Այս էջը հաստատված է

ինքը անձամբ շարունակեց գործը մինչև իր մահը՝ 661 թ.: Արդյոք [նա] վերջացուց ամեն գործը ըստ իր նախնական ծրագրի, այդ արդեն տարակուսելի հարց է, որուն մասին, ըստ իս, արժե փոքր ինչ խորանալ: Այժմ այստեղ միջանկյալ մի ուրիշ հարց կծագի, թե որչափ տևեց բուն եկեղեցփո շինությունը մինչև վերջնականապես ավարտելը, որու ձեռքով կատարվեցավ բոլոր աշխատանքը, կամ ի՞նչ գործեր հանձնվեցան Անաստաս Ակոռեցու ղեկավարության։ Հովհաննես կաթողիկոսի տված մեկ տեղեկության հիման վրա, Անաստտս Ակոռեցին «Սենեկապան լեալ Մեծին Ներսէսի եւ վերակացու շինուածոյ հրաշակերտ եկեղեցւոյն գտանէր հրամանաւ Ներսէսի. մինչ էր նա ի հալածանս ի գաւառին Տայոց» (էջ 90)։ Այս հատվածի հիման վրա առաջ եկած է, անշուշտ, այն կարծիքը, թե Ներսեսի հեռացած ժամանակ եկեղեցին տակավին վերջացած չէր, հետևաբար Անաստաս Ակոռեցին շուրունակեց եկեղեցվո շինությունը, մինչև Ներսեսի վերադարձը։ Այս թյուրիմացության ոչ նվազ նպաստեր է Սեբեոսի «Արկ է միտս իւր շինել իւր բնակութիւն» խոսքին սխալ ըմբռնվելը, ինչպես բացատրեցի վերևը, որպես թե նախ կաթողիկոսարանը շինվեր է և հետո եկեղեցին հիմնարկվեր է։

Բուն եկեղեցվո համար տաշված որմնասյան մոտակա կաթողիկոսական բնակության հատուկ շինության հիմին մեջ հյուսված լինելու փաստը առանց ինկատի առնելու, եթե Սեբեոսի «արկ ի միտս իւր» խոսքը կաթողիկոսական տան նախապես շինված լինելուն իբրև ապացույց ընդունենք, այն ատեն պիտի տեսնենք, որ Հովհաննես կաթողիկոս պարզապես ինքզինքը պիտի հակասած լինի, որովհետև նույն հեղինակը, Ներսեսի բացակայությանը շինությանց շարունակությանը Անասաասին ղեկավար նշանակելու տեղեկութենեն առաջ, արդեն գրած էր. «հայրապետն Ներսթս (վերադարձեն հետո) պարապ անձին գտեալ, զարտաքոյս հրաշակերտ եկեղեցւոյն, զոր իւր իսկ էր շինեալ, շուրջանակի պատուար պարսպով փակեալ ամրացուցանէր, յորինեալ ի նմա յարկս բնակութեան ինքեան հաստահեղոյս կոփածոյ քարամբք»: Այստեղ՝ «զոր իւր իսկ էր շինեալ» հատկապես շեշտված խոսքը կասկած չի թողուր, որ Ներսես նախքան յուր մեկնելը, արդեն եկեղեցին ավարտած էր, իսկ վերադարձեն հետո ալ շինած գործերու մասին դարձյալ խիստ պարզ և հստակ է պատմագրի տեղեկությունը, թե եկեղեցին պատվար պարսպով փակեր է, շինելով «ի նմա յարկս բնակութեան ինքեան»։ Ուրեմն այստեղ պարզ է, որ Ներսես իր վերադարձեն հետո շինեց յուր բնակարանները և շուրջանակի պարսպով պատեց։ Ճիշտ է, որ Հովհաննես կաթողիկոս ժամանակակից չէր եկեղեցվո շինության, սակայն պետք է հավատալ, որ անպայման ժամանակակից ուրիշ մի հավաստի պատմագրի մանրամասն տեղեկություններեն քաղեր է, անկախ Սեբեոսի Պատմությունեն։

Այս տեսությունովս չեմ ուզեր հերքել Անաստաս Ակոռեցու շինության ղեկավարության պաշտոն ունենալը, և կընդունեմ, որ Ներսեսի բացակայության ժամանակ Անաստաս այնտեղ շինարարական գործ կկատարեր և բանվորներ կաշխատեցներ, սակայն ինչ էր անոր աշխատանքը, կամ թե ամբողջ շինության որ մասը կղեկավարեր, այս հարցին որոշ պատասխան տալու համար, վերոգրյալ հարցը պետք է քննել ժամանակագրական և թե շինարարական օրենքներու հիման վրա, որն որ դարձյալ մեզ պիտի բերե այլ եզրակացության, թե նախքան Ներսեսի մեկնելը եկեղեցին ամբողջ ավարտված էր, իսկ մնացած շինություններուն որոշ մասերը Անաստասի ղեկավարությամբ առաջ տարվեցան, սակայն ամբողջ շրջակա շինություններու ավարտումը կատարվեցավ Ներսեսի ձեռքով՝ իր վերադարձեն հետո։

Ըստ ոմանց կարծյաց, եթե պահ մը ենթադրենք, որ Ներսես շինությանը գործը 645-648 թվականներեն հետո է սկսած, նաև ընդունենք, թե նախքան եկեղեցին շինելը կաթողիկոսարանը շինեց և հետո հիմնարկեց եկեղեցին, այն ժամանակ այս 645-648 առաձգական թվականներու վրա պետք է որ գոնե երեք տարի ևս ավելցնենք և գնանք 648-651 թվականները, եկեղեցվո հիմնարկության սկզբին հասնելու համար, որովհետև կաթողիկոսական տան այն ընդարձակ շինությունները, ինչպես կտեսնենք տեղի ավերակներու վրայ, հազիվ ամբողջանան երեք տարի ժամանակամիջոցի մը մեջ։ Ուստի այդ առաձգական թվականներեն առաջին 648-ը վերցնելով, մինչև Ներսեսի մահը կմնա 13 տարի, իսկ երկրորդ 651 թիվը վերցնելով, կմնա 10 տարի։ Արդ, այս թվականներեն եթե զեղչենք Ներսեսի վեց տարվան բացակայությունը, առաջինեն կմնա 7 տարի, իսկ երկրորդեն՝ 4 տարի: Այս թվերեն ալ եթե զեղչենք կաթողիկոսարանի շենքերու համար անհրաժեշտ երեք տարի ժամանակամիջոցը, առաջինեն կմնա 4 տարի, երկրորդեն՝ 1 տարի։ Այս պարզ հաշվով, ուրեմն, մարդ որչափ միամիտ պետք է լինի, որ հավատա, թե Զվարթնոցի նման հսկա, տարողությանց նրբին հաշիվներով պատասխանատու և գեղարվեստական բազմակողմանի աշխատանքներ պահանջող մի շենք կարելի կլինի ամբողջացնել, նույնիսկ 648 թվականեն հաշվելով շինությանը ձեռնարկության սկիզբը։ Անիի մեջ գագկաշեն բոլորակ ս. Գրիգոր եկեղեցին, որ գեղարվեստական արժանիքով անհամեմատ ստորին ընդօրինակությունն է Զվարթնոցի, առանց որևէ հարակից շինություններու, դարձյալ հինգ տարի տևեր է, ըստ վկայության Սամուել Անեցու։ Եվ այդ հապճեպ շինության հետևանք կարող է լինել, որ Ն. Կ. Բ. [1013] թվականին վաղահաս կործանման վտանգին դիմադրելու համար, ներքին կամարներուն