կերևնան moulure-ներով պատուհաններու շրջանակներ և պսակներ:
Դռներու և պատուհաններու մասին առանձին տեսություն չեմ կարող ընել. առայժմ անոնց վրա մանրամասն քննություններ կատարելու հնարավորություն չունենալուս համար, միայն թե մտից դռները, շատ քիչ չափով իրենց տեղեն խախտած կերևին:
Հատակագծի և շրջապատի մասին տեսություններս սահմանափակելով՝ հարկ կտեսնեմ քիչ մ'ալ զբաղիլ ծածկի կամ տանիքի կրած փոփոխություններով։
Ինչպես կերևի, Էջմիածնի տաճարը երեք տեսակ ձևափոխություններե անցեր է մինչև մեզի հասնելը, առաջին ձևը տևեր է 5-րդեն մինչև 7-րդ դար. երկրորդը՝ մինչև 17-րդ դար, իսկ երրորդը՝ մեր օրերուն տեսնվածը։
Առաջին ձևին համար, ինչ որ հավանական էր, կներկայացնե նկ. 142 գծագրությունը, որուն վրա կտեսնվի յուրաքանչյուր ճակատի կողմնակի կտուրները պսակված փոքր fronton-ներով, ասոնց մեջտեղ ավելի բարձր մեծ fronton-ներ, որոնց վրայի ծածկը հյուսիսեն հարավ արևելքեն արևմուտք ձգվելով և զիրար խաչաձևելով՝ միջին մասին վրա տվեր են կեդրոնական գմբեթի խարիսխը։
Կողմնակի փոքր fronton-ները և անոնց գրաված մասին ծածկերու ձևերը մանրանկար են ընդհանուր շենքի մեծ ծածկին։ Հյուսիսային և հարավային կողմեն արդեն այժմ ալ գոյություն ունին fronton-ներ և, բնականաբար, նույն թեքությամբ ալ ծածկված էին կտուրները, իսկ արևելյան և արևմտյան կողմերուն վրա թե fronton-ներու և թե խաչաձևված տանիքի գոյությունը ընդունելուս ապացույցներ չեն պակսեր, բացի թեորիի վրա հիմնված պատճառներե, կա մի դրական պատճառ ևս։ Արևմտյան ճակատի վրա նույն փոքր fronton-ներու համապատասխան մասերու մեջ դեռ կան հին քարերու շարվածքներ, որոնք միջին կետին վրա կհասնեն հյուսիսային ճակատի փոքր fronton-ներու բարձրության, ուր եղեր են նաև ի հնումն փոքր պատուհաններ (նկ. 142, 1, 143, 144, 1). վերջին ժամանակները, երբ ծածկի տեսակը փոխեր են, այն ժամանակ ազատ տեղի պատճառով նույն պատուհաններու շրջանակները մեծցուցեր են, թեև հետո ալ բոլորովին փակեր են։
Չորս փոքր գմբեթները ցույց եմ տված առանց որևէ դրական ապացույցի, հետևեր եմ միմիայն Անիի Առաքելոց եկեղեցիին, որուն վրա այժմ ալ դեռ կմնան նույն մասերու վրա փոքր գմբեթներու մնացորդները։ Այս գմբեթները հին Էջմիածնի վրա ցույց տալ թույլ տվի ինծի այն պարզ պատճառով, որ երբ ուրիշ մասերու մեջ ըստ ամենայնի նման են այս երկու տաճարները, չէր կարող այդ փոքրիկ տարբերությունն ալ ունենալ։ Հին ավանդության մը շարունակությունը չէ՞ արդյոք այսօրվան Էջմիածնի վրա հինգ գմբեթներու գոյությունը, թեև տեղափոխված։
Երկրորդ՝ ձևի համար գծված է նկ. 145, որուն վրա ցույց տված եմ այժմյան հատակագծեն մաս մը բաղդատության համար, façade-ին վրա կետաշար կտեսնվին նախկին փոքր fronton-ները, որոնց վրա հետո պատի հյուսվածքը շարունակվելով վերածվեր են թեք տանիքներու. այս փոփոխությունն անշուշտ բնական հետևանք էր նախկին բարդ ձևով շինված տանիքներու պատճառած անտեղությանց, որոնց վրա գտնված թեքումներ, անկյուններ և խորշեր անձրևի ջուրերուն ուղիղ ընթացքը կարգելեին և վնասակար հետևանքներու պատճառ կդառնային։
Միջին fronton-ները ավելի նեղցած են ներքին փոփոխութենեն գմբեթակիր սյուներու ստացած նոր դասավորության համաչափությամբ. abside-ները դուրս ընկած և վրաները ծածկված են կոնաձև տանիքներով։ Նկ. 142-ի վրա երևցածներեն դուրս ինչ որ կերևին այսօրվա տաճարին վրա, ամենն ալ կվերաբերին երրորդ ձևափոխության, որ կսկսի 17-րդ դարեն հետո, որուն մասին խոսել իմ նպատակես դուրս է։
Էջմիածնի տաճարին նախնական ձևերուն վրա համառոտ տեսությունս վերջացած համարելով, հարկ կհամարիմ ավելցնել նաև մի կենդանի վկայություն, որն որ իմ կարծիքներես մեկ մասը հաստատելու բնույթը ունի. թեև չեմ պահանջեր, որ անպատճառ վավերական փաստ համարվի սույն վկայությունը, այնուամենայնիվ գեթ մղում կուտա մանրակրկիտ հետախուզության, երբ վերանորոգության համար կսկսին քանդել տաճարի պատերը։
Այս անգամ Էջմիածին գտնված միջոցիս հյուր եղա Գարեգին վարդ. Հովսեփյանին. մեկնելես երկու օր առաջ հ. Գարեգինը հայտնեց ինձ, որ Սուքիաս սրբազանը