Այս էջը հաստատված է

կամարներով, որոնք սկսելով սյունազարդի աղեղներու անմիջապես վերևեն՝ կհասնեին մինչև ութ մեծ աղեղներու ստորին շրթունքներուն:

Կմնար մեզ մտածել, թե արդյոք կարելի էր առնվազն տասը մետր երկայնությունով, այսպես մեկ կետեն դեպի մյուսը կոր գծով ձգվող աղեղներու հաստության և ապահովության վստահիլ, քանի որ այդ աղեղները սահմանված էին իրենց վրա կրելու կարգ մը պատերու, կամարներու, տանիքներու և այլն ահեղ ծանրությունները: Անշուշտ, ճարտարապետը հաստատ համոզված էր, որ դրսի պատեն մեկնող կամարին ներսի կողմի կողերը բավական զորավոր հենարանի պաշտոն պիտի կատարեին:

Արտաքին պատին միայն երեք աստիճաններն են բոլորակ. աստիճաններեն վեր բոլորակը բաժանված է 32 անկյուններու կամ կողմերու, հաշվելով նաև ետևի քառակուսի մասին բոլորակին վրա գրաված տեղը: Յուրաքանչյուր կողմ միացնող անկյուններուն կպած են զույգ որմնասյուներ՝ քանդակազարդ խոյակներով. այս սյուներն ալ իրարու միացած են խաղող, նուռ և ուրիշ գեղեցիկ moulure-ներ քանդակված խոյակներով:

Այս ամեն կամարներու տակ, բացի հինգ դռներեն (նկ. 157, 14...), վերևը կիսաբոլորակներով վերջացող երկայն պատուհանները շինված են 1,20 մետր լայնությունով: Այս զույգ որմնասյուներու յուրաքանչյուր խոյակեն վեր, աղեղներու միացած մասին վրա քանդակված են եկեղեցիի շինության ժամանակակից աշխատավոր եկեղեցական և աշխարհական անձերու բարձրաքանդակ պատկերները՝ մուրճ, բահ, բրիչ կամ այլ գործիքներ բռնած ձեռքերնին: Մասնավորապես ուշագրավ է պատկեր մը, որուն գլխի վեղարը ցույց կուտա, թե եկեղեցական մըն է, որև մեկ ձեռքով բահ և մյուս ձեռքով բրիչ բռնած է, և որու գլխուն շուրջը գրված է «Յոհան» անունը (նկ. 160):

Շուրջանակի այս կամարները ձգվելեն հետո նռան և խաղողի քանդակներով զարդարված գոտի մը կշրջապատեր շենքը: Այդ գոտին կամարներեն բարձր էր 0,30 մետր, հորիզոնական գծով, իսկ վարի կողմերը՝ եռանկյուն ձևով ամփոփվելով իրարու մոտեցող կամարներու մեջ, իջած էին մինչև բարձրաքանդակ պատկերներու գլխին վերև (նկ. 161):

Այս քանդակազարդ գոտիեն վեր, մեկ մետր տեղ սրբատաշ քարերով պարապ ձգվելեն հետո, զետեղված են զանազան տեսակ շրջանակներով քանդակազարդված բոլորակ պատուհաններ, որոնք իրենց շրջանակներով միասին 2 մետր տրամագիծ ունին: Այս պատուհաններն ալ վարի մեծ պատուհաններուն ճիշտ վերևը մեկ ուղղահայաց գծի վրա կգտնվեին: Այս երկրորդ շարքի պատուհաններեն վեր ալ դարձյալ մեկ մետր սրբատաշ քարերով պարզ պատ հյուսվելեն հետո, դրված է պսակը և պսակեն հետո՝ արտաքին մասը ծածկող տանիքը:

Խաղող և նուռ քանդակված գոտիեն վեր մինչև պսակը, շենքին շրջանակը փոխանակ 32-ի՝ բաժանված է 64 անկյուններու: Այս հնարամիտ գործողությունով այնքան բթացեր են անկյունները, որ շրջանակը անկյունավորե ավելի բոլորակի երևույթը ստացեր է և, այսպիսով՝ հնարավոր եղեր է խուսափիլ վրան դրված բոլորովին կլոր պսակին տակը գոյանալիք սուր անկյուններու անախորժ երևույթեն, և մյուս կողմե՝ դյուրացուցեր է նաև կլոր ծածկույթ մը շինելու գործողությունը:

Նախքան գմբեթին կազմվիլը, ինչպես ցույց կուտան բեկորները, դրսեն եկող կամարը, ութ աղեղներե ձևացած բոլորակ պատվանդանին վրա հանգչելե հետո, ուրիշ պատ մը շարունակված է բարձրանալ նույն բոլորակ պատվանդանին վրա:

Այս վերջին պատին զուգահեռական կլորությամբ հավասարապես բարձրացած էր երկրորդ պատ մը, որն իբր պատվանդան ունեցեր է մեծ մայր սյուները իրարու միացնող աղեղներու միջոցով կազմված օղակը (նկ. 158, Բ. 15) և, հավանաբար, այս պատը ոչ թե գոց, այլ սյունազարդ մը եղած ըլլալու է: Այս սյունազարդի և իր դիմաց գտնվող՝ իրեն զուգահեռական պատի մեջտեղ մնացած պարապությունը գոյացուցած էր առնվազն չորս մետր լայնությունով galerie մը՝ առաջին ծածկին տակ, որը շատ հավանաբար ծառայեր է իբր վերնատուն, որուն վրա կբացվեին մայր սյուներու վերին մասերուն մեջ շինված պահարաններու մուտքի դռները: Բեկորներու մեջ այս պահարանները խիստ որոշ կերպով կերևին, (նկ. 158, Գ), որոնք երկու բաժանում ունեին և իրարու հետ կհաղորդակցեին կամարակապ դռնով մը (նկ. 158, Գ. 3): Իսկ եթե այդ պահարաններու մուտքի դռներ ո՞ր կողմի վրա բացված էին, հայտնի չէ:

Փակագծի մեջ ըսենք, որ պեղման ժամանակ, հարավ-արևելյան սյունին վրայի պահարանի փլատակներեն իմ ներկայության դուրս եկան, ծալ-ծալ իրարու վրա շարված՝ գույնզգույն զգեստեղեններ՝ բոլորովին մոխրացած, բազմաթիվ կանթեղներու կտորներ և կանթեղներ, ջահեր կախելու հատուկ պղնձե կեռեր և այլն:

Այս երկրորդ պատերու մասերն ալ որոշ չափով բարձրանալե հետո, ծածկված գմբեթը (գմբեթին բարձրության ճիշտ չափը հայտնի չէ), հավանաբար գնդաձև, որովհետև ավերակներուն մեջեն գտնված են կղմինդրներ, որոնք դեպի երկայնքը թեթև կորություն մը ունին, ատկե կարելի է հետևցնել, թե գմբեթը գնդաձև եղած ըլլալու է, թեպետ և նույն ժամանակին շինված հայ եկեղեցիներու գմբեթները միշտ կոնաձև են:

Ինծի հայտնի չէ արևմտյան կողմի քառակուսի մասին ինչ ըլլալը (նկ. 157, 4). միայն այսչափ կրցա հասկանալ, որ անիկա երկհարկանի էր. տակի հարկը, մեջտեղի քառակուսի մեծ սյունին օգնությամբ երկու կամարներով ծածկված էր եկեղեցիի հատակեն առառավելն մեկ և կես մետր բարձր. և հետո կրկին քառակուսիին վրա շարունակված էր դրսի պատը, որը ապահովաբար այնչափ բարձր չէր, որչափ եկեղեցիի առաջին հարկը:

Ես կենթադրեմ, որ այս մասին մեջ կգտնվեր վերնահարկ գալըռիին մուտքը, ապա թե ոչ՝ ներսեն ոչ մեկ տեղ սանդուխի հետք չկա՝ դեպի գալըռի կամ վերնահարկ պահարանները բարձրանալու համար:

Անպատշաճ է կարծել, որ շարժական փայտե սանդուխներու