Այս էջը հաստատված է

և շինարարական մեծագործության առաջին մրցանակը պետք է տալ հին Պահլավունի շառավիղով եկող Կամսարականներու ցեղին:

Թեև 8-րդ դարուն մեջ Կամսարականներու սերունդը անհայտացած կերևի Հայաստանեն, այնուամենայնիվ, շատ հավանական է, որ 10-րդ դարուն հանկարծ, առանց գրականապես մեզ հայտնի փաստերու, ինքզինքը Պահլավունի համարող մի ցեղ, հիրավի կպատկաներ նախկին Պահլավունիներու հետ անբաժան կապված Կամսարականներու ցեղին: Որովհետև գեղարվեստական ճաշակով և շինարարական մեծագործությամբ միևնույն արդյունքն է տվեր ճարտարապետության պատմության համար 10-րդ դարեն հետո, ինչ որ մինչև 7-րդ դարու վերջը գոյություն ունեցող Կամսարականներու ցեղը:

Մինչև 7-րդ դարու վերջերը կանգնված հիշատակարաններուն ամենեն հոյակապները և ամենեն շքեղները Կամսարականներուն կպատկանեն, ինչպես՝ Տեկոր, Մրեն, Թալինի երեք եկեղեցիները, Մաստարա, Նախիջևան: Իսկ 10-րդ դարեն սկսյալ Անիի և շրջակայից մեջ պատկառելի թիվ մը կկազմեն նույն Կամսարականներու նախնիք հին Պահլավունիներու կանգնած հիշատակարանները, ինչպես՝ Անիի մեջ Ապուղամրենց ս. Գրիգոր իշխանի կին տիկնանց տիկին Շուշիկի եկեղեցին (այժմ բոլորովին ավերակ), Անիեն դուրս՝ Բագնայր, Մարմաշեն: Այս տոհմը գրականության մեջ ոչ նվազ իր պատվավոր ներկայացուցիչներն ունի, որոնց մեջ գլխավոր աստղի պես կփայլեն Ներսես Շնորհալի, Գրիգոր Մագիստրոս, Գրիգոր Վկայասեր:

Պահլավունիներեն անմիջապես հետո կուգան Մամիկոնյանները, իբրև բազմարդյուն գեղարվեստասերներ: Սակայն այս տոհմը, ինչպես կտեսնվի պատմության ընթացքեն, ավելի գերազանց հատկություններով օճտված էր զինվորական ասպարեզին մեջ, եթե նվազ արդյունք ունեցեր է գեղարվեստական ասպարեզին մեջ, այնուամենայնիվ դարեր շարունակ իրեն սրով պահպաներ է հայ ազգի գոյությունը:

Այս երկու տոհմերու՝ Կասմարականներու և Մամիկոնյաններու՝ նկարագրի որոշ համանմանության պատճառ կարելի է համարել 5-րդ դարեն (գուցե ավելի հառաջ ալ) միմյանց հետ շատ հաճախ խնամությամբ կապված լինելնին:

Ուրիշ տոհմերե ալ շատ կան մեզ հասած գեղարվեստական հիշատակարաններ, սակայն, նախ՝ չեն կարող մրցել այս երկու տոհմի տված հիշատակարաններու գեղարվեստականության և մեծագործությանց հետ, երկրորդ՝ հազիվ թե յուրաքանչյուր ցեղ յուր մի հատիկ գեղարվեստական ներկայացուցիչը թողեր է իր ետևը երկար դարերի տևողության մեջ:

Ներսեսի տոհմական ծագման մասին պատմագիրներ լուռ են, սակայն ի մանկութենե բյուզանդական արքունիքի մեջ սնվելը, կրթվելն ուզարգանալը, մինչև իսկ զինվորական աստիճաններու հասնելը, անոր ազատական ծագումը ենթադրել կուտան: Հասարակ ծագում ունեցող մեկը հազիվ թե կարենար այդքան մեծ ասպարեզ գտնել բյուզանդական արքունիքի մեջ և մինչև իսկ կայսեր հայրագիր լինելուն չափ բարձ և պատիվ գտներ: Իր բնիկ տայեցի լինելը մեծ հավանականությունը կընծայե Մամիկոնյան տոհմին պատկանելուն:

Բայց, ինչ որ ալ լինի անոր տոհմական ծագումը, պետք է խոստովանել, որ Ներսես Հայաստանի մեջ բացառիկ մի խոշոր դեմք եղած է թե քաղաքական և թե եկեղեցական տեսակետով, նման այն հազվագյուտ դեմքերուն, որոնց մի քանի տարվան գործունեության բարերար ազդեցությունը դարեր վայելած է ժողովուրդը: Եթե Հայաստանը Ներսեսի նման մի խոշոր մարդեն մեծ օգուտներ չէ տեսած քաղաքական կամ գեղարվեստական տեսակետով, պատճաոը միմիայն գահակալած օրեն մինչև մահը քաղաքական ամենադժբախտ կացությունն է։ Դարձյալ իր նկարագրի մեծության և հանդուգն ձեռներեցության արդյունքն է Զվարթնոցի նման հրաշակերտ կոթողր, որ այնքան վտանգավոր և քաղաքական սոսկալի պայմաններու մեջ երևան բերավ, ինչպես կըսե Հովհան. կաթողիկոս՝ «ոչ ածեալ զմտաւ զկրթական արշաւանս հինիցն թշնամեաց՝ գեղեցիկ իմն մոլութեամբ դնէ ապա հիմն մեծ և հրաշալի բազմապայծաո յարկի տանն աստուծոյ»։ (Յովհ. կաթ., էջ 83-84)։ Որչափ որ մեծ էր Ներսես Ա. իր բարեգործական մեծ հիմնարկություններով և բարեպաշտական հաստատություններով, նույնքան իրավունք ունի Ներսես Գ. Շինող և մեծ կոչվելու իր գեղարվեստական և շինարարական հսկա գործունեությունով։ Եթե իր նախորդ անվանակիցը կկերակրեր, թշվառները կմխիթարեր, ամեն կողմ նյութական բարեգործություններով աղքատին ու կարոտին ֆիզիկապես կփրկեր, [Ներսես Գ-ի] գործունեությունը կոչված էր ժողովուրդին քաղաքակրթապես բարձր աստիճանի մը դնելու և ազգերու մեջ պատվավոր տեղ մը տալու, թեև դժբախտ հանգամանքներ միշտ արգելք