատունի Գագիկ Ա-ի զուգակից Կատրանիդէ թագուհիի մի նվիրատվության արձանագրությունը։

Կատրանիդե թագուհիի արձանագրությունը գրված է տաճարի արևմտյան դռան կատարը պսակող քանդակազարդ աղեղի ներքև՝ մինչև դռան վերնասյամը իջնող կիսաբոլորակ ճակատի վրա։ Քանդակազարդ վերնասյամի մոտ Կատրանիդե թագուհիի արձանագրությունը վերջանալե հետո, սկսված է Սահակ Կամսարականի արձանագրությունը, ուր հազիվ մեկ տողատեղ մնացած էր գրելու համար. որովհետև այդ մեկ տողը բավական չէր ամբողջ արձանագրությունը բովանդակելու, մնացյալ մասերը փորագրեր են դռան վերնասյամին նեղ և լայն անքանդակ մնացած շերտերու վրա՝ իրարու անհամապատասխան մեծ ու փոքր և խիստ անճաշակ ու անկանոն տառերով։ Տառերու մեջ ալ ոչ մի ժամանակագրական ոճ չէ կարելի որոշ նշմարել, ամենահինեն մինչև ամենանոր տառերու ձևեր խառնված են։

Պահ մը ենթադրենք, որ նորոգության ատեն ժամանակակից թագուհիի անվան նախապատվություն տալու համար բուն շենքը կանգնողի անվան պատշաճ տեղը տվեր են անոր և ներքևը արտագրեր են նախապես գոյություն ունեցող Սահակ Կամսարականի արձանագրությունը, բայց ասով դարձյալ հակասությունը չի վերջանար։ Հայր Ալիշան ևս նկատեր է այդ հակասությունը («Շիրակ», երես 133), որ իմ ալ խորհրդածության գլխավոր առարկան եղավ։

Բագրատանյաց շրջանին (10-11-րդ դար) Տեկորի տաճարը ծանոթ է ս. Երրորդություն անունով, մինչդեռ Սահակ Կամսարականի արձանագրությունը կանվանե զայն «Վկայարան Սրբոյ Սարգսի»:

Ի՞՞նչպես պետք է բացատրել այս երկու տարբեր անունները միևնույն եկեղեցվո անունով, միևնույն տեղի վրա, մանավանդ որ Կատրանիդե թագուհիի արձանագրության շարունակության մեջ, որ վեց տարի հետո ավելցված է, դարձյալ ս. Սարգիս անունով հիշատակված է։

Նախքան այս մասին իմ կարծիքը հայտնելս՝ նույնությամբ մեջ կբերեմ այստեղ երկու արձանագրություններն ալ ընթերցողի քննադատության դյուրություն տալու համար, հուսալով, որ կգտնվին ավելի ճշտագույն լուսաբանողներ։

Սահակ Կամսարականի արձանագրությունը

Ուրանայ եւ հոռո.... (ե)պիսկոպոսի եւ Տ.... յրոնի Տեկորոյ վանաց երիցու եւ Մանանայ հազարապետի հիմնարկեցաւ տեղիս ի ձեռն Յոհաննու հայոց կաթողիկոսի եւ Յոհաննու Արշարունեաց. յիւր բարեխաւութիւն եւ բոլոր ազգիս եւ սմուսնի եւ որդեկաց եւ սիրելեաց. Սահակ Կամսարական շինեաց զայս վկայարան սրբոյ Սարգսի[1]:

Կատրանիդե թագուհիի արձանագրությունը

Ի ՆԾԹ թուականութեանն հայոց + Յանուն Աստուծոյ կամ եղեւ ինձ Կատրանիդէ Հայոց թագուհի դուստր Վասակայ եւ ամուսին Գագկայ թողեալ եմ զՏեկորոյ շարիատն վասն Գագկայ շահնշահի արեւշատութեան եւ իմ որդեացն. եւ վերակացուք սորա պարտական են զերանի որում թողութիւն ասեն հանապազ։ Արդ թէ (մի) ոք իշխեսցէ լուծանել ի սուրբ Երրորդութենէն[2]։ Եւ ես Աշոտ թագաւոր հաստատեցի եւ թողեալ եմ զհարկն բնովիմբ յաւիտենից եւ զթաստակն վասն իմ արեւշատութեան եւ իմ ծնողաց եւ եղբարց զաւակաց իմոց որ աւր։ թւկ։ Հայոց Ն։ Կ։ Դ։ էր. արդ եթէ ոք հակառակ գա կամ հարկիս կամ շարիատիս թողլուս ՅԺԸ-իցն նզոված է երերեալ լիցի որպէս Կաեան անիծեալ որ.

  1. Հ. Ղ. վ. Ալիշան, Շիրակ, Վենետիկ, 1881, երես ...: Այս արձանագրության բառերու շարքը շփոթած է հայր Ալիշանի տեղեկատուն: Շիրակի մեջ, բուն տեղին վրա չեն «սրբոյ Սարգսի» բառերը. այս մասին բացատրություն տեսնել երես 4:
  2. Այստեղեն կսկսի Աշոտ թագավորի արձանագրությունը վեց տարի հետո գրված: