Այս էջը հաստատված է

պսակված, դրսեն և ներսեն բացվածքի լայնությունները հավասար են։ Ըստ երևույթին դռները պսակող կիսաբոլոր corniche-ները իբրև հանգիստ ունեցեր են դռան երկու կողմին վրա շինված որմնասյուներ (colonn engagé), սակայն այժմ ոչինչ չէ մնացած անոնց տեղը, բոլորովին քանդված ու տարված են։

Պատուհանները ևս թե լայն և թե բարձր են, միայն թե մի մասով կտարբերվեն 5-րդ դարու Տեկորի պատուհաններու ոճեն, Տեկորի պատուհաններու բացվածքները ներսեն և դրսեն հավասար են, մինչդեռ 7-րդ դարուն շինված բոլոր եկեղեցիներու պատուհանները, որոնք ես տեսեր եմ, ամենն ալ դրսեն ավելի նեղ են, քան ներսեն, սակայն նեղությունը այնքան ծայրահեղության չէ տրված, որչափ Բագրատունիներու շրջանին մեջ ընդունված էր։

Պատուհաններու արտաքին եզերքները ամբողջովին շրջանակված չեն moulure-ներով, սակայն առանց բացառության ունեն գլուխներու վրա երկու ծայրերը հորիզոնական կերպով թեքված կիսաբոլորակ պսակներ, որոնցմե ոմանք լոկ moulure-ներ են և ոմանք ալ հարթ մակերևույթով լայն ժապավենի վրա փորագրված զանազան ծաղկանկարներ իր դարաշրջանին հատուկ։

Եկեղեցիներու կտուրներու ձևն է միայն, որ ամենահին թվականներե մինչև վերջը անփոփոխ պահված է, այն է՝ չորս ճակատներեն չորս fronton-ներու լայնության և բարձրության չափով խաչաձևված ամբողջ շենքին վրա և թեք ծածկված, խաչաձևումեն հառաջ եկած չորս անկյուններուն վրա մնացած ավելի ցած մասերը որևէ մեկ կողմին վրա թեք ծածկված: Ս. Թեոդորոսի մեջ ալ այս ձևը պահպանված է, միայն ավելորդ լինելով ունի... [Ձեոագիրն այստեղ ընդհատվում է]։


ԶՎԱՐԹՆՈՑ[1]

Բյուզանդիան ունի աշխարհահռչակ մի ս. Սոֆիա, իսկ Հայաստանը նորա դեմ կանգներ է մի Զվարթնոց, որը բարձր գլուխ կպարծի իբրև ճարտարապետական գոհար բոլոր բյուզանդական շինություններու մեջ։ Սակայն, երբ ինկատի առնենք 62 նահանգներու տիրապետող բյուզանդական կայսրության ուժն ու հարստությունը, որուն մեկ նահանգն էր Հայաստանը. միակ մեկ ս. Սոֆիան քիչ էր Բյուզանդիայի համար, իսկ Զվարթնոցը շատ էր Հայաստանի համար, և այն ալ այնպիսի ժամանակի մեջ, երբ ոչ միայն արվեստ և գիտություն արմատախիլ լինելու վտանգի տակ էին, այլև ամբողջ հայության գոյությանը վտանգ կսպառնար ջնջվելու աշխարհի երեսեն։ Վերցուցեք պահ մը ս. Սոֆիան մեջտեղեն, և ահա պիտի տեսնեք, որ բովանդակ բյուզանդական կայսրության մեջ գոյություն ունեցող հիշատակարաններու հետ մրցող թեև քանակով քիչ, բայց որակով գերազանցողներ իսկ կան Հայաստանի մեջ, իսկ եթե թվական համեմատության դրվին երկու երկրներու մեջ եղած հիշատակարանները՝ բաղդատմամբ երկրի բազմամարդության, հարստության և տարածության հետ, այն ժամանակ անգամ մը ևս կհամոզվենք, որ Հայաստանը որոշ չափով գերազանցեր է, քան իր դրացի մեծ Բյուզանդիան։

Որոշ ճյուղեր Հայաստանի մեջ չեն զարգացեր շատ բնական պատճառներով — պատկերամարտությունը միանգամայն արգելք եղավ Հայաստանի մեջ մոզայիկի և նկարչության արվեստներու զարգանալուն. եթե այդ տխուր երևույթը չլիներ, անպայման Հայաստանն ալ ետ չպիտի մնար Բյուզանդիայում կատարելագործության հասած զեղեցիկ արվեստին մեջ։


ԳԼՈՒԽ Ա
ՇԻՆԱՐԱՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ 5-րդ, 6-րդ ԵՎ 7-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ[2]

Հայ ժողովուրդը իր քաղաքական անկախությունը կորսնցնելեն հետո, փոխանակ հետզհետե մաշվելու, սպառվելու և անհետանալու, ընդհակառակը, գերագույն ճիգ է թափել կրած բոլոր աղետները դարմանելու, իր հայրենի հողին կպած ամեն նպաստավոր առիթներե օգտվելով, որոշ չափով զարգացեր, բարգավաճեր և ամեն մի դարաշրջանի ուրույն դրոշմը կրող առանձնահատուկ քաղաքակրթություն է ծաղկեցուցեր:

Որպեսզի ավելի սլարզ և գնահատելի լինի ի հնում հայ ժողովրդի մեջ պարբերաբար ծնող գեղարվեստագետներու հանճարի և ազնիվ հատկություններու իսկական արժանիքը, հարևանցի կերպով մատնանշեմ, թե 5-7-րդ դարերու դառն պայմաններու մեջ Հայաստանը ինչ հսկայական արդյունք է տվեր գեղարվեստական աշխարհի պատմության, մասնավորապես ճարտարապետական ճյուղին մեջ, որուն ոսկեղեն կնիքն է եղած 7-րդ դարուն Ներսես Գ. Շինող կաթողիկոսի կանգնած փառավոր Զվարթնոց եկեղեցին։ Այդ երեք դարերու քաղաքական կացությունը միանգամայն անտանելի եղած է ընդհանրապես Հայաստանի համար, և աշխարհի երեսեն ընդմիշտ ջնջվելու վտանգը դամոկլյան սուրի պես գլխին վերև կախված, այնուամենայնիվ հետաքրքրական է զանազանել և որոշել այն փոքր ինչ տանելի ժամանակները, որուն մեջ հայ ժողովուրդը, մոռացած ամեն ինչ, նվիրվեր է զարգացման և սեփական ստեղծագործությանց, որուն արդյունքը լուրջ քննողի համար միանգամայն ապշեցուցիչ է։

Առանց հաշվելու 5-րդ դարու սկիզբեն Հայաստանի

  1. Այս փոքրիկ հատվածը տպագրում ենք հեղինակի սևագիր ձեռագրից: Գրության ժամանակն անհայտ է: ԿԱԶՄՈՂ
  2. Այս հոդվածը տպագրում ենք հեղինակի ձեռագրից: Սա գրված է «Զվարթնոցի տաճարը» անավարտ մոնոգրաֆիկ ուսումնասիրության համար: Գրության ժամանակն անհայտ է: ԿԱԶՄՈՂ