Այս էջը հաստատված է

Այժմ դառնանք այն հարցին, թե երբ կարող է հիմնարկված լինել եկեղեցին կամ որ թվականին։

Շատ բնական է, որ Ներսես իր գահակալության տարին ավելի շտապողական և անհետաձգելի զբաղումներ ուներ, քան եկեղեցվո կամ կաթողիկոսարանի շինությունները։

Արաբներու աշխարահավեր արշավանքով (641, ըստ ոմանց՝ 642) երկիրը նյութապես և ֆիզիկապես քայքայված, տասնյակ հազարավոր դիակներ Դվինի և շրջակայից մեջ բացօթյա թափված, կենդանի մնացող ժողովուրդը լիակատար սուգի և շիվանի մատնված, միևնույն ժամանակ նորանոր վտանգներու և ավերումներու սպառնալիքները դեռ չչեզոքացած, Ներսեսի համար առաջին պարտականությունն էր արկածյալներու համար նյութական և բարոյական օգնություն հասցնել, ցիրուցան թափված բազմահազար դիակները հավաքել և թաղել, արկածյալներու զուտ հոգեկան սփոփանք պատճառելու համար, նահատակելոց անվան դամբանական հիշատակարաններ պիտի կանգներ և, որ ավելի է, արտաքուստ հայրենիքին սպառնացող աղետներու առջևն առնելու համար, հայ իշխաններու և նախարարներու խորհրդակցությամբ քաղաքական հարաբերություններու մեջ պիտի մտներ դրացի մեծ պետություններու հետ, և այս ամենը անմիջական ծանր աշխատանք կպահանջեր:

Ինչպես վերև նկատեցի, Ներսես Զվարթնոզի հիմնարկությունը պետք է սկսած լինի Թեոդորոս Ռշտունիի՝ Արծափի բերդին տարած հաղթությունեն անմիջապես հետո, ըստ Սեբեոսի տեղեկության՝ 642-43 թ.: Բայց որովհետև, ըստ Սամուել Անեցվո՝ «Յառաջ շինէ զվկայարան սրբոյն Սարգսի եւ զոր ի վերայ Վիրապին սրբոյն Գրիգորի», ուստի այս վկայարանը, ամենայն հավանականությամբ, նույնիսկ արաբները քաշվելեն անմիջապես հետո սկսեց շինել, որովհետև պահանջը անհետաձգելի էր և գործը բավական մեծ, որը հավանորեն ծանր աշխատանք և երկար ժամանակ ևս կպահանջեր։ Այս տեսակետով՝ Վարդան Բարձրաբերդցու տված տեղեկությունը ավելի պարզ է և կբնորոշե պարագային կացությունը, թե՝ «հաւաքեալ զբազմութիւն դիականցն թաղէր եւ ի նմին տեղւոջ շինէր զվկայարան սրբոյն Սարգսի»։ Արաբները Դվին գրավելու, ժամանակ միայն սուրբ Սարգիս եկեղեցվո մեջ կոտորեր էին 1200 հոգի (Մխիթար Այրիվանեցի. Մոսկվա, 1860, էջ 50), այնպես որ նահատակներու արյունը մինչև իսկ սեղանը ծածկեր էր, գուցե նաև այրեր էին, ուստի Ներսես շտապեց անմիջապես ս. Սարգիսը վերաշինելու և «զոսկերս սպանելոցն ամփոփեաց ի նոյն վկայարան» (Կիրակոս Գանձակեցի. Թիֆլիս, 1909, էջ 58): Դվնա ս. Սարգիսը մեզ չէ հասած, սակայն Վիրապի եկեղեցին, այսօրվան մասնակի մնացորդներեն դատելով, այնքան ալ մեծ բան չէ։ Իմ տեսությամբս՝ Վիրապի եկեղեցին ևս պետք է որ իբրև վկայարան շինված լինի, որովհետև արաբներու սուրը ինչպես Դվնա մեջ, այնպես ալ Դվնեն դուրս ոչ ոքի չէր խնայած, ուստի մեծ քանակությամբ դիակներ ալ թաղեց Վիրապի մեջ. եթե այդպիսի նպատակ չլիներ, հարկ չկար, որ Ներսես շտապեր անմիջապես շինելու ձեռնարկել Վիրապի եկեղեցին։ Հռիփսիմեի և Գայանեի վկայարաններն իրենց մեծության և ընդարձակության կողմանե առաջին և թերևս վերջին բացառություններն են հայոց եկեղեցական ճարտարապետության մեջ, առաջինը Կոմիտաս կաթողիկոսի, երկրորդը Եզր կաթողիկոսի ձեռքով շինված։

Ուստի այս տեսակետով ալ այդ երկու փոքր եկեղեցիներու շինությանց համար եթե երկու տարին շատ երկար ժամանակ չէ, այնուամենայնիվ կարող է անպայման վերջացած լինի նույնիսկ 642 թվականի վերջերին՝ հաշվելով Ներսեսի կաթողիկոսանալու 641 թվականեն։ Այս հաշիվը ուղիղ կհամեմատի Սեբեոսի տված թվականին հետ. այսինքն՝ Թեոդորոս Ռշտունիի՝ Արծափի բերդին վրա տարած հաղթության թվականը, որուն ժամանակն է 642։ Ուրեմն անվրեպ կարող ենք ընդունել, որ Զվարթնոցի շինության հիմեարկելը տեղի ունեցավ 643 թվականի գարնանը։ Այս թվականին քաղաքական կացությունն ալ հուսալի էր, նախընթաց տարիներու սարսափելի աղետի տպավորությունը արդեն մեղմացած էր, Ներսես ևս, հիմնված Բյուզանդիո կայսեր հետ իր ունեցած թե անձնական մոտիկ հարաբերության և թե անոր Հայաստանի համար խոստացած պաշտպանության վրա, համոզված էր, որ Հայաստանը ազատ պիտի մնար արաբական նոր արշավանքներու վտանգեն, ուստի ինքն ալ ազատ կարող էր նվիրվել մեծ ծրագրի իրագործման, որը, ըստ իս, որչափ կրոնական, նույնչափ ալ քաղաքակրթական նշանակություն ուներ և ապագային իր անվան համար անջնջելի հսկայական կոթող մը պիտի լիներ, եթե երբեք կարողանար մինչև վերջը հասնել իր նպատակին։

Արդ, Զվարթնոցի շինության սկզբնավորության թվականը 643 գարնան լինելը ըստ իմ տեսության պարզված համարելեն հետո, երկու խոսք ալ կուզեմ ավելցնել պատմագրաց կողմանե տրված թվականներու մասին, որոնք անհամեմատ տարբեր են մեկզմեկե:

Մխիթար Այրիվանեցի շինության հաստատուն թվական կնշանակե 641 թիվը, իսկ Սամուել Անեցին՝ 654 թիվը։ Մխիթար Այրիվանեցու տված 641 թվականը առառավելն կարող է ապացուցանել նույն թվականին Ներսեսի կաթողիկոսական գահ բազմելը, հակառակ ոմանց 642 թվին վերագրելուն, իսկ մյուս կողմանե՝ Զվարթնոցի այդ թվականին հիմնարկված լինելը անկարելի լինելուն մասին արդեն գրեր եմ պատմական և արվեստագիտական տվյալներու վրա հիմնված և դեռ առիթ կլինի գրելու։ Իսկ Սամուել Անեցու տված 654 թվականը՝ պատմական անցքերու համեմատությամբ՝ միանգամայն սխալ է։ Այդ թվականը որոշ չափով կարող էր համապատասխանել եկեղեցվո շինության վերջավորության, բայց որովհետև, նախ՝ առարկություն շատ կվերցնե բուն եկեղեցվո շինության ավարտումը մինչև այդ թվականը ուշացած լինելը, Ներսեսի այդ թվականին վերադարձած չլինելուն պատճառով, երկրորդ՝ եթե ենթադրենք հարակից շինություններու մասին, որոնց շարունակությունը հանձնված էր Անաստաս Ակոռեցուն, այդ մասին ալ որոշ կերպով գիտենք, որ Ներսեսի վերադարձին ժամանակ (658 թ.) դեռ չէր վերջացած, և Ներսես