Այս էջը հաստատված է

մեջ պատերու թանձրությունը թողելե հետո կիսաբոլորակը կգծենք, կստանանք ուղիղ համաչափություն խաչաձև եկեղեցիի abside-ներու ալ պատշաճ խորությամբ. միայն մի քիչ կնեղնա գմբեթին տրամագիծը այս գործողությամբ և այս ալ բնական երևույթ է բոլոր խաչաձև եկեղեցիներու մեջ. եթե խաչաձևի պահանջը չլիներ, անպայման պետք էր որ ներքին գմբեթակիր սյուները իրարմե ավելի հեռու և արտաքին պատերուն ավելի մոտիկ դրվեին ըստ հայկական ոճի անհրաժեշտ պահանջի, որով թե գմբեթին տրամագիծը պիտի մեծանար սովորական ուղղանկյուն եկեղեցիներու գմբեթներուն նման և թե միջին fronton-ը պիտի լայննար ավելի, քան 11,14 մետր։

Դարձյալ մի ուրիշ ապացույց են չորս անկյուններու վրա չորս սենյակները, որոնց գոյությունը անվիճելի է հետևյալ պատճառներով:

Այժմյան մտից դռներն ամենևին իրենց օրինական տեղին վրա չեն, նույն տեղերուն վրա մտից դռներ առանց բացառության մենք չենք կրնար գտնել բոլոր հայոց եկեղեցիներու մեջ, մանավանդ անոնց չափերու փոքրությունն ալ ապացույց է, որ գլխավոր դռները չէին, այլ չորս անկյունի չորս սենյակներու դռները։ Հարավային ճակատին այսօրվան գործածական եղող դռան կատարյալ համաչափությամբ զետեղվծ է հանդիպակաց անկյունի մոտ փակված դուռը (նկ. 738, 7), որն որ կբացվի ուղղակի հարավ-արևելյան սենյակի վրա, կասկած չկա, որ հյուսիսային կողմեն ալ դեմ առ դեմ գտնված սենյակին մեջ կար այս դուռը, բայց փոփոխությանց ժամանակ գոցված է բոլորովին։ Օրինական կերպով՝ անկասկած, գլխավոր դռները բացված էին շենքի երեք ճակատներուն վրա ճիշտ մեջտեղերեն, ինչպես մյուս բոլոր հայկական եկեղեցիները. և սա այնպիսի անհրաժեշտ պահանջ էր, որ նույնիսկ 7-րդ դարեն սկսյալ մեզ հասած արտաքուստ շեշտված abside-ներով խաչաձև բոլոր եկեղեցիներուն վրա մտից գլխավոր դռները բացված են դարձյալ մեջտեղեն, այսինքն abside-ներու կեդրոնեն (նլ. 140, հատակագիծ): Ուստի շատ պարզ է, որ abside-ներուն դուրս հանվելու ժամանակը երբ քանդվեցան ներսի հին abside-ները, քանդվեցան նաև դռները և օգտվելով սենյակներու դռներեն՝ ավելորդ համարվեցավ նորոգ հավելված abside-ներուն վրա դռներ բացվելը, նույնպես ավելորդ էր հարավային ճակատի վրա դեպի արևելյան անկյունի մոտի դուռը՝ որ շատ անպատշաճ կերպով սեղանին մոտ կբացվեր՝ սենյակները abside-ներուն հետ քանդվելե հետո (նկ. 138, 7):

Էջմիածնի տաճարին մեջ չորս անկյունի սենյակնները թեև իրենց պարզությամբ կտարբերին Անիի Առաքելոց եկեղեցիի խորանազարդ ձևերեն, սակայն այս հատկությունը ամենևին չի վնասեր ենթադրությանս հավանականության, որովհետև նախքան 10-րդ դար հայոց եկեղեցիներու մեջ ամենևին չկան abside ունեցող կողմնակի սենյակներ, եթե գտնվին ալ, պետք է համարել որպես հավելված 10-րդ դարու: Անիի Առաքելոց եկեղեցվո հետ կարելի է միաժամանակ շինված ընդունել նաև կողմնակի սենյակներու abside-ները, որովհետև անոր շինության ալ ամենահավանական ժամանակն է 10-րդ դարը:

Էջմիածնի տաճարին մեջ ինչ բանի կծառայեին արևմտյան կողմի սենյակները, այդ բանը թող բացատրեն Երերույքի, Հռիփսիմեի և այլ նմանը ունեցող տաճարներ, իմ կարծիքս այն է, որ այդ սենյակները հայոց նախնական եկեղեցիներու մեջ թերևս ծառայած են իբրև հեթանոսական գավիթներ, քանի որ արևմտյան եկեղեցիներու նման, հայերը այդ խորհուրդին համար որոշ բաժին չունին իրենց եկեղեցիներու մեջ։ Այս կարծիքը կհայտնեմ իմ ծննդավայրիս՝ Շապին-Գարահիսարի և շրջակայից մեջ տարածված ավանդության մը վրա հիմնված։ Ինչպես Փոքր Ասիո շատ կողմերը, նույնպես և Շապին-Գարահիսարի մեջ կա մի եկեղեցի՝ ս. Աստվածածին անունով, որուն արևմտակողման այդ բաժինները, փոխանակ գոց պատի, վանդակորմով անջատված են տաճարեն, և հատակով ալ բարձր են երկու աստիճան, քան տաճարին հատակը. այդ բաժիններուն ժողովուրդը ավանդաբար պեյնամազ (պինամազ) սեքյուսի անունը կուտա, այսինքն անաղոթքներու կամ աղոթքե զրկվածներու գավիթ[1]։

Գուցե առարկվի, թե արտաքուստ դուրս հանված abside-ներով խաչաձև եկեղեցիներ սովորական եղած են հայոց մեջ և բավական թվով օրինակներ ալ մեզի հասած են, ինչպես՝ Մաստարա, Թալին, Բագարան, Ալաման և այլն, ուստի կարող էր Էջմիածինն ալ նույն ձևը ունենալ ի սկզբան, և մյուսները հետևողություններ լինեին։

Այս առարկությունը կարող էր համոզիչ լինել, եթե վերջիններուն մեջ Էջմիածնի բոլոր համաչափություններ պահված գտնեինք։ Մինչդեռ Էջմիածինեն զատ, մյուս բոլոր խաչաձև եկեղեցիները կանոնավոր ոճի և համաչափության մը հպատակած են, և Էջմիածինը անոնց բռնի նմանելու ճիգերը ցույց կուտա։

Առանց նույնիսկ չափելու, պարզ հայացքով մը կարելի է տեսնել, թե 7-րդ դարեն սկսյալ գոյություն ստացող արտաքուստ հայտնի խաչաձև եկեղեցիները բոլորովին ձևված են քառակուսի եկեղեցիներու համաչափություն վրա, այսինքն դուրս ելած abside-ները այնչափ լայն են, որչափ որ պիտի լինեին նույն տարածությամբ քառակուսի եկեղեցիներու միջին fronton-ները և նույն համեմատությամբ ալ լայնանիստ գմբեթները: Էջմիածնի տաճարին abside-ներուն լայնությունը գրեթե հավասար է անոր երկու կողմը մնացած ուղիղ պատերու լայնության, ասոր հակառակ, մյուս բոլոր խաչաձև եկեղեցիներու մեջ մնացորդ ուղիղ պատերը շատ անգամ abside-ներու կեսին հավասարելու չափ նեղ են և առանց բացառության abside-ներու կեդրոնին վրա են գլխավոր մտից դռները։

Այժմ կարելի եղածին չափ քննել փորձենք, թե ե՞րբ և ի՞նչ ժամանակի մեջ այս ներքին և արտաքին փոփոխությունները կատարված լինելը հավանական է։

Որովհետև արեելրոն և արևմտյան պատերը զանազան շինություններով ծածկված են, կմնա մեզ դատել հյուսիսային և հարավային պատերու վրա զանազան դարերե մնացած ճարտարապետական նմուշներեն:

  1. Սեքի բառը թուրքերեն է. համապատասխան բառ հայերեն չեմ կարողացած գտնել. գավիթ չի նշանակիր, ավելի մոտ իմաստը կուտա plate-forme բառը: