Այս էջը հաստատված է

պատմագրաց, Վաղարշապատ, 1893, էջ 83): Կիրակոս Գանձակեցին գրեթե նույնությամբ կրկնելով Սամուել Անեցու գրածը, կավելցնե միայն՝ որ «յետոյ աւերեցաւ ի Տաճկաց» (Պատմութիւն Հայոց, արարեալ Կիրակոսի վարդապետի Գանձակեցւոյ, Թիֆլիս, 1909, էջ 58):

Մխիթար Այրիվանեցու տեղեկությունը, թե՝ 611 թ. «Շինող Ներսէս շինէ զառապարի ս. Գրիգորն՝ զզարմացուցիչն տիեզերաց որ քակեցաւ ի Տաճկաց» (Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն Հայոց, Մոսկվա, 1860, էջ 50), գրեթե կրկնությունն է նախորդներուն:

Վարդան Բարձրաբերդցին, հավանորեն Հովհաննես կաթողիկոսեն առնելով, կգրե Զվարթնոցի շինության և Ներսեսի կաթողիկոսանալու հանգամանքներուն վրա այսպես. «Յորում աւուր մեռաւ Եզր եւ յաջորդեաց զաթոռն Ներսէս եպիսկոպոս Տայոց զկնի տասն ամին Եզրի, բայց յափշտակութիւն եղեալ յանհնարին կոտորելոցն՝ խորհեցաւ փախչել. իբր ոչ բաւական մեծի աստիճանին: Եւ աղաչեցեալ ի բազմաց՝ դադարէ. եւ հաւաքեալ զբազմութիւն դիականցն՝ թաղէր, եւ ի նմին տեղւոջ շինէր զհրդեհեալ վկայարան սրբոյն Սարգսի: Շինէ տաճար սրբութեան ի վերայ Վիրապին եւ սրկանէ հիմն տաճարին մեծի յանուն սրբոյն Գրիգորի Լուսաւորչի յառապարի և դնէ ի ներքոյ չորից սեանցն զհասարակ նշխարս սրբոյն Գրիգորի, եւ զգլուխն ի գզրոցի եղեալ պահէ ի պէտս բժշկութեան ախտամետաց: Անդ դնեն եւ զնշխարս ձիգտրուղտայ եւ զԴաւթի վկային»: (Մեծին Վարդանայ Բարձրաբերդցւոյ Պատմութիւն Տիեզերական, Վենետիկ, 1861, էջ 93): Իսկ Ներսեսի հեռանալեն վեց տարի հետո վերադարձի մասին կգրե. «եւ ի գնալ թագաւորին երկուցեալ Ներսէս յՌշտունեաց տեառնէն գնաց ի Տայս. եւ զկնի վեց ամի դարձաւ՝ լուեալ զմահ Թէոդորոսի: Եւ շինէ իւր կայս առընթեր մեծ եկեղեցւոյն, եւ կացուցանէ ամբոխութիւն յերդումարդոց ըստ օրինի քաղաքականութեան. եւ ածէ ջուր ի Քասախ գետոյ եւ տնկէ անտառս եւ այգիս»: (Ի Հաւաքումն Պատմութեանց Վարդանայ վարդապետի, Վենետիկ, 1861, էջ 96):

Հայաստանի մեջ բազմաքանակ մեծ ու փոքր եկեղեցիներ են շինված, սակայն անոնցմե ոչ մեկը գրեթե Զվարթնոցի նման բոլոր պատմագիրներե սռանձնապես հիշատակված չլինելեն զատ, անոր տրված արդարացի գովեստները շատ քիչերուն են շռայլած գեղարվեստական մեծագործության տեսակետով: Սակայն շատ ափսոս, որ զլացեր են փոքր ի շատե մանրամասն նկարագրություն անոր ներքին և արտաքին ձևերու, զարդարանքներու և ուրիշ հատկանշական մասունքներու մասին:

Ճարտարապետական շինվածներու նկարագրության մասին Թովմա Արծրունին միակ բացառությունն է մեր պատմագիրներու մեջ, որ շատ մը ուրիշ բերդերու, տաճարներու, ջրմուղներու, ճանապարհներու ու շինությանց և շինելակերպերուն մանրամասն նկարագրություններե զատ, իրեն տոհմակից Գագիկ Արծրունիի Աղթամար կղզիին մեջ շինել տված եկեղեցվո, ապարանքի և ծովային պարիսպներու շինության և գործավարության մասին այնպիսի մանրամասնություններ կուտա, որ ընթերցողը կրնա որոշ չափով գաղափար կազմել չափերու, ձևերու և առանձնահատկություններու մասին, առանց իրական շենքը տեսած լինելու:

Բարեբախտաբար Զվարթնոցի ավերակներու պեղումները, անոր չափը, ձևը և բոլոր մանրամասնությանց հատկանիշները պարզող այնքան նյութ տվին, որ այսօր, կարելի է ըսել, լիովին գիտենք անոր ամբողջությունը, բոլոր մանրամասնություններով, ինչպես որ էր նորոգ կանգնված ժամանակը: Թեական կամ ենթադրական դույզն մասերուն ալ ամբողջացման լիուլի նպաստեցին Անիի գագկաշեն ս. Գրիգորի պեղումները և Փենեկի (Բանա) նույնանման շինված կիսականգուն հոյակապ եկեղեցվո հետազոտությունները:

Ինչ որ ցանկալի էր ճշտությամբ գիտնալ, այդ՝ Զվարթնոցի շինության սկզբնավորության, տևողության և վերջավորության թվականներու խնդիրն է. այդ մասին դժբախտաբար որոշ ոչինչ չունինք, հին տեղեկություններն ալ մի քիչ հակասական կթվին, սակայն պատմագրական զանազան տեղեկությունները և արվեստագիտական օրենքները լրջորեն հետազոտելով, դժվար պիտի լինի հասնել ամենահավանական եզրակացության: Հետագա պատմիչներ, թեև հաստատուն թվականներ ունին նշանակած, սակայն անոնք Զվարթնոցի շինության ժամանակեն դարերով հեռու են և նշանակած թվականին ալ մեկզմեկե անհամեմատ տարբեր լինելով, դժվար է բոլորովին հիմնվել անոնց վրա: Զվարթնոցի շինության ժամանակագրության տեսակետով, ամենեն ավելի ստույգ և վավերական աղբյուրներեն մեկը պետք է համարել Շինողի ժամանակակից